Հայաստանի թիմերից պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի չափանիշներին առավել համապատասխանում է երկրի քառակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը»։ Ակումբի հիմնադիր եւ հովանավոր, ֆուտբոլի նվիրյալ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա համախոհ, հայկական ֆուտբոլի վառ անհատականություններից մեկիՙ Խորեն Հովհաննիսյանի համատեղ ջանքերով «Փյունիկն» ընթանում է պրոֆեսիոնալ ակումբի ուղիով։ Թիմն ունի ֆուտբոլի իր մարզադպրոցը, որտեղ հիանալի պայմաններ են ստեղծված ֆուտբոլային հերթափոխի պատրաստման համար։ Ստեղծվել են «Փյունիկի» տարիքային տարբեր խմբերի պատանեկան թիմեր, որոնք հաջողությամբ հանդես են գալիս ՀՀ առաջնություններում, իրենց վատ չեն դրսեւորել նաեւ միջազգային մրցասպարեզում։ Ակումբի հաջորդ ձեռնարկումը սեփական մարզաբազայի, միջազգային չափանիշներին համապատասխանող մարզադաշտի կառուցումն է, որի մասին էլ խնդրեցինք պատմել ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանին։
¬ Հավանաբար տեղյակ եք, որ տարվա սկզբից «Նաիրիտ» մարզադաշտը դարձել է «Փյունիկի» սեփական մարզաբազան։ Բնականաբար, մարզադաշտն իր ներկա վիճակով չի կարող բավարարել մեզ, ուստի աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզահամալիրի կառուցման ուղղությամբ։ Ներկայումս արդեն ավարտին մոտ են նախագծման աշխատանքները եւ հույս ունենք, որ մայիսից կսկսվեն շինարարական աշխատանքները «Նաիրիտ» մարզադաշտում։ Նախագծի համաձայն, կառուցվելու է 15 հազար հանդիսականի համար նախատեսված մաքուր ֆուտբոլային մարզադաշտ 3 տրիբունաներով, որոնք լինելու են ծածկի տակ։ Մարզումների համար նախատեսված են 2 խաղադաշտեր։ Մարզադաշտի տարածքում կկառուցվեն նաեւ լողավազան, ձմեռային դահլիճ, հյուրանոց իր բոլոր հարմարություններով։ Մի խոսքով, մարզահամալիրը ծառայելու է թիմի համար եւ սեփական մարզաբազա, որտեղ «Փյունիկը» կկազմակերպի ուսումնամարզական իր հավաքները, կանցկացնի պարապմունքները, եւ պաշտոնական մրցումների անցկացման մրցասպարեզ։ Հույս ունենք, որ 2004թ. ֆուտբոլային մրցաշրջանը «Փյունիկը» կդիմավորի սեփական նորակառույց մարզահամալիրում։ Իսկ առայժմ վարձակալությամբ օգտվելու ենք «Հանրապետական» մարզադաշտից։