ԱԽԱԼՔԱԼԱՔ, 18 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - Ա-ԻՆՖՈ։ «Թուրք ժողովուրդն ունի այն տղամարդկությունը, որ ընդունի գործած ողբերգական սխալը», ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն։ Համաձայն Ա-ԻՆՖՈ գործակալության, տիկին Բուրջանաձեն այսպես է պատասխանել Հայոց ցեղասպանությանՙ Վրաստանի խորհրդարանի կողմից հնարավոր ճանաչմանը վերաբերող հարցին, որը նրան տրվել է Ախալքալաքի բնակչության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Նինո Բուրջանաձեն ասել է, որ Ջավախքի հիմնախնդիրները հիմնականում չեն տարբերվում Վրաստանում ստեղծված կացությունից։ «Ես առանձնապես կուզեի նշել ճանապարհների խնդիրը եւ շեշտել, որ բոլոր ճանապարհները պետք է նորոգվեն։ Ես չեմ ասում, թե 6 ամիս կամ մեկ տարի հետո, երբ գամ այստեղ, բոլոր ճանապարհները սարքված կլինեն։ Սակայն կամաց-կամաց պետք է սկսենք աշխատանքներ տանել, եւ սա լուրջ ընթացք է ստանալու», ասել է Բուրջանաձեն։
Նա վստահեցրել է, որ Վրաստանում ոչ ոք չի պատրաստվում ամերիկյան զորքեր ընդունել, սակայն վրաց-ամերիկյան ռազմական համագործակցություն անպայման լինելու է։
Նա նաեւ հայտարարել է, որ թուրք-մեսխեթցիները ոչ մի դեպքում հավաք չեն տեղավորվի Վրաստանի որեւէ վայրում։
Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման շուրջ արտահայտվելիս տիկին Բուրջանաձեն շեշտել է, որ դրանց դուրսբերման դեպքում Վրաստանը կպաշտպանի Վրաստանի հայ բնակչության անվտանգությունը. «Վրաստանը պետություն է եւ պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունն անկախ ազգությունից», նշել է տիկին Բուրջանաձեն։