«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2002-03-20 | #52, 2002-03-21 | #53, 2002-03-22


ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ

Մարտի 21-ին Արցախի ժուռնալիստների միության հյուրն էր Ստեփանակերտի քաղաքապետ Համիկ Ավանեսյանը։ Թեպետ ընդամենը կես տարի է անցել նրա քաղաքապետ ընտրվելու օրից, սակայն Ավանեսյանի գործունեությունը գնահատելու համար այսօր իսկ ոչ քիչ գումարելիներ կան։

Քաղաքապետը, ներկայացնելով մայրաքաղաքի հիմնախնդիրները, նախաբանում նշեց, որ ինքն առաջին հերթին սկսել է քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ կատարելուց։ Մասնավորապես, կրճատվել են 16 հաստիքներ, այդ թվում նաեւ տեղակալներից մեկի հաստիքը։ Աշխատակազմը հիմնականում համալրվել է երիտասարդ կադրերով։ Իր պաշտոնը ստանձնելու պահին աշխատավարձի բավականին մեծ պարտքեր էին կուտակված։ Այդ խնդիրը ներկայումս մասամբ լուծվել է։

Քաղաքապետն առանձնացրեց կարեւորագույն խնդիրները։

Իբրեւ թիվ մեկ խնդիր նա նշեց քաղաքի ջրամատակարարումը։ Օրումեջ 1¬2 ժամով իրականացվող ջրամատակարարման գրաֆիկը փոխելը ներկա պայմաններում դժվար հարց է։ Բնակչության մեղքով ջրի կորուստները մոտավոր հաշվումներով կազմում են 60 տոկոս։ Դա այն դեպքում, երբ ջրի քանակությունը տարվա կտրվածքով սակավ է լինում։ Քաղաքապետի խոսքերով, նախատեսվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով քաղաքամերձ Քռասնի եւ Շոշ գյուղերի մոտակայքում գտնվող աղբյուրաջրերը հասցնել Ստեփանակերտ։ Լրացուցիչ ջրապաշարների կուտակումը, ինչպես նաեւ ջրի կորուստների սահմանափակումը հնարավորություն կտան բնակչությանն օրվա ընթացքում 6¬7 ժամ ջուր մատակարարել։

Հ. Ավանեսյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի 500-ից ավելի բնակարաններ Ստեփանակերտում գազիֆիկացվել են։ Առկա տեմպերը թույլ կտան տարեվերջին ավարտել մայրաքաղաքի լրիվ գազիֆիկացումը։

Քաղաքապետարանի արդյունավետ գործունեությանը խանգարում էր նաեւ այն հանգամանքը, որ կոմունալ սպասարկման ծառայությունները գտնվում էին մեկ ընդհանուր միավորի մեջ, ինչը պատճառ է դարձել աշխատանքների տարերային կազմակերպմանՙ մեծ պարտքեր կուտակելով։ Քաղաքապետի որոշմամբ կրկին առանձնացվել են այդ ծառայությունները, եւ վիճակն աստիճանաբար շտկվում է։

Հ. Ավանեսյանը կարեւորագույններից մեկը համարեց նաեւ բնակարանային հարցը։ Այսօր Ստեփանակերտում բնակարանային հերթում է 1564 մարդ, որից 463-ըՙ արտահերթ կարգով։ Բացի այդ, մայրաքաղաքում առկա են 79 վթարային շենքեր, որոնք քանդման ենթակա են։ Քաղաքապետը բերեց նաեւ այսպիսի մի տվյալ. 11 ընտանիք ապրում է տարբեր հիմնարկ-ձեռնարկություններին պատկանող վարչական շենքերում։ 2002 թ. բնակարանային շինարարության համար քաղաքապետարանին է հատկացվել 200 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր ծախսերի մեկ երրորդ մասը։ Ընթացիկ տարում Ստեփանակերտում կվերսկսվի տեւական ժամանակով դադարեցված բնակարանաշինությունը։

Նույն այդ ֆինանսավորման շրջանակներում պետք է վերանորոգվեն ռմբակոծություններից ու հրետակոծություններից վնասված բնակարանները։ Իսկ այդպիսիք Ստեփանակերտում 500-ից ավելի են։ Անդրադառնալով բնակարանների սեփականաշնորհման խնդրին, քաղաքապետը նշեց, որ լրացուցիչ ժամկետ է տրամադրված մինչեւ 2002 թ. դեկտեմբերի վերջը։ Ժամկետը լրանալուց հետո չսեփականաշնորհված բնակարանները կմտնեն պետական ֆոնդ։

Քաղաքապետը կարեւոր համարեց նաեւ համատիրությունների ստեղծումըՙ մի գործընթաց, որը հապաղում է օբյեկտիվ պատճառներով։

Հ. Ավանեսյանը խոսեց նաեւ մայրաքաղաքի սանիտարա-հիգիենիկ վիճակի մասին, նշելով, որ քաղաքապետարանը բարերարների կողմից 3 աղբահան մեքենա է ստացել, որոնց օգտագործմամբ հնարավոր է դարձել Ստեփանակերտի փողոցները աղբից ազատել։

Շատ թաղամասերում էլեկտրական լուսավորվածության հարցը լուծված է։ Ինչ մնում է շենքերի մուտքերի լուսավորվածությանը, ապա, քաղաքապետի խոսքերով, դա կարելի է իրականացնել տվյալ շենքի բնակիչների միջոցով, որոնց ծախսած լրացուցիչ էլեկտրաէներգիայի վարձը քաղաքապետարանը պատրաստ է փոխհատուցել բնակվարձից մասհանումով։

Լրագրողների խնդրանքով քաղաքապետն անդրադարձավ նաեւ ապօրինի շինություններին։ Մասնավորապես, Հ. Ավանեսյանը տեղեկացրեց, որ հատուկ հանձնաժողովի կողմից հաշվառվել են ապօրինի կառուցված ավտոտնակները եւ դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ըստ նպատակահարմարության կընդունվի որոշում։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4