«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2002-03-16 | #50, 2002-03-19 | #51, 2002-03-20


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԴԱՐՁՅԱԼ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր դարձյալ շվեյցարական խորհրդարանի մեծՙ Ազգային խորհրդի պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մի նոր նախագիծ, հաղորդում է «Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի» լրատվական գործակալությունը։ Նախագծի հեղինակն է ժնեւցի քրիստոնեա-դեմոկրատ Ժան-Կլոդ Վոդրոզը, որին աջակցում են բոլոր գլխավոր եւ համարյա բոլոր երկրորդական կուսակցությունները։ Խորհրդարանի 201 անդամներից 115-ը ստորագրել է նախագիծը, եւ ակնկալվում է, որ քվեարկության կդրվի այս տարվա հունիսին։ Նախագծում, որը չպարտավորեցնող դիմում է կառավարությանը, ասված է. «Ազգային խորհուրդը ճանաչում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը։ Խնդրում է կառավարությանն ուշադրություն դարձնել ընդունման այս փաստին եւ սփռել պաշտոնական դիվանագիտական ուղիներով»։ Նախագծի ներկայացման համար հիմք ծառայել է այն, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,5 միլիոն հայերի սպանությունը պատմական անժխտելի փաստ է, որը նաեւ Ռաֆայել Լեմկինին է հորդորել տալու ցեղասպանության ոճրի սահմանումը, ինչպես նաեւ Շվեյցարիայի պարտավորվածությունը մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային քրեական օրենքների կիրառման եւ փոքրամասնությունների իրավունքների ճանաչման հարցերի հանդեպ։

Վերջաբանում նշված է, որ նախագիծը «նաեւ ներդրում է թուրքերի եւ հայերի միջեւ տեւական խաղաղություն հաստատելու գործում, որի նախադրյալն է պատմական ճշմարտության վրա հիմնված տեսակետի ընդունումը երկու ժողովուրդների կողմից»։

Նախագծի ներկայացման առթիվ «Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի» (ՇՀԱ) եւ «Հալածանքների ենթարկված ժողովուրդների ընկերության» (ՀԵԺԸ) կազմակերպած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ժան-Կլոդ Վոդրոզը շեշտել է, որ դա արդարությունը հաստատելու գործողություն է եւ որ ցեղասպանության ժխտումը զոհերի հիշատակի անարգանք է։ Իր հերթին ՀԵԺԸ-ի նախագահ, սոցիալ-դեմոկրատ Ռութ-Գեբի Վերմո-Մանգոլդը ասել է, որ Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելությունների ժամանակ հայերն իրեն հարց են տվել, թե ինչպես եղավ, որ անցյալ սեպտեմբերին Ցեղասպանությունը ժխտող թուրքերին դատարանն արդարացրեց։ Ներկաներից ՇՀԱ-ի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանը պարզաբանել է, որ հակառակ փաստերի առկայության, դատարանը չէր կարող խորհրդարանից առաջ ընկնել։

Նույնիսկ թուրք լրագրող եւ մարդու իրավունքների ջատագով Ելդա Օզկանն է պնդել, որ «ճանաչումը կարեւոր է իր համար», եւ որ «դա արդարության հաստատման հարց է»։

«Որպես պատմաբան ողջունում եմ մոռացության եւ անտարբերության դեմ ուղղված այս նախաձեռնությունը։ Որպես քաղաքացի ակնկալում եմ, որ Ցեղասպանությունը դատապարտելուց բացի խորհրդարանը հանդես կգա նաեւ քաղաքական հայտարարությամբ, որտեղ իրերն իրենց անունով կանվանի։ Հարցն այն չէՙ Ցեղասպանություն տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ, որովհետեւ դա արդեն պատմական փաստ է։ Հարցը մեր դիրքորոշումն արտահայտելն է։ Ինձ համար կարեւոր է հաստատել ռասիզմի եւ ցեղասպանության կապը։ Ցեղասպանության ժխտումը հավասար է արյունռուշտ ռասիզմի թերագնահատմանը։ Ավելինՙ բոլոր նրանք, ովքեր ժխտում են պատահածըՙ մի նոր ագրեսիա են գործում զոհերի դեմ, որովհետեւ նրանք զոհերի դառը հիշատակը համարում են ստերի արդյունք», գրավոր ելույթ ունենալով հայտարարել է «Ռասիզմի դեմ պայքարող ֆեդերալ հանձնաժողովի» նախագահ, պրոֆ. Գեորգ Կրեյսը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4