Երբեմնի արդյունաբերական կենտրոն Իջեւանը վերջին տասնամյակում անգործության մատնված արտադրական հզորությունների պատճառով հայտնվել է խիստ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում։ Հազարավոր աշխատունակ իջեւանցիներ զրկվեցին աշխատանքից եւ հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում։ Նրանց մի մասը բռնեց արտագնա աշխատանքի ուղին, մյուսները հեռացան ամբողջ ընտանիքներով, ով էլ մնաց Իջեւանում, լրացրեց նյութապես անապահովների շարքերըՙ մասնակից դառնալով նպաստառուների ցուցակի մեջ մտնելու նվաստացուցիչ պայքարին։ Այսօր էլ իջեւանցիներից շատ-շատերի համար աշխատանք ունենալու հեռանկարն անիրականանալի է թվում, իսկ հիմնական եկամտի աղբյուրը շարունակում են մնալ կենսաթոշակը եւ դրամական օգնությունները։
Իջեւանում ժողովուրդը քաղաքականացված է։ Ճիշտ այնպես, ինչպես հանրապետության այլ բնակավայրերում, որտեղ վերը նկարագրված իրավիճակն է։ Թերեւս դա է մարդկանց քաղաքականացված լինելու պատճառը։ Իջեւանցու համար մայրաքաղաքից պաշտոնյա, քաղաքական գործիչ տեսնելը, նրա հետ զրուցելը հազվադեպ երեւույթ է։ Ուստի նրանք բաց չթողեցին առիթը երկարատեւ զրույցի, քաղաքական քննարկման բռնվելու Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանի, Գագիկ Վարդանյանի հետ։ «Ի՞նչ կարծիք ունեք ներկայիս քաղաքական դաշտի մասին, ո՞րն է երկիրը ծանր կացությունից հանելու ճանապարհը, կուսակցությունն ինչպե՞ս է գնահատում երկրի նախագահի գործելակերպը, Հայ դատի հարցի վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտությունը»։ Այս եւ նման հարցեր էին ուղղում իջեւանցիները ՀՌԱԿ ներկայացուցիչներին։
«Երկրի զարգացման միակ ճիշտ ճանապարհը տնտեսության ազատականացումն է։ Սա է ռամկավարների հարյուրամյա գաղափարախոսությունը, սա է նաեւ երկրի ներկայիս նախագահի քաղաքական գիծը։ Ուստի այն պաշտպանում է ՀՌԱԿ-ը, ինչի մասին կուսակցությունն իր հայտարարության մեջ արդեն ասել է։ Անհրաժեշտ է, որ մեր խորհրդարանն ընդունի օրենք Հայոց ցեղասպանության մասին։ Եթե մենք ցանկանում ենք, որ այլ երկրների խորհրդարանները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ինչո՞ւ պատմական այդ փաստին վերաբերող օրենքի նախագիծը մեր երկրում վիճահարույց կարող է լինել։ Հայ դատի հետապնդումը ՌԱԿ-ի առանցքային խնդիրն է եղել ողջ պատմության ընթացքում, եւ ՀՌԱԿ-ը շարունակելու է ինչպես մեր երկրում Ցեղասպանությանը վերաբերող օրենք ունենալու, այնպես էլ աշխարհի կողմից Եղեռնի ճանաչման գործընթացը»։ Սրանք էին ՀՌԱԿ վարչության անդամների պատասխաններն իրենց ուղղված հարցերին։
Մեր երկրում ընտրությունների շուրջ ձեւավորված «բարի» ավանդույթները, 1 կգ կիլոգրամ շաքարավազից մի քանի հազար դրամի տիրույթում տատանվող ընտրակաշառքը եւ այն, որ մենքՙ երկրի շարքային քաղաքացիներս, վաղուց արդեն խաղալիք ենք դարձել քաղաքական կեղտոտ խաղերում, նույնպես իջեւանցիների մտահոգության պատճառներն էին։ Վայ-պաշտոնյաները պատրաստ են ամեն ինչիՙ խաբելու, կեղծ խոստումներ տալու, կաշառելուՙ «յուղոտ» պաշտոններ ճանկելու համար։ Ասածը փաստելու բազմաթիվ օրինակներ ոչ վաղ անցյալիցՙ նախորդ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ազգային ժողովի ընտրություններից մեզանից յուրաքանչյուրը կարող է բերել։ Ինչպես հայտնի է, այժմ նույնպես մայրաքաղաքի որոշ թաղապետարաններում, ինչպես նաեւ հանրապետության որոշ մարզպետարաններում «պարտադիր-կամավոր» սկզբունքով համալրվում են հանրապետականների շարքերը։
Դեռեւս չի սկսվել նախընտրական պայքարը (համենայն դեպս, արտաքուստ այդպես է երեւում), իսկ որոշ քաղաքական ուժեր եւ կուսակցություններ արդեն ձայն որսալով եւ կուսակցական ցուցակները լցնելով են զբաղվում։ Մասնավորապես ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում ուսանողների համար քննություն եւ ստուգարք ստանալու հեշտ ճանապարհ կա, եւ դա ամենեւին էլ գիտելիք ունենալը չէ։ Ուսանողներին անհրաժեշտ չէ պարապել, պարզապես պետք է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին մեզ պատմեցին բուհի մի քանի ուսանողներ, որոնք հասկանալի պատճառով չցանկացան ներկայանալ։
Քաղաքական թեմայով զրույցը երկար շարունակվեց։ Իջեւանցիներն ասում էին, որ ընտրություններից ընտրություններ իրենք պաշտոնյաների են տեսնում, որոնք գալիս, կեղծ խոստումներով խաբում, ուրիշներին քննադատում եւ խնդիրների ոչ մի կոնկրետ լուծում չառաջարկելով հեռանում են։ Նրանք նորից կգանՙ հաշվի առնելով առաջիկա քաղաքական զարգացումները, մարդկանց կասեն, որ նրանք աղքատ են ու սոված, կբորբոքեն կրքերն ու կգնան։ Իսկ ժողովուրդն ինքը գիտակցում է իր ծանր սոցիալական վիճակը, մարդկանց պետք չէ այդ մասին ասել։ Պարզապես անհրաժեշտ է սրտացավ եւ գործնական մոտեցում ցուցաբերել։
Հարց եղավ նաեւ ՀՌԱԿ-իՙ տարբեր քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ։ Կապվա՞ծ են դրանք առաջիկա ԱԺ ընտրությունների հետ։ Պատասխանն էր, որ հանդիպումները կապված են սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, որ ՀՌԱԿ-ը որդեգրել է արժանի թեկնածուին պաշտպանելու քաղաքականությունըՙ անկախ կուսակցական պատկանելությունից։
ՀՌԱԿ վարչության անդամների այցելության օրը տեղի ունեցան ե՛ւ երդմնառության ե՛ւ կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունները։ Ձեւավորվեցին կուսակցության «Այգեհովիտ», «Աչաջուր», «Իջեւան» եւ «Խաշթառակ» ակումբները։ Ռամկավար դարձան նրանք, ում համար կուսակցության անցած ճանապարհն ապացույց եւ երաշխիք է հայրենասիրության եւ երկրի ապագայով մտահոգության։
Գառնիկ Հովակիմյանին, Գագիկ Վարդանյանին, ՀՌԱԿ Երեւանի «Արաբկիր» ակումբի ատենապետ Արտակ Սեդրակյանին եւ ՀՌԱԿ գործիչ Կարեն Կակոյանին ընդունեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը։ Քննարկվեցին ներքաղաքական, Իջեւանում առկա խնդիրներ, զրույց ծավալվեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ։ Վարչության անդամների առաջին տպավորությամբՙ իրենց զրուցակիցը գրագետ, կիրթ անձնավորություն էՙ ի տարբերություն տեղական կառավարման շատ պաշտոնյաների։ Ներկայացնելով քաղաքի հիմնախնդիրները, Վարուժան Ներսիսյանը որպես առաջնային եւ կենսական նշեց ջրամատակարարումը։ Երբեմնի բարգավաճ Իջեւանն ունենալու համար դեռեւս բազմաթիվ խնդիրներ է անհրաժեշտ լուծել, սակայն կարեւոր է գործընթացի սկիզբը, որն արդեն բարեհաջող է։ Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ջանքերով քաղաքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, եւ Իջեւանը մի քանի տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել։
1998 թ.-ի համեմատությամբ 2001 թ.-ին գրանցվել է համայնքային բյուջեի սեփական եկամուտների 60 տոկոս աճ։ ՍԵփական եւ ներգրավված միջոցներով Իջեւանը կարծես թե կամաց-կամաց ոտքի է կանգնում։ Մարզկենտրոնում քաղաքաշինական աշխատանքներ են իրականացվում, ջանքեր են գործադրվում մշակութային օջախները վերականգնելու, լուսավորվում են Իջեւանի փողոցները, վերաբացվում շատրվաններըՙ գեղեցիկ քաղաքին վերադարձնելով նախկին տեսքը։
Մոտ ապագայում ծրագրվում է նաեւ «Իջեւան» հյուրանոցը դարձնել բարձրակարգ սպասարկմամբ հյուրանոցային կենտրոն։ Սա, ի դեպ, կարեւոր քայլ է, քանզի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի համոզմամբ, Իջեւանը զբոսաշրջության կենտրոն դառնալու լուրջ հեռանկար ունի։ Անցյալ տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելել գեղեցիկ բնությամբ շրջապատված ինքնատիպ այս քաղաքը։ Քաղաքապետը համոզված է, որ Իջեւանն արդեն բռնել է զարգացման ճանապարհը, եւ զբոսաշրջությունը հիմնական ուղիներից մեկն է։
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ