ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավար, Հանրային հեռուստատեսության նախկին լրագրող Ռուզան Խաչատրյանի նկարահանած տեսաժապավենը ենթադրելու տեղիք է տալիս, թե հինգ ահաբեկիչներից բացի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքում եղել են նաեւ ուրիշներ։ Այսպիսի հետեւություն արեցին հոկտեմբերի 27-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասնակիցները, մարտի 14¬ին դիտելով տեսաերիզում պատկերված ԱԺ-ի բուժ կետի նախկին բուժքույր, այժմ ԱՄՆ-ում գտնվող Ռոզա Հովհաննիսյանի վկայությունները։
Բանն այն է, որ, ըստ Ռ.Հովհաննիսյանի, երբ նա եւ բուժկետի մեկ այլ բժշկուհի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում կատարված ոճրագործությունից քիչ անց պատգամավորներին բուժօգնություն ցույց տալու համար ջուր վերցնելու նպատակով մտել են նախագահությանը կից հանգստի սենյակ, այդտեղից դեպի 3-րդ հարկ տանող աստիճաններին լսվել են ոտնաձայներ, ինքնաձիգի լիցքավորմանը հատուկ շրխկոց եւ ինչ¬որ մեկը վերեւից հարցրել է, թե ովքեր է՞ք։ Բուժքրոջը ուղեկցում էր մեկ ահաբեկիչ, իսկ մյուս չորս ահաբեկիչները այդ պահին գտնվում էին դահլիճում։
Տեսաերիզը դիտելուց հետո հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանը (ՀԺԿ) նշեց, որ գուցե հինգ ահաբեկիչներից բացի խորհրդարանի տարածքում այլոց գտնվելու հանգամանքով կարող է բացատրվել նաեւ ԱԺ դահլիճին կից կարմիր ճեմասրահում պատգամավոր Արմենակ Արմենակյանի բավականին հանելուկային սպանությունը։
Ըստ նրա, ամենայն հավանականությամբ մարտի 18-ին հրավիրվելիք նիստում հանձնաժողովը կքննարկի տեսաերիզը դատաքննական մարմնին ներկայացնելու հարցը։ Հետաքրքրական է, որ բուժքրոջ նախաքննական ցուցմունքներում բացակայում են տեսաերիզում իր կողմից ներկայացված փաստերը։