ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը փետրվարի 12-ին Բաքվում հայտարարեց, որ Բաքվի իշխանություններն այս փուլում դեմ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունների ֆորմատի փոփոխությանը։ Ըստ Մամեդովի, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի առաջ քաշած գաղափարըՙ նախագահներ Ալիեւի ու Քոչարյանի բանակցություններն իջեցնել ցածր մակարդակի, նորություն չէ։ «Հակամարտության մեջ գտնվող պետությունների նախագահները երկկողմ բանակցություններ են վարում արդեն երկար տարիներ, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների քննարկումը փորձագետների խմբերի, նույնիսկՙ արտգործնախարարների մակարդակով, այժմ հիմնավորված չի լինի։ Նմանօրինակ երկկողմ շփումները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ Հեյդար Ալիեւն ու Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման հարցում գան ինչ-որ սկզբունքային համաձայնության», ասել էր Մամեդովը։
Հիմք ընդունելով Նովրուզ Մամեդովի այս հայտարարությունը, կարող ենք ենթադրել, որ Ալիեւն ու Քոչարյանը ղարաբաղյան կարգավորման հարցում եկել են ինչ-որ սկզբունքային համաձայնության, ինչը, սակայն, Բաքուն հիստերիկ կերպով հերքում է։ Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Վ. Գուլիեւը բազմիցս հերքել է «փարիզյան սկզբունքների» գոյությունըՙ դրանք համարելով Երեւանի երեւակայության արդյունք։
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները մարտի 8¬11-ն այցելեցին Բաքու, Երեւան, Ստեփանակերտ, հակամարտող կողմերին ներկայացրին «նոր» գաղափար. բանակցային գործընթացի մեջ կողմերիՙ ավելի ցածր մակարդակով ներգրավելու առաջարկություն։ Մոտիվացիան հետեւյալն էր. միշտ չէ, որ նախագահներ Ալիեւն ու Քոչարյանն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ի վիճակի են հանդիպելու։ Այդ ֆորմատը հայտնի է 1990-ական թթ. կեսերից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հեյդար Ալիեւի խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանն ու Վաֆա Գուլուզադեն վարում էին խաղաղ կարգավորման բանակցությունները։
Մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունը տարածեց հաղորդագրություն, որում ասվում է. «Հայաստանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկնՙ ի լրումն նախագահների միջեւ ընթացող բանակցությունների, գումարելու նաեւ նրանց անձնական ներկայացուցիչների մակարդակով հանդիպումներ, եւ կարծում է, որ դա կօժանդակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացին։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել համանախագահների տարածաշրջան կատարած այցի ընթացքում եւ արժանացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հավանությանը։ Հայաստանի նախագահի կողմից բանակցությունները կվարի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը»։
Թաթուլ Մարգարյանը 37 տարեկան է, 1994¬96 թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, ունի «Արտակարգ եւ լիազոր դեսպան» դիվանագիտական աստիճան, 2000 թ. հունվարից ՀՀ արտգործնախարարի տեղակալն է։ Ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը, ԱՄՆ Գ. Հոպկինսի համալսարանը, մասնագիտությունըՙ տնտեսագետ, գիտական կոչումըՙ տնտեսագիտության թեկնածու, միջազգային հարաբերությունների մագիստրոս։
Ադրբեջանի նախագահի կողմից ԼՂ բանակցությունները կվարի Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը։
Թե ինչ խթան կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների ներգրավումը ԼՂ բանակցային գործընթացում, ցույց կտա ժամանակը։ Ավելորդ չէ նշել, որ նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի շուրջ երկու տասնյակ հանդիպումները նկատելի առաջընթաց չարձանագրեցին։ Նախագահների մակարդակով բանակցությունների շարունակումը կոնկրետ արդյունքների բացակայության պայմաններում, ըստ երեւույթին, կարժեզրկեր խաղաղության գործընթացը։ Ի դեպ, ե՛ւ Արազ Ազիմովը, ե՛ւ Թաթուլ Մարգարյանը լրջորեն չեն զբաղվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով։ Մեր կարծիքով, սա այնքան կարեւոր չէ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս փուլում առավել շահագրգռված է Ղարաբաղի հարց լուծողի պատրանք ստեղծելով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն օրերս հավաքվել են Վիեննայում եւ տարածել հայտարարություն, որում ասվում է, թե «նոր մակարդակով բանակցությունները չեն փոխարինելու երկու նախագահների ուղղակի բանակցություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը»։