«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2002-03-20 | #52, 2002-03-21 | #53, 2002-03-22


11 ԵՎ 12-ԱՄՅԱ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ

Ռեպորտաժ «Բրիտանական Ավիաուղիների» աջակցությամբ

Իմ լոնդոնյան այս կարճատեւ ուղեւորության հիմնական առիթը ՖԻԴԵ-ի ժուռնալիստիկայի եւ վիճակագրության հանձնաժողովի հերթական նիստն էր, որի նախագահն է տողերիս հեղինակը։ Բայց Անգլիայի մայրաքաղաքը նաեւ կենտրոնատեղին է շախմատում այժմ կարեւոր դեր հանձն առած երկու կազմակերպությունների։ Հռչակավոր Պիկադիլիում է գտնվում մեր հայրենակից Արտյոմ Տարասովի գլխավորած ՖԻԴԵ Կոմերս ընկերությունը, որի վրա է ընկած շախմատի համաշխարհային ֆեդերացիայի ամենակարեւոր միջոցառումներիՙ աշխարհի անհատական առաջնության, աշխարհի գավաթի, իսկ այժմՙ նաեւ Մեծ Մրցանակի (Գրան Պրի) ֆինանսավորման ու կազմակերպման ամբողջ ծանրությունը։

Փարիզից ուղարկած իմ նախորդ նյութում ես արդեն որոշ տեղեկություններ հայտնել եմ ՖԻԴԵ-ի նախաձեռնած նոր մրցանակի խաղարկության մասին։ Լոնդոնյան բարձրահարկի իր աշխատասենյակում Տարասովը հայտնեց Գրան Պրիին առնչվող ամենաթարմ նորությունները։ Նախ մեկնարկիցՙ ապրիլի 2-ից ընդամենը մոտ երկու շաբաթ առաջ, տեղացի կազմակերպիչներին ընդառաջ գնալով, ՖԻԴԵ-ն համաձայնվեց մասնակիորեն փոխել մրցավայրը. Աբու Դաբիի փոխարեն պայքարը կընթանա Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ այլ քաղաքումՙ Դուբայում, որտեղ շախմատային հրաշալի կենտրոն կա։

Կանոնադրության համաձայն, Մեծ Մրցանակի խաղարկությունում տեղեր են հատկացվում նաեւ ինտերնետային հատուկ մրցաշարի հաղթողներին, այսինքնՙ փաստորեն, ցանկացած շախմատասեր կարող է մասնակցել այս իրադարձությանը։ Ինքնին սա նորություն չէ. հիշեցնենք, որ նույն սկզբունքով մի քանի մասնակիցներ ընտրվեցին աշխարհի վերջինՙ մոսկովյան առաջնության համար։ Նորությունը, կարելի է ասելՙ սենսացիան, այն է, որ, ինչպես հայտնեց Տարասովը, ինտերնետային մրցապայքարում առաջին մրցանակը նվաճել է շախմատային նոր աստղըՙ 12-ամյա ուկրաինացի Սերգեյ Կարյակինը։ Այս տղայի անունը առաջին անգամ լայնորեն հնչեց երկու ամիս առաջ, երբ Կարյակինը աշխարհի առաջնության մրցախաղում, որպես մարտավկա, օգնում էր Ռուսլան Պոնոմարյովին, որը մենամարտում հաղթեց, փաստորեն, նաեւ այդ օգնության շնորհիվ։

12-ամյա պատանյակը աշխարհի չեմպիոնի մարտավկայի դերում... Նորությունը արտառոց էր, բայց կարող էր թվալ, որ Պոնոմարյովի «թիմը» նաեւ ցանկացել էր էկզոտիկ այս համագործակցությամբ լրացուցիչ ուշադրություն գրավել։ Սակայն մի քանի շաբաթ անց Կարյակինը զարմացրեց ավելի շատՙ նույն Մոսկվայում անցկացված Աերոֆլոտ Օփեն խոշորագույն մրցաշարում լրացնելով գրոսմայստերի նորմա։ Եվ ահա այժմ էլ այս ապշեցուցիչ նվաճումը ինտերնետային մրցաշարում... Ի դեպ, Կարյակինի հաղթանակը անվիճելի է։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ մեկ միավորով առաջ անցել մոտակա մրցակիցներից։ Ճիշտ է, այս պահին երաշխավորել, որ Կարյակինը կխաղա Գրան Պրիում, դեռ վաղ է։ Ինչպես նկատեց Արտյոմ Տարասովը, կանոնադրության համաձայն, ՖԻԴԵ Կոմերսը, իր վրա վերցնելով բոլոր ծախսերը, ինտերնետային մրցապայքարում առաջին չորս տեղերը գրաված մասնակիցներին վաղօրոք կուղարկի Դուբայ, որտեղ նրանց միջեւ կկազմակերպվի մրցապայքարՙ դեմ առ դեմ սկզբունքով։ Եվ միայն դրանից հետո երկու լավագույնները Մեծ Մրցանակի նշանավոր մասնակիցների հետ համատեղ ելույթ ունենալու իրավունք կստանան։

Բայց 12-ամյա Սերգեյ Կարյակինը այսօր համաշխարհային ճանաչման հավակնող միակ մանուկ շախմատային աստղը չէ։ Գինեսի ռեկորդների գրքում պատրաստվում է տեղ գրավել 11-ամյա անգլիացի Դեյվիդ Հոուելը։ Եվ նրան այս խնդրում աջակցում է Լոնդոնում գտնվող մեկ այլ ընկերությունՙ Էյնշտեյն Գրուփը։ Բրիտանական բիզնեսի աշխարհում հայտնի այս կոնցերնը շախմատային կյանք մուտք գործեց մի քանի ամիս առաջ, մեկ այլ խոշոր ընկերությունիցՙ Բի-Ջի-Էնից (Ինտելեկտուալ խաղեր) գնելով վերջինիս պատկանող խոշորագույն շախմատային միջոցառումներ կազմակերպելու իրավունքը։ Եվ ահա, Էյնշտեյն Գրուփի տնօրեն Սթիվ Թիմինսի հրավերով ես ծանոթացա ընկերության ծրագրերին։ Դրանք կապվում են, առաջին հերթին, պրոֆեսիոնալների վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ այդ տիտղոսի համար համաշխարհային առաջնության կազմակերպման հետ։ Նախատեսվում է այս տարվա ամռանը Դորտմունդում անցկացնել հավակնորդների մրցաշարՙ ութ ուժեղ գրոսմայստերներիՙ Ադամսի, Մորոզեւիչի, Թոփալովի, Շիրովի, Լեկոյի, Գելֆանդի, Բարեեւի եւ կազմակերպիչ երկիրը ներկայացնող Լուտցի մասնակցությամբ։ Ինչպես տեսնում եք, այս ցուցակում չկան ո՛չ Կասպարովը, ո՛չ Անանդը, ո՛չ Պոնոմարյովը, ո՛չ Իվանչուկը, որոնք տարբեր պատճառներով հրաժարվել են մրցաշարից։ Ամեն դեպքում, Էյնշտեյն Գրուփը նախատեսում է եկող տարի անցկացնել աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղ Կրամնիկի եւ հավակնորդների մրցաշարի հաղթողի միջեւ։

Մեկ այլ նախագիծ։ Դեռ անցյալ տարի նախատեսվում էր Բահրեյնում անցկացնել մրցախաղ Կրամնիկի եւ համակարգչային ուժեղագույն ծրագրի միջեւ։ Սեպտեմբերի 11-ը խանգարեց այս նախագծի իրականացմանը, բայց այժմ կարծես թե բոլոր հարցերը լուծված են, եւ կոնցերնը մտադիր է առաջիկա աշնանը նույն Բահրեյնում կազմակերպել վաղուց սպասված մենամարտը։

Իսկ այժմ վերադառնանք 11-ամյա Դեյվիդ Հոուելին։ Էյնշտեյն Գրուփը, անշուշտ, ռեկլամային նկատառումներով, որոշեց կազմակերպել Հոուելի մրցախաղը... Վլադիմիր Կրամնիկի հետ։ Շեշտենք, որ խոսքը գնում էր չորս պարտիայից բաղկացած կայծակնային մրցախաղի, այլ ոչ, ասենք, միաժամանակյա խաղաշարի մասին։ Խաղարկվում էր Էյնշտեյնի Գավաթը, եւ այն բաժին կհասներ Դեյվիդին, եթե նրան հաջողվեր պարտիաներից գեթ մեկը ավարտել ոչ-ոքիով։ Իհարկե, շոուի կանոնները հրաշալի գիտեր նաեւ Վլադիմիր Կրամնիկը։ Ահա թե ինչու, առաջին երեք պարտիաները շահելուց հետո, աշխարհի չեմպիոնը չորրորդ հանդիպման ժամանակ համարյա առանց պայքարի համաձայնվեց ոչ-ոքիի... Անկախ այն բանից, որ գավաթը Դեյվիդին հասավ փոքր-ինչ արհեստական ձեւով, փաստ է, որ նա շատ շնորհալի պատանի է։ Ավելացնենք, որ Հոուելի անունը կմտնի Գինեսի ռեկորդների գիրք, որպես գործող աշխարհի չեմպիոնի հետ մեն-մենակ խաղացած պարտիայում հաշտություն կնքած ամենափոքր տարիքի շախմատիստ։

Եվ այսպես, վերջին մի քանի շաբաթների ընթացքում 18-ամյա Ռուսլան Պոնոմարյովը դարձավ աշխարհի չեմպիոն, 17-ամյա Ալեքսանդրա Կոստենյուկըՙ աշխարհի փոխչեմպիոնուհի (եւ, ավելացնենք, օրերս ճանաչվեց 2001 թվականի «տարվա շախմատիստ»), 12-ամյա Սերգեյ Կարյակինը լրացրեց գրոսմայստերի նորմա, 11-ամյա Դեյվիդ Հոուելը նվաճեց Էյնշտեյնի Գավաթը...

Ո՞վ է հաջորդը։

ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լոնդոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4