Ինչպես տեղեկանում ենք սփյուռքահայ մամուլի հաղորդումներից, փետրվարի 28-ից մինչեւ մայիսի 5-ը ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում անց է կացվում Ուիլյամ Սարոյանի փառատոնը, որի շրջանակներում պլանավորված է 60 միջոցառում։ Ֆրեզնոյի եւ Միացյալ Նահանգների ամենաճանաչված մարդկանցից մեկին նվիրված փառատոնի գաղափարը սան-ֆրանցիսկոյաբնակ, «Ուիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Ռոբերտ Սեդրակյանինն է։ Այն պետք է անցկացվեր դեռեւս 2001 թվականինՙ գրողի մահվան 20-րդ տարելիցի ժամանակ, սակայն ինչ-ինչ հանգամանքներ խանգարեցին։ Ամեն դեպքում հնարավոր դարձավ այդ մտահղացումն իրականացնել եւ ԱՄՆ-ում անցկացվող գրական երկու խոշոր տոներին ավելացնել նաեւ այս մեկը։ Ամերիկյան գրասերները մեծ հաճույքով մասնակցում են Ջոն Սթայնբեկի (Սալինաս, Կալիֆոռնիա) եւ Թեննեսի Ուիլյամսի (Նոր Օռլեան, Լուիզիանա) ամենամյա տոնակատարություններին։ Ուիլյամ Սարոյանին նվիրված փառատոնը որոշվել է առայժմ անցկացնել 2 տարին մեկ անգամ։
Ֆրեզնոն իսկապես Ուիլյամ Սարոյանի քաղաքն է, ուր գրողը ծնվել է 1908 թվականին, ապրել ողջ կյանքը եւ հանգել 1981 թվականին։ Առաջին անգամ տպագրվել էր, երբ 25 տարեկան էր։ Ապա ողջ կյանքում նա գրել է պատմվածքներ, նովելներ, վեպեր, պիեսներ եւ երգեր։ 1940 թվականին Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» պիեսն արժանացավ ամերիկյան գրական ամենաբարձր Պուլիտցերյան մրցանակի։ Նույն տարում այդ պիեսին իրենց գլխավոր մրցանակը շնորհեցին նաեւ թատերական քննադատների Նյու Յորքի միության անդամները։ 1943 թ. Սարոյանին «Օսկար» շնորհվեց յուրօրինակ լավագույն սցենարի նումինացիայովՙ «Մարդկային կատակերգություն» պիեսի համար։
Այս փառատոնի միջոցառումների մեխը լինելու է «Տեսակցություն Ուիլյամ Սարոյանի հետ» պիեսի բեմադրությունը մեկ արտիստի թատրոնի համար (հեղինակ եւ բեմադրիչՙ Թոդդ Վրոնսկի)։ Դիկինսոնի (Քարլայլ) քոլեջի դրամայի դասարանի պրոֆեսորը (որը կատարում է Սարոյանի մենախոսությունները) Սարոյանին իր համար «հայտնագործել» է 1980-ականների կեսերին, երբ որոշել է բեմադրել «Քո կյանքի ժամանակը» պիեսը։ «Ես տարվեցի այդ գործով եւ սկսեցի կարդալ նաեւ նրա ուրիշ ստեղծագործություններ,- ասում է Վրոնսկին։ ¬ Բայց լուրջ ուսումնասիրելու հնարավորություն ունեցա 3-4 տարի ռաջ։ Ես այս բեմադրության հենքում դրել եմ Սարոյանի ոչ միայն հայտնի, այլեւ դեռեւս անտիպ գործերից քաղված մտքեր, տխրություններ, ուրախություններ»։
Իսկ որ Ուիլյամ Սարոյանը շատ բան ունի, փաստ է։ Ամեն օր մոտ 20 մեքենագիր էջ էր գրում։ Եվ գրում էր միշտ։ Երեւանում 1978 թ. բախտ ունեցանք հանդիպելու 20-րդ դարի իսկապես մեծագույն այս մարդուն։ Ինչպիսին էլ լիներ նրա օրվա ռեժիմը, ուր էլ գնար, առավոտ վաղ, դեռ լույսը չբացված նստած էր գրամեքենայի մոտ։ Իսկ թե ինչ արդյունքներ եղանՙ գիտի ողջ աշխարհը։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ