«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2002-03-20 | #52, 2002-03-21 | #53, 2002-03-22


ԱՅՍ ՄԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԹՈՂ ՄԱՔՈՒՐ ՄՆԱ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ մրցութային կարգով դեցիմետրային հեռուստաալիքները տրվում են հեռուստաընկերություններին։ Որոշ հեռուստաալիքների տիրանալու համար հավակնում են մեկ-երկու, անգամ երեք ընկերություններ։ 21-րդ հեռուստաալիքով հաղորդումներ տալու համար ազգային հանձնաժողովը մեկ պարտադիր պայման է առաջադրել. այն պետք է լինի մանկապատանեկան, շահ չհետապնդող։ Այս պայմանին համապատասխանող միակ հեռուստածրագիրն արդեն գործում էՙ «Հայրենիքը»։ Եվ բնական է, որ զուտ մանկապատանեկան հաղորդումներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր (իսկ մանկական հաղորդումների ավարտից հետո, ուշ ժամերինՙ դասական եւ ջազային երաժշտության տեսահոլովակներ) ցուցադրող, որեւէ գովազդից զերծ մնացած «Հայրենիք» հեռուստաընկերությունն էլ միակ հավանական թեկնածուն պետք է լիներ։

Սակայն «Առավոտ» թերթի մարտի 19-ի համարում տպագրված լրատվությունը կեղտ ու ցեխ է շպրտում այլոց թվում նաեւ «Հայրենիք» հեռուստաընկերության վրա, անվանում ոչ ավելի, ոչ պակաս «քոչարյանամետ»։ Կամ այս նյութի հեղինակը երբեւէ չի դիտել «Հայրենիքի» հաղորդումները, կամ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում, ցանկանալով 21-րդ հեռուստաալիքը նվաճել «Ա1+» հեռուստաընկերության համար։

«Հայրենիքի» կոլեկտիվն անչափ դժոհ է այս հրապարակումից եւ իր կարծիքն է հայտնել տպագրված ապատեղեկատվության առթիվ։ «Հայրենիքի» աշխատակիցները հարցնում են. «Հայրենիքի» այսօրվա հաղորդումների անունները չփոխելով հնարավոր կլինի՞ «Ա1+»-ի հաղորդումներ հեռարձակել։ Ասենքՙ «Մեր հայրենիքի պատմությունը» (որը երեխաների միջոցով հայոց պատմությունն է մատուցվում) կարելի՞ է սկսեին Հայկ Նահապետից եւ անմիջապես անցնե՞լ 1995 թ. նախագահական ընտրությունների մեկնաբանությանը։ «Մեր հայրենիքի հեքիաթները» հաղորդաշարով հեռարձակվելո՞ւ են Համբարձում Ղանդիլյանի, Մարիուս Յուզբաշյանի եւ այլ սպանությունների մասին ֆիլմեր։ Ուշ երեկոյան, դասական երաժշտության ժամին, երաժշտագետը սպանությունների, դատավարությունների, հետապնդումների դաժան կադրեր է ցուցադրելո՞ւ, կամ ստուդիա է հրավիրելու հերթական քաղաքական գործչի՞ն...»

Աստված սիրեք, որ թերթին, որ հեռուստաընկերությանն ուզում եքՙ քննադատեք։ Հայ երեխային, վաղվա հայ մարդուն հայ պահող մեկ հեռուստաալիք կա։ Թողեք այս մեկը հեռու մնա ձեր բոլոր տեսակի խաղերից ու խարդավանքներից։

Սեփ. լրգ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4