«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#46, 2002-03-13 | #47, 2002-03-14 | #48, 2002-03-15


ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿՆ ՈՒ ԴՐԱ ԳՐԱԿԱՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԸ

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերությունում տեղի ունեցավ ճանաչված կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանի «Գնացքներ եւ կայարաններ» գրքի շնորհանդեսը։

Գիրք, որի ստեղծման նախապատմությունն ուշագրավ է եւ հիշատակման արժանի։

2000 թ. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստացավ Գերմանիայի Բունդեսթագի նախարար Վոլֆգանգ Թիրզեի նամակը, որով տեղեկացվում էր «Գրական ճեպընթաց 2000» նախագծի մասին։ Նպատակըՙ եվրոպական բոլոր երկրների գրողների յոթշաբաթյա համատեղ ճանապարհորդությունն է պատմական հյուսիս-հարավային ճեպընթացի երթուղով. Լիսաբոն, Մադրիդ, Փարիզ, Բրյուսել, Հանովեր, Մալբորք, Կալինինգրադ, Վիլնյուս, Ռիգա, Տալին, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Մինսկ, Վարշավա, Բեռլին։ Գաղափար, որը գործնականորեն կարող է ծառայել եվրոպական համագործակցության խթանմանը, մշակութային ինտեգրացիային, փոխճանաչմանը։ Նման խնդիրների ծիրում նաեւ երեւան հանել տվյալ երկրի գրականության, անհատ գրողի ստեղծագործության, XXI դարում համաշխարհային գրականության հեռանկարների եւ այլ կարեւոր հարցեր։ Այս ամենին մեծապես նպաստելու էին նախագծի ծրագրով նախատեսված Եվրոպայի մայրաքաղաքներում անցկացվելիք գրական-գեղարվեստական խոշոր միջոցառումները, թեմատիկ կոնֆերանսները, ընթերցողների հետ հանդիպումները։ Ճանապարհորդությունն ամփոփող տպավորություններն ու եզրահանգումները նախատեսում էին հրատարակել «Եվրոպայի մասին» խորագիրը կրող ստվար հատորով։ «Գրական ճեպընթաց 2000» նախագծի հովանավորներ են UNESCO-ն, մշակույթի հարցերով եվրոպական հանձնաժողովը, Եվրոպայի խորհուրդը եւ երկաթուղայինների միջազգային միությունը, իսկ համակարգողըՙ Բեռլինի «Literatur Werkstatt» ընկերությունը։

Պրն Վ. Օսկանյանին ուղղված վերոհիշյալ նամակում նշվում էր, որ «Գրական ճեպընթաց 2000»-ի կազմակերպիչները ցանկանում են տեսնել այդ ծրագրում նաեւ Հայաստանի ներկայությունը։

Հայաստանում «Գրական ճեպընթաց 2000» նախագծի գործընկերը դարձավ Արտասահմանյան երկրների հետ համագործակցության եւ մշակութային կապերի ընկերություննՙ ի դեմս փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի։ Ընտրությունը պայմանավորված էր 1999-ին Փարիզում «Գրական ճեպընթաց 2000» նախագծի հաստատման գործընթացում Հայաստանի հիշյալ ընկերության ակտիվ մասնակցությամբ։

Վերջինս ապահովվեց գրողներ Դավիթ Մուրադյանի եւ Լեւոն Խեչոյանի ներկայությամբ, որոնց տպավորությունները համաեվրոպական մշակութային ուղեւորությունից տպագրվել են Բեռլինում լույս տեսած «Եվրոպական ուղեգրքում» եւ Մոսկվայումՙ «Եվրոպայի գրական չվացուցակ» ժողովածուում։ Դավիթ Մուրադյանի «Գնացքներ եւ կայարաններ» նոթագրությունը նույնպես «Գրական ճեպընթաց 2000»-ի արգասիք է։

Վերոհիշյալ շնորհանդեսին արժանվույն դրվատանքի խոսքով հանդես եկան գրական անդաստանի անվանի դեմքեր. Սիլվա Կապուտիկյանը, Նորայր Ադալյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, գրահրատարակչության վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանը... Ելույթ ունեցողների թվում էին նաեւ ՀԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը։ Ասմունքող Աննա Միքայելյանի ընթերցմամբ հնչեցին դրվագներ գրքի ռուսերեն տարբերակից («Tdhjgf yf rjktcf[»)ՙ Վերա Ասլանյանի հիանալի թարգմանությամբ։

Առաջիկայում «Ազգը» մեր վերլուծությամբ կանդրադառնա Դավիթ Մուրադյանի «Գնացքներ եւ կայարաններ» ժողովածուին։

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4