«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2002-03-12 | #46, 2002-03-13 | #47, 2002-03-14


ՄՈՍԿՎԱՆՙ ԹԲԻԼԻՍԻԻՆ. ԶՈՐՔԵՐՆ ԱՆՀԱՊԱՂ ԴՈ՛ՒՐՍ ԲԵՐԵՔ ԿՈԴՈՐԻ ԿԻՐՃԻՑ

Աբխազիայի Կոդորի կիրճում ստեղծված իրավիճակը Մոսկվայում ընկալվում է «շատ լուրջ», եւ եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, ապա գործը կարող է հասնել «նոր պայթյունի», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալ. Յակովենկոն։ ՌԴ ԱԳՆ-ն Թբիլիսիին կոչ է արել անհապաղ զորքերը դուրս բերել Կոդորից, հույս հայտնելով, որ «Թբիլիսիում պատասխանատվության զգացումը կգերիշխի»։

Վրաստանի հատուկ հանձնարարությունների դեսպան Մալխազ Կակաբաձեն ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը որակել է «երկակի ստանդարտների», «ագրեսիվ անջատականությանն աջակցելու» ցուցանիշ։ Նախարարը մտացածին է որակել ենթադրությունները, թե վրացական կողմը Կոդորի կիրճը ցատկահարթակ է դարձնում Աբխազիայի վրա հարձակվելու համար։ Աբխազական կողմը մի քանի օր շարունակ հայտարարություններ է տարածում, թե Վրաստանը նախապատրաստվում է Աբխազիայի դեմ լայնածավալ պատերազմի։

Մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն չի բացառում, որ ռուսական կողմը, առանց Թբիլիսիի հետ համաձայնության, հատուկ գործողություններ սկսի Վրաստանի մեկ այլ կիրճումՙ Պանկիսում, ինչպես ժամանակին արեց Կոսովոյում։

2001 թ. հոկտեմբերյան դեպքերից հետո, երբ Թբիլիսիի իշխանությունների աջակցությամբ ահաբեկիչ Ռ. Գելաեւի ավազակախումբը Պանկիսից անցավ Կոդոր եւ ջախջախվեց ռուս-աբխազական ուժերի կողմից, Վրաստանը Կոդոր մտցրեց 350 զինվորականՙ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու պատրվակով։ Կոդորը Աբխազիայի միակ շրջանն է, որը Թբիլիսիի վերահսկողության տակ է։

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4