«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2002-03-16 | #50, 2002-03-19 | #51, 2002-03-20


«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ» ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Այդ մասին է վկայում Միչիգանի համալսարանում հրավիրված գիտաժողովը

Մարտի 14-ին «Ազգը», հիմք ընդունելով թուրք լրագրող Ջենգիզ Չանդարի վկայությունը, տեղեկացրել է, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը» պատրաստվում է վերսկսել իր աշխատանքները թարմացած կազմով։ Չանդարն այն լրագրողներից է, որ հունվարի կեսերին ժամանել էին Երեւան եւ մասնակցել Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ «Արմենիա» հյուրանոցում կազմակերպված կլոր սեղանին։ Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու պատրաստակամության մասին Չանդարն ու նրա երեք գործընկերները դեռ հունվարին Երեւանում էին ակնարկել։

Այլ կերպ ասած, այդ հանձնաժողովը չէր ցրվել։ Ուստի դրա աշխատանքների վերականգնումն անակնկալ լինել չի կարող։ Հարկ է, սակայն, նշել, որ «Ազգը» նույն օրվա համարում տեղեկացրել էր նաեւ Մ. Նահանգներում հայ եւ թուրք գիտնականների մասնակցությամբ տեղի ունեցած գիտաժողովի մասինՙ առանց պարզաբանելու, թե ովքե՞ր են մասնակիցները, ո՞ր հաստատությունն է կազմակերպել դա եւ ի՞նչ գիտաժողով է։ Սրանք կարեւոր հարցեր են, որովհետեւ այդպիսի գիտաժողովներին, որպես կանոն, հետեւում են կոնկրետ քայլեր, իսկ դրանց հետեւանքները եթե ոչ Հայաստանի, ապա գոնե հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա անպայման անդրադառնում են։

Հիշեցման կարգով նշենք, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» կազմակերպմանը նախորդել էին ԱՄՆ-ում հրավիրված գիտաժողովները։ Ուրեմն, վերջին գիտաժողովն էլ հանձնաժողովի վերականգնմանն է նախորդում։ Դա մարտի 7¬10-ին կազմակերպել է Միչիգանի համալսարանը։ Գիտաժողովի մասին մարտի 8-ի համարում տեղեկացրել է «Ակօսը», համարելով գիտաժողովը պատմական։ Կ. Պոլսում հրատարակվող այդ թերթն ընդգծել է դրա հրավիրման ժամանակացույցի կարեւորությունը։

Ի դեպ, գիտաժողովը հրավիրվել է այն ժամանակ, երբ Եվրախորհրդարանի փետրվարի 28-ին ընդունած «Հարավկովկասյան զեկուցագրի», առավել եւս դրա «Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի հետ հաշտվելու» Թուրքիային հասցեագրված կոչի արձագանքները հակազդեցության դրսեւորումներով շարունակ ծավալվում էին թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում։ Միաժամանակ գիտաժողովը «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» աշխատանքների դադարումից հետո կազմակերպված թերեւս առաջին միջոցառումն է։

Գիտաժողովին մասնակցել են ամերիկացի, հայ եւ թուրք պատմաբաններ։ Եռօրյա նիստերում ընթերցվել է 22 զեկուցում, որոնց զգալի մասն առնչվում է Հայոց ցեղասպանությանը եւ հայկական հարցին։ Հատկանշական է, որ գիտաժողովի հայ մասնակիցները, բացառությամբ լոնդոնաբնակ Փանոսյանի, ԱՄՆ-ից են, իսկ թուրք գիտնականներըՙ Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ Գերմանիայից։ Գիտաժողովում հայկական կողմը ներկայացրել են Վահագն Տատրյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Ռոնալդ Սյունին, ինչպես նաեւ Նյու Յորքի Զոհրապյան կենտրոնից Արամ Արքունը, Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանից Սթիվեն Աստուրյանը, Նյու Յորքի համալսարանից Պոլ Պողոսյանը եւ Լոնդոնի տնտեսագիտական բարձրագույն դպրոցից Ռազմիկ Փանոսյանը։

Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա նրա մասնակիցներից պրոֆ. Բասքըն Օրանը, պրոֆ. Հալիլ Բերքթայը, Լեյլա Նեյզին Թուրքիայից են, համապատասխանաբար ներկայացնում են Անկարայի եւ Սաբանջի համալսարանները, Թաներ Աքչամը, Ֆաթմա Մյուգե Գյոչեքը, որոնք Միչիգանի համալսարանի ներկայացուցիչներ են, Եյլի համալսարանի ներկայացուցիչ Սոներ Ջալափթայի հետՙ ԱՄՆ-ից, իսկ պրոֆ. Ֆիքրեթ Ադանըրըՙ Գերմանիայից։ Ընդ որում, Ադանըրը, Աքչամը, Բերքթայը, ինչպես նաեւ Ռ. Հովհաննիսյանը եւ Արքունը 2001 թ. մարտին մասնակցել են Գերմանիայում կազմակերպված հայ-թուրքական երկխոսությանը։

Հատկանշական է, որ գիտաժողովի աշխատանքները լուսաբանելու, դրանց մասին հասարակության լայն շրջանակներին տեղյակ պահելու եւ ընդհանուր գնահատականներ տալու նպատակով Միչիգանի համալսարան է հրավիրվել ընդամենը 2 լրագրողՙ «Թուրք-Հաբեր» գործակալության աշխատակից Ջենգիզ Չանդարը եւ «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Տինքը (երկուսն էլ Թուրքիայից)։ Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ։ Ըստ երեւույթին, գիտաժողովի մասին տեղեկատվությունը վերահսկելու նպատակով։ Ո՞րն է դրա իմաստը։ Թուրք մասնակիցներին խնայելը։ Սա նշանակում է, որ վերջիններս գիտաժողովում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ անկեղծ խոսակցություն են ծավալել, իսկ դա կազմակերպիչներին ստիպել է նիստերն անցկացնել դռնփակ, որպեսզի զեկուցողները Թուրքիայում հակազդեցություն առաջ չբերեն։

Հայոց ցեղասպանության մասին անկեղծ խոսակցությունը հայ-թուրքական հաշտեցման առումով նշանակալից քայլ է։ Սակայն այդ խոսակցությունը թուրք հասարակությունից քողարկելը ամենեւին հաշտեցմանը չի նպաստում։ Այս պայմաններում Միչիգանի համալսարանում կազմակերպված գիտաժողովը դառնում է Հայոց ցեղասպանությունը շահարկելու միջոց, իսկ շահարկման հետ ինքնաբերաբար շահարկվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թե կարգավորմանն ի՞նչ նպաստ կբերի շահարկումըՙ դժվար է ասել։ Բայց որ ամերիկահայ մեր հայրենակիցները գիտաժողովին իրենց մասնակցությամբ դա հայաստանցի գիտնականների բացակայության պայմաններում որպես հայ-թուրքական բնութագրելու հնարավորություն են տալիս կազմակերպիչներին, ակնհայտ է։ Ի վերջո, եթե խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է, ապա նման գիտաժողովներում խոսքի իրավունքը պետք է առաջին հերթին պատկանի հայաստանցի գիտնականներին, այլ ոչ թե նրանց, ովքեր կամա թե ակամա ներկայացնում են ԱՄՆ-ի քաղաքականությունը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4