ՄԱԱ-ում ընդգծեցին ԶԼՄՆ-ների ներկայացուցիչներըՙ վկայակոչելով HSBC-ին առնչվող դատական վճիռները
Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում մարտի 19-ին լրագրողները հանդիպեցին «Գոլոս Արմենիի» թերթի գլխ. խմբագիր Ֆլորա Նախշքարյանի, «Երկիր» թերթի խմբ. խորհրդի ներկայացուցիչ Համլետ Դավթյանի, դատարանում այդ թերթերի շահերի ներկայացուցիչ Զարուհի Դանիելյանի, «Նոյյան տապան» լրատվական գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանի, «Հայկական համակարգչային տառատեսակներ»-ի հեղինակ Ռուբեն Թառումյան-Հակոբյանի հետ։ Հրատապ թեման վերաբերում էր HSBC բանկի հետ կապված աղմկահարույց այն դատավարություններին, որոնց այս կամ այն չափով առնչվել էին Մամուլի ազգային ակումբի հյուրերը։ Խնդրի 1-ին մասի նախապատմությունն այս է. Ռ. Հակոբյանը հայց էր ներկայացրել 1-ին ատյանի դատարան իր հեղինակային իրավունքները վերականգնելու համար։ Ըստ հայցիՙ HSBC-ն իր գովազդային պաստառներում ապօրինաբար օգտագործել է Հակոբյանի հեղինակած «Թառումյան» տառատեսակները։ Ըստ այդմՙ խախտվել է վերջինիս հեղինակային իրավունքը։ Հիմք ընդունելով հիշյալ հայցըՙ «Նոյյան տապան» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այդ մասին, որը հրապարակել են «Գոլոս Արմենիի» եւ «Երկիր» թերթերը։ Բանկը իր հերթին հայց է ներկայացնում 1-ին ատյանի դատարանՙ հիշյալ թերթերից պահանջելով հերքում տպագրել, սակայն թերթերը մերժում են պահանջը, քանի որ տեղեկատվության հեղինակը ՆՏ-ն է, որն էլ պետք է հերքումը թողարկի։ HSBC-ն պնդում է, որ հերքումը պետք է տպագրեն թերթերը, քանի որ ՆՏ-ն լրատվամիջոց չէ։ Դատարանի վճռով երկու դեպքում էլ (Հակոբյանի հեղինակային իրավունքների վերականգման եւ հերքման տպագրման) հաղթող է ճանաչվում հիշյալ բանկը։
ՄԱԱ-ի հյուրերից Հակոբյանը հիշեցրեց, որ HSBC-ի գովազդային պաստառներում իր հեղինակած տառատեսակների ապօրինի օգտագործման համար ինքը դատարանի միջոցով բանկից, որպես փոխհատուցում պահանջել է 10 հազար դոլար։ Պատասխանող կողմը, հենվելով այն հանգամանքի վրա, որ դրամական պահանջ է առաջադրված, խնդիրը դիտել է որպես տնտեսական վեճ եւ տեղափոխել տնտեսական դատարան։ Եվ քանի որ անտեսվում էր բուն հայցըՙ հեղինակային իրավունքի խախտման փաստը, հայց է ներկայացրել 1-ին ատյանի դատարանՙ հանելով դրամական պահանջը եւ թողնելով միայն հեղինակային իրավունքի վերականգման պահանջը։ Պատասխանող կողմը հայտարարել է, որ վերոհիշյալ խախտումն արել է 3-րդՙ գովազդային պաստառ պատրաստող կողմը, այլ ոչ թե բանկը։ Մինչդեռ գովազդի տակ գրված էՙ «թողարկված է HSBC բանկի կողմից», որի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը նշել է, որ «թողարկված է» բառը վերաբերում է ոչ թե պաստառին, այլ բանկի ծառայություններին։ Նման պնդումը, ըստ Հակոբյանի, հակասում է հայցի բովադակությանը։ «Վերջին նիստի ժամանակ, անտեսելով իմ կողմից ներկայացված բոլոր փաստերըՙ խախտման փաստը հաստատող լուսանկարները, արդարադատության նախարարության հեղինակային իրավունքների ազգային գործակալության վկայականը, համաձայն որի 1994 թ. գոյություն ունեն «Թառումյան» տառատեակները, ինչպես նաեւ լեզվի տեսչության բացատրությունը «թողարկված» բառի վերաբերյալ, մասնագիտական փորձաքննության եզրակացությանը, որ օգտագործված տառատեսակներն իրոք իմն են, դատարանը կայացրեց ցինիկության սաստիճանի կարճ վճիռ, համաձայն որի իմ ներկայացրած հայցը մերժվում էր», ընդգծեց Հակոբյանը։
HSBC-ի կողմից կեղծ համարվող լրատվությունը թողարկած «Նոյյան տապանի» տնօրեն Տիգրան Հարությունյանը նշեց, որ համակարգչային տառատեսակների չարտոնագրված օգտագործումը, ըստ էության, «համակարգչահենություն է»։ Եվ երբ ՆՏ-ն թողարկում է լրատվություն Հակոբյանիՙ դատարան ներկայացված հայցի մասին, HSBC-ն հայց է ներկայացնում «կեղծ լրատվության» հերքման պահանջով։ Ըստ HSBC-ի, բանկը չի մեղադրվում համակարգչահենության մեջ, քանի որ չի գրված, որ տառատեսակներն օգտագործված են որպես համակարգչային արտադրանք։ Ընդ որումՙ բանկը պահանջում է հերքում տպագրել հիշյալ լուրը տպագրած «Գոլոս Արմենիի» եւ «Երկիր» թերթերից։ Մինչդեռ հերքում կարելի է պահանջել չստուգված կամ կեղծ լրատվության դեպքում, իսկ ըստ ՆՏ-ի տնօրենիՙ գործակալության տարածած լրատվության մեջ այդպիսի հանգամանք գոյություն չունի։ Այդ թերթերի խմբագիրները պատրաստակամություն են հայտնում տպագրել լրատվության հեղինակիՙ ՆՏ-ի թողարկած հերքումը, սակայն HSBC-ն չի համաձայնում եւ հերքման պահանջով չի դիմում գործակալությանը, պնդելով, որ ՆՏ-ն լրատվամիջոց չէ։ Միայն «Նոյյան տապան հայլայց» շաբաթաթերթում տպագրվում է բանկի պատասխանը, որի էությունն այն է, որ խախտումն արել է ոչ թե բանկը, այլ երրորդՙ գովազդային պաստառ պատրաստող կողմը։ «Ես չգիտեմՙ խղճա՞լ դատական համակարգին, թե՞ մեղադրել նրանց, քանի որ մարդիկ, ակնհայտ փաստերի առկայության դեպքում խախտում են օրենքը», ընդգծեց ՆՏ-ի տնօրենը։ Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ՆՏ-ի գլխ. խմբագիր Գայանե Առաքելյանը, հիշյալ լուրը թողարկվել է 2001-ի հոկտեմբերի 29-ին։ Նա նկատեց, որ եթե դատավորը չբավարարեր Հայկ Հարությունյանի հայցը, նշանակում է, վախենում էր կորցնել աշխատանքը, բայց ոչ թե այն պատճառով, որ վատ է աշխատել, այլ որովհետեւ Հ. Հարությունյանը արդարադատության նախարարի եղբայրն է, իսկ համաձայն գործող օրենսդրությանՙ դատավորի հանդեպ կարգապահական վարույթ կարող է հարուցվել արդարադատության նախարարի կողմից։
Ըստ էության, խնդրին առնչություն չպետք է ունենային թերթերը, որոնք, ըստ գործող օրենսդրության, պատասխանատվություն չեն կրում տվյալ լրատվության համար, քանի որ դրա հեղինակը չեն։ Չնայած օրենսդրական այս եւ այլ հանգամանքներին, որոնք մանրամասնեց փաստաբան Զ. Դանիելյանը, դատարանը կայացնում է վճիռ, որով ստիպում է «Գոլոս Արմենիի» եւ «Երկիր» թերթերին հերքում տպագրել։ «Սա է վճռի աբսուրդը։ Այս վճռով նախադեպ է ստեղծվում լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ գործադրելու։ Ստացվում է անհեթեթ վիճակ, երբ թերթերը կամ հեռուստաընկերությունները գործակալությունների լուրերի համար պետք է սկսեն պատասխան տալ դատարաններում։ Ըստ այդմՙ լրատվամիջոցները չեն կարող իրենց գործառույթները նորմալ իրականացնել», ընդգծեց «Գոլոս Արմենիի» խմբագիր Նախշքարյանը։ Դատարանի վճիռը նա որակեց «աբսուրդ եւ վայրենի», ինչը «արտացոլում է այն իրավիճակը, որ այսօր առկա է մեր դատական համակարգում», ուր մարդիկ առաջնորդվում են ոչ թե օրենքներով, այլ հեռախոսազանգերով, «թայֆաների», նախարարների շահերով։
Համլետ Դավթյանը նշեց, որ դատավարության 1-ին իսկ օրվանից, երբ պարզ էր դարձել, որ HSBC-ի շահերի ներկայացուցիչը արդարադատության նախարարի եղբայրն է, «դատավորի անաչառ լինելը բացառվում էր», ինչը խիստ մտահոգիչ հանգամանք է։ Ըստ Դավթյանիՙ մամուլի վիճակը բարդանում է եւ աշխատելը շատ դժվար է լինելու։ «Այստեղ արդարադատության եւ մամուլի արժանապատվության խնդիրն է, վերջ ի վերջո մամուլը պետք է արժեք ներկայացնի, հակառակ դեպքում ով ինչպես կուզենա, կլռեցնի մամուլը», ընդգծեց ՄԱԱ-ի հյուրը։
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ