«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության 10-ամյակի եւ ինտերնետային էջի բացման կապակցությամբ հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը երեկ հրավիրել էր մամլո ասուլիս։ Նա նշեց, որ տոնական հանդիսությունները կանցկացվեն մայիսի 21¬26-ը, այդ ընթացքում կլինեն այցելություններ Արցախ եւ աղետի գոտի։ Իսկ Երեւանում տոնական միջոցառումներ կանցկացվեն մայիսի 25¬26-ը։ Հիմնադրամի տնօրենն իր ուրախությունը հայտնեց ինտերնետային էջի բացման առթիվ, որը կնպաստի այսուհետ ծավալելու առավել ակտիվ ու կենսունակ քարոզչական աշխատանքՙ փոխարինելով տեղեկագրին։ Ինտերնետային էջին ծանոթացրեց հիմնադրամի մամլո քարտուղար Տիգրան Պասկեւիչյանը, ոգեւորությամբ հայտնելով, որ այսուհետ հիմնադրամի գործունեության մասին կարելի է տեղեկանալ www.himnadram.org էջում, որը տեղեկություններ է հաղորդում հիմնադրամի ստեղծման պատմության, ծրագրերի, նվիրատուների, ֆոնդերի մասին։ «Ոսկե մատյան» ենթաէջում ընդգրկված են բոլոր նվիրատուների անունները։
Հիմնադրամի տնօրենի հավաստմամբ, մինչ օրս իրականացվել է 173 ծրագիր, դրամական մուտքըՙ 75 մլն դոլար է։ Նվիրատուների թիվը գրեթե նույնն է մնացել։ Մեծացել է Հայաստանի նվիրատուների գումարըՙ ընդհանուր հաշվով 8 մլն դոլար։ Նա հույս հայտնեց, որ ինտերնետային էջը կբերի նոր նվիրատուներ, քանզի աշխարհի շատ երկրների հետ ունեցած կապի դժվարությունների պատճառով հիմնադրամը զրկվում էր ներդրումներից։
Ռ. Պ.