Մի քանի ամիս առաջ Վանաձորում հիմնված ՀՌԱԿ առաջին ակումբն իր շուրջն անընդհատ նոր համակիրներ է հավաքում եւ պատահական չէ, որ այսօր Վանաձորում կա մի քանի տասնյակ ակումբՙ մի քանի հարյուր անդամներով։ Հատկանշական է, որ նորագիր ռամկավարների գերակշիռ մասը քաղաքի երիտասարդ մտավորականներն են։
Երիտասարդները մեր երկրի ապագան են, եւ նրանց մասնակցությունը ներքաղաքական կյանքին, հայրենիքի կերտման գործին պետք է ակտիվ լինի։ Այս ոգին էր թեւածում երեկ ՀՌԱԿ վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանի եւ Գագիկ Վարդանյանի վանաձորցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Երիտասարդները կարծիք էին հայտնում, որ եթե ոչ իրենք, ապա ո՞վ պետք է մտահոգվի հայրենիքի ապագայով։ Յուրաքանչյուրն իր հերթին աշխատանք ունի կատարելու, նշում էին նրանք եւ հավաստում, որ համախմբվելով միայն կարելի է երկրի առաջ ծառացած խնդիրները հաղթահարել։ Երեկ ռամկավար դարձած երիտասարդները ՀՌԱԿ-ի մեջ են ցանկանում համախմբվել. նրանցն է այս կուսակցության գաղափարախոսությունը եւ երկիրը ազատական զարգացման ճանապարհով տանելու համոզմունքը։
Վանաձորի քաղաքային գրադարանը երեկ լեփ-լեցուն էր։ Այստեղ հավաքվել էին Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ուսանողները։ Այս բուհի 126 ուսանողներ երեկ անցան երդմնառության արարողությունը եւ ուխտեցին ՀՌԱԿ շարքերում ծառայել հայրենիքին եւ ժողովրդին։ Ընտրվեցին նաեւ նորաստեղծ 7 ակումբների ատենապետները։ ՀՌԱԿ վարչության անդամներին ուղղված հարցերը վերաբերում էին ե՛ւ կուսակցության պատմությանը, ե՛ւ ներկայիս գործելակերպին։
«Որո՞նք են ՀՌԱԿ առաջիկա նպատակները», Գառնիկ Հովակիմյանին հարցրեց ուսանողներից մեկը։ Վստահաբար այն, ինչ ամբողջ պատմության ընթացքում է եղել. կուսակցությունը ստեղծվում է հայրենիքին ծառայելու համար։ Ե՛վ ՌԱԿ-ը, ե՛ւ ՀՌԱԿ-ը հավատարիմ են այս գաղափարին։
Եվս մեկ ակումբի բացում, դարձյալ ամբողջությամբ երիտասարդներից բաղկացած, տեղի ունեցավ ՀՌԱԿ Վանաձորի կենտրոնական գրասենյակում։ Այս ակումբի մաս կազմեց 14 մարդ։ Այն անվանվեց «Ցալկուտ», ատենապետ դարձավ Սմբատ Փաշինյանը։
Նույն օրը ՀՌԱԿ վարչականներն այցելեցին նաեւ Վանաձորի թիվ 29 դպրոցՙ արդեն ռամկավար դարձած 25 ուսուցիչներին անդամատոմսերը հանձնելու։
Մ. Հ.