«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2002-03-19 | #51, 2002-03-20 | #52, 2002-03-21


ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ակումբներ ստեղծվում են գրեթե ամեն օր եւ հանրապետության ամբողջ տարածքում։ Ակումբների հիմնմանը համընթաց անընդհատ համալրվում են արդեն ստեղծված եւ գործող կառույցները։ Երեկ այդպիսի մի համալրում տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում։ Նոր անդամներ ընդգրկվեցին «Արաբկիր», «Նոր Նորք», «Արմենական», «Զարթոնք», «Այգեստան», «Էրեբունի», «Կենտրոն» ակումբներում, ընդհանուր թվով 32 մարդ։

Արդեն ռամկավար դարձած եւ նորագիր անդամների հետ հանդիպեցին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը, Մեսրոպ Հարությունյանը, Գագիկ Վարդանյանը։

«Ռամկավար Ազատական կուսակցության նպատակը միշտ եղել եւ մնում է ժողովրդին ու հայրենիքին ծառայելը», դիմելով կուսակցական ընկերներին նշեց Մեսրոպ Հարությունյանը եւ ավելացրեց, որ նպատակը լիովին իրականացնելու համար բնական է Ազգային ժողովում, կառավարման օղակներում ներկայացված լինելու ձգտումը։ Ուստի առաջիկա ընտրություններին ՀՌԱԿ-ը լուրջ հայտ է ներկայացնելու։ Այս միտքը շարունակեց նաեւ Գառնիկ Հովակիմյանըՙ ցավով նշելով, որ ոչ մի առողջ քաղաքական ուժ չէր ցանկանա տեղական կառավարման մարմիններում, ինչպես նաեւ Ազգային ժողովում ունենալ այնպիսի մարդիկ, ովքեր չունեն պատշաճ գիտելիքներ եւ ցանկություն սեփական ջանքերը ներդնելու երկրի բարօրության համար։ Ցավոք, այդպիսիք մեր ղեկավարների մեջ այսօր մեծամասնություն են կազմում։ Այս առումով առաջիկա ընտրություններին լուրջ անելիքներ կան։ Մեզանից յուրաքանչյուրն իր համայնքում բազմաթիվ խնդիրներ է տեսնում, անընդհատ դժգոհում։ Սակայն հարցին գործնական մոտեցում է հարկավոր, իսկ գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այդ մոտեցումները ցուցաբերելու հնարավորությունը կտան։ Անհրաժեշտ է, որ տեղական կառավարման մարմիններում ներկայացված լինեն արժանի, իրենց համայնքի եւ երկրի ապագայով մտահոգ մարդիկ։ ՀՌԱԿ-ն այդպիսի թեկնածուներին է պաշտպանելու։

Գառնիկ Հովակիմյանը, որը նորագիրների կնքահայրը դարձավ, մինչ երդմնառության արարողությանն անցնելը դիմեց ներկաներինՙ ասելով, որ շատ քանակությամբ մարդ կուսակցության շարքերն ընդգրկելը ՀՌԱԿ-ի համար գերխնդիր չէ, ուստի նրանք, ովքեր փոքր-ինչ կասկած ունենՙ դառն՞ալ կուսակցական, թե՞ ոչ, թող ընտրեն անկուսակցականի կարգավիճակը։

Այս առաջարկն, իհարկե, արձագանք չգտավ, քանի որ ընդունվողները թեկուզեւ սակավաթիվ, սակայն իրենց ընտրության մեջ համոզված մարդիկ էին։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4