Ահա ինչեր է անում սահմանադրական գործընթացը
Սահմանադրական քննարկումների առաջին փուլը գործնականում կարելի է ավարտված համարել, թեեւ ամենահիմնական քննարկումների շրջանը դեռ առջեւում է։ Խորհրդարանը երեկ ավարտեց 6 կուսակցությունների ներկայացրած խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող «ՀՀ սահմանադրություն» օրենքի նախագծի քննարկումները։ Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, նախագծի քվեարկությունը կայանալու է նախագահի ներկայացրած փոփոխությունների նախագծին զուգահեռ, ինչը նշանակում է, որ տեղի կունենա երեկ սկսված այդ նախագծի քննարկումներից հետո։ Այդ ժամանակ կորոշվիՙ խորհրդարանը 6 կուսակցությունների ներկայացրած նախագիծը կընդունի՞ որպես սահմանադրությամբ սահմանված հանրաքվեի նախաձեռնություն, թե՞ ոչ։ Ուժերի հարաբերակցությունը վկայում է, որ նման խնդիր խորհրդարանն իր առջեւ չի դնելու։ Ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, խորհրդարանի երկու երրորդը կողմ է միայն նախագահի ներկայացրած տարբերակը հանրաքվեի դնելուն։ 6 խմբակցություններից միայն երկուսըՙ Կոմկուսը եւ ԱԺՄ-ն, ու երեք խմբերից միայն մեկըՙ «Հայաստանն» են կողմ երկու նախագծերը հանրաքվեի դնելուն։ Սակայն ըստ էության այս ուժերից միայն ԱԺՄ-ն կամ նրա կտորտանքներն են կարողանում որոշակի քարոզչություն տանել իրենց նախագծի օգտին, իսկ մյուսների գործունեությունը նույնիսկ վնասում է վեցյակի ընդհանուր նպատակին։
Մասնավորապես, խմբակցությունների պաշտոնական դիրքորոշումները հայտնելիս Կոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Մանուկյանը, որը որեւէ կապ մինչ այդ սահմանադրական գործընթացի հետ չուներՙ փորձելով հնարավորինս համոզիչ ելույթ ունենալ, հանկարծ սկսեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը վերլուծել եւ առկա իրավիճակը պայմանավորել... կիսանախագահական համակարգով։ Թե ինչ կապ կար իրար հետ գրեթե առնչություն չունեցող այս երեւույթների միջեւ, թերեւս միայն ընկեր Մանուկյանը գիտեր։ Իսկ վերլուծությունը նույնքան «խորհրդային» ստացվեց, որքան մակերեսայինՙ կառավարման համակարգի պաշտպանության հիմնավորումները։
Սակայն «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի դիրքորոշումների կողքին Մանուկյանի «համոզիչ» կերպարն աննկատելի էր։ Մյասնիկյանը ոչ միայն համոզված է, որ գործող սահմանադրությունից լավը գոյություն չունի, այլեւ որ որեւէ սահմանադրության համար պետք է որեւէ քաղաքական ուժ... պատասխանատվություն կրի։ Հիմնավորումը պարզապես սպանիչ էր. չէ՞ որ ՀՀՇ-ն 1995-ին ընդունված սահմանադրության համար պատասխանատվություն էր ստանձնել եւ... այժմ այն կրում է։ Երկու գումարման ԱԺ այս պատգամավորը թերեւս մոռացել էր, որ ցանկացած սահմանադրություն հանրաքվեով ընդունվում է, եւ դրա համար պատասխանատուն միայն ժողովուրդը կարող է լինել։ Որքան էլ զարմանալի էր, պարզվում է, քաղաքական ուժերի կողմից սահմանադրության համար պատասխանատվության այս «նոր փիլիսոփայությունը» դպրոց է ձեւավորում։
«Միասնություն» համախմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, փորձելով հիմնավորել խորհրդարանական համակարգի հանդեպ իրենց որդեգրած մերժողական դիրքորոշումը, Մ. Մալխասյանի միտքը զարգացնելով հանգեց հիրավի փառահեղ եզրակացության. դե, եթե նախագահի ներկայացրած փոփոխությունների նախագիծն իրենք են պաշտպանում, տրամաբանական չէ՞, որ իրենք էլ ստանձնում են պատասխանատվությունը։
«Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանի ելույթն այս առումով թեեւ ծայրահեղություններից զերծ էր, սակայն քննարկվող բուն նյութի հետ քիչ կապ ուներ։ Ակամա Հովհաննիսյանը հայտնվեց ոչ թե կիսանախագահական, որին խումբը պաշտպանելու է, այլ դասական նախագահական համակարգի ջատագով։ Նա բերեց Ռուսաստանի օրինակը, որտեղ նախագահի դիրքերի հզորացումը բացատրեց տարածքային օղակներում կլանային համակարգը թուլացնելու քաղաքականությամբ։ Քաղաքագետների միության նախագահի գնահատմամբ, պառլամենտական համակարգն իրեն արդարացնում է միայն միապետականից սահուն խորհրդարանականի անցած երկրներում, որտեղ արդեն առկա քաղաքական էլիտան պատրաստ էր ստանձնելու քաղաքական գործընթացների պատասխանատվությունը։
Ինչեւէ, այս քննարկումների ողջ ընթացքում թերեւս միակ ձեռքբերումը քաղաքական ուժերի համար այն մոտեցման հստակեցումն էր, որ կառավարման համակարգերով որեւէ ձախորդություն պայմանավորել չի կարելի, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ երեք համակարգերն էլ իրենց արդարացնում են։ Ըստ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանի, դժբախտություններն այդ համակարգերի աղավաղման եւ կամայական կիրառման հետեւանք են միայն։ Այս առումով Դաշնակցության համար եւս ընդունելի է սահուն անցումը խորհրդարանական կառավարման, իսկ սահմանադրական գործընթացը չտապալելու տեսակետից հանրաքվեի պետք է դրվի միայն մեկՙ նախագահի ներկայացրած նախագիծը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ