«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2002-03-13 | #47, 2002-03-14 | #48, 2002-03-15


ՈՎՔԵՐ ԵՎ ՈՐՔԱՆ ԵՆ ՄԵԶ ՕԳՆԵԼ 2001 Թ.-ԻՆ

Անցյալ տարի Հայաստան մարդասիրական օգնություն է ուղարկվել 36 պետություններիցՙ 25 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Այս մասին երեկ հայտնեց ՀՀ կառավարության մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։ Վերջինս կառավարությանն է ներկայացրել հանձնաժողովի 2001 թ.-ի գործունեության հաշվետվությունը։ Համաձայն հաշվետվության մեջ նշված տեղեկության, մարդասիրական օգնության գերակշիռ մասըՙ 57 տոկոսն ուղարկվել է ԱՄՆ-ից, 13 տոկոսըՙ Իտալիայից, 8 տոկոսըՙ Սիրիայից, 4 տոկոսըՙ Ռուսաստանից եւ այլն։ Մարդասիրական ծրագրեր են իրականացրել 145 կազմակերպություններ, որոնցից խոշորագույններն են Հայկական միացյալ հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, «Հայաստան» հիմնադրամի, ՀՕՖ-ի ծրագրերը։ Օրինակՙ Հայկական միացյալ հիմնադրամն անցյալ տարի ԱՄՆ-ից Հայաստան 5 չվերթ է կազմակերպել, բերելով 15 մլն դոլարի բեռներ։ Իսկ ընդհանրապես ստացվող օգնության 33 տոկոսը սննդամթերք է, 28 տոկոսն առողջապահության բնագավառին անհրաժեշտ ապրանքներ։

Ինչպես նշեց Վլադիմիր Մովսիսյանը, այժմ խնդիր է դրված մի շարք կազմակերպությունների հետ անցնել երկարաժամկետ համագործակցության զարգացման ծրագրերի։ Արդեն տարբեր գերատեսչություններից, մարզերից ստացվել են 315 զարգացման ծրագրերի նախագծեր, որոնցից 204-ը մշակվել եւ ներկայացված է ինտերնետում։ Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ մարդասիրական օգնությունը հարկային արտոնություններից ազատելու որոշմանը, որը, ըստ նրա, սկզբնական շրջանում որոշակի շփոթություն ստեղծեց։ Սակայն ժամանակի ընթացքում բարեգործական ծրագրեր իրականացնողներն զգացին, որ «խոսքն ընդամենը կարգի, այլ ոչ թե սկզբունքի փոփոխության մասին է»։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4