«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2002-03-13 | #47, 2002-03-14 | #48, 2002-03-15


«ԱՇԽԱՐՀՆ ԱՐԱԳՈՐԵՆ ՓՈԽՎՈՒՄ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՅՈՒՂ Է ՄՆՈՒՄ»

ՄԱԱ-ում նկատեց Վազգեն Մանուկյանըՙ փոփոխություններ ակնկալելով 2003 թ. ընտրություններում

Մամուլի ազգային ակումբը «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում շարունակում է հանդիպումների շարքը ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ։ Եվ քանի որ ԱԺՄ-ի դեպքում իրավիճակը մի փոքր բարդ էրՙ ՄԱԱ-ն գտավ, որ կուսակցության նախագահն է, փաստորեն, համանուն խմբակցության ղեկավարը, եւ ընտրությունը կանգ առավ ԱԺՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանի թեկնածության վրա, որի հետ էլ մարտի 14-ին կայացավ լրագրողների հանդիպումը։ Առաջարկվող թեմաները սահմանադրական փոփոխություններն էին, քաղաքական քարտեզի հնարավոր վերաձեւումները։

Սահմանադրական փոփոխությունների հարցին ի պատասխան ԱԺՄ նախագահը նկատեց, որ այն «ածանցյալ է ընդհանուր այլ հարցերից», որոնց մասին Մանուկյանի գնահատականն այսպիսին էր. «Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, իսկ մենք հետ ենք մնում»։ Ասվածը վերաբերում է ոչ միայն սեպտեմբերի 11-ից հետո փոփոխվող աշխարհին։ Ըստ ՄԱԱ-ի հյուրիՙ «այս երկրագնդից բացի կա նաեւ մեկ այլ երեւակայական երկագունդ, որտեղ ոչ թե երկրներն են իրենց սահմաններով, այլ ասպարեզները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նոր ֆինանսատնտեսական համակարգը։ Մենք այդ երկրորդ երկրագնդի վրա տեղ չունենք. բոլոր այն երկրները, որոնք այդ երկրագնդի վրա տեղ չեն ունենա, դառնալու են գյուղ։ Եվ մենք իսկապես մնում ենք գյուղ, որտեղ վիճում են, ինչպես «Մենք ենք, մեր սարեր»-ում Պավլեն բռնեց ոչխարը, Ռեւազը մորթեց, այս վեճերից այն կողմ չենք անցնում։ Բայց եթե անգամ մենք որոշել ենք գյուղ մնալ, այդ գյուղում պետք է կարգուկանոն լինի, մեր գյուղում կարգուկանոն չկա, այս գյուղի մարդիկ վախենում են իրենց ապագայի համար։ Մի քանի զոռբա, որոնք համաշխարհային մակարդակով մժեղներ են, իրենց ձեռքն են վերցերել ամեն ինչՙ ճնշելով մյուսներին։ Սա ապագա չունի», ընդգծեց ՄԱԱ-ի հյուրը։ Վերջինս խիստ անհանգստացած է Անվտանգության խորհրդի չգոյությամբ. «Հայաստանը միշտ կառավարել են կամ 3.5 հոգի, կամ 1,5 հոգի։ Այդպիսի երկիրն ապագա ունենալ չի կարող»։

Ըստ այդմ նա ընդգծեց, որ «առջեւում կարեւոր ժամանակաշրջան էՙ 2003 թ., եթե դրանից հետո պահպանվեն այս նույն կառույցները, մարդիկ եւ թիմերը, ապա Հայաստանը դատապարտված է»։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, թե ի՞նչ փոփոխություններ կլինեն Հայաստանում։ Ըստ այդմՙ ԱԺՄ-ն գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը ավելի արդյունավետ կգործի Հայաստանում։ «Սահմանադրությունը մեքենա է, որով առաջ է գնում երկիրը։ Խնդիրն այն է, թե «Զապորոժեցի» փոխարեն կունենա՞նք «Մերսեդես» եւ թե ո՞վ եւ ո՞ւր է վարելու մեքենան»։ ԱԺՄ-ն կարեւորում է թիմային կառավարումը եւ կարող է նպաստել այդ թիմի ստեղծմանը։ ԱԺՄ-ն վեցյակից մեկն է, բայց հանդես է եկել հատուկ կարծիքով, որը վերաբերում է հարցման մասին օրենքի ընդունմանը։ Ըստ Մանուկյանի, «Սահմանադրությունը տղայական խաղ չէ, որ իշխանությունները հայտարարեն, թե մեր ձեռքում է իշխանությունը, պետք է թելադրենք սահմանադրություն, իսկ դիմացիններն էլ հակառակ տղայությանը դիմեն»։ Սահմանադրությունը պետք է ընդունվի համաձայնության պայմաններում։ ԱԺՄ-ն գտնում է, որ իշխանությունների կողմից առաջարկվող տարբերակը հանրաքվեի դրվելիս «արդյունքներն անպայման կկեղծվեն, եւ կեղծիքով ընդունված սահմանադրությանը կավելանան կեղծիքով արված փոփոխություններ»։ Նախագահական տարբերակի ընդունման դեպքում նշանակում է «նստել թախտին, սպասել բախտին, թե մի օր մի լավ նախագահ կլինի եւ երկրի վիճակը կլավանա», գտնում է Մանուկյանը, ավելացնելովՙ «Ժամանակն է, որ ժողովուրդն իր ձեռքը վերցնի իշխանությունը»։ Ինչ վերաբերում է հակակշիռներին, ապա ըստ ՄԱԱ-ի հյուրի, դրանք Հայաստանի պայմաններում մեծ մասամբ չեն աշխատում, քանի որ այսպես թե այնպես խորհրդարանը դառնում է գործիք գործադիր իշխանությանՙ հիմնականում նախագահի ձեռքում։

Ի՞նչ հավանական կամ անհավանական դաշինքներ եք տեսնում առաջիկա քաղաքական տարվա ընթացքում։ Ի պատասխան մեր այս հարցի Մանուկյանը նկատեց. «Հավանականները միշտ երեւում են, բայց խնդիրները լուծվում են անհավանականների միջոցով»։ Իսկ ընդհանրապես դաշինքների ձեւավորման շուրջ հատուկ բանակցություններ չեն տարվում ԱԺՄ-ի կողմից։ Միաժամանակ ԱԺՄ-ն քաղաքական դաշտը պատկերացնում է դաշինքներով։ Ըստ կուսակցության նախագահիՙ ճիշտ կլիներ, որ ձեւավորվեին 2¬3 մեծ ուժեր եւ պայքարը չփոշիանար, հակառակ դեպքում մինչեւ 20 թեկնածու կլինի։ 2003 թ. ԱԺՄ-ի եւ ՀՀՇ-ի դաշինք հնարավոր չի համարում։

2003-ին իր թեկնածության առաջադրման վերաբերյալ հարցին Մանուկյանը հարցով պատասխանեց. «Քաղաքական ասպարեզում այդ ո՞ր թեկնածուին ես պիտի պաշտապանեմ որպես հանրապետության նախագահի, որպեսզի ազնվորեն իրականանան 88-ին որդեգրված Շարժման սկզբունքներն ու գաղափարները»։ Կհաջողվի՞ Մանուկյանին այնքան մարդու տանել իր հետեւից, ինչպես եղավ 96-ին. ի պատասխան վերջինս նկատեց. «Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, ապա հազիվ 10¬15 մարդ գտնվի»։

«ԶԼ մասին» օրենքի նախագիծը պատահականորեն չի առաջացել

Բնականաբար, մեզ հետաքրքրում էր Վազգեն Մանուկյանի կարծիքը «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նա նշեց. «Անկեղծ ասած, մամուլի միջոցներից բոլորս ինչ-որ չափով դժգոհ ենք, բայց դժգոհությունը անձնական է։ Նախագիծը մերժվեց բոլորի կողմից, քանի որ հիմքում ընկած են սահմանափակումներ։ Իշխանությունները միշտ պետք է իրենց հեռու պահեն մամուլի գործունեությանը միջամտելու գայթակղությունից։ Դա շատ վնասակար օրենք է եւ մեզ հետ է շպրտելու»։ Նա միաժամանակ նկատեց, որ «այսպիսի օրենքները պատահական չեն առաջանում». այսօր մերժվեց, հետ կգնա, 1¬2 կետեր կփոխեն, կբերեն, նորից կմերժվի, եւ մի պահ, երբ բոլորի զգոնությունը թուլացած կլինի, նախագիծը կմտնի խորհրդարան եւ կընդունվի։

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4