ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա
Նման բան ես իրոք չեմ հիշում. Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) երկրորդ համագումարը, որը նախատեսված էր սկսել ժամը 10-ին, սկսվեց ճիշտ ժամը 10-ին. որեւէ հայկական միջոցառում աչքի չի ընկնում նման ճշտապահությամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի ղեկավարության այդպիսի ուշադրությամբ։ «Պրեզիդենտ հոթելի» հանդիսասրահի նախագահությունում ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի, Եզրաս սրբազանի, դեսպան Սահակյանի, Արթուր Չիլինգարյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ նստած էին ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, արդյունաբերության նախարարը, ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը, Ռուսաստան-Բելառուս միության գործկոմի պետքարտուղար Պավել Բորոդինը եւ ուրիշներ։ Նրանք բոլորը դահլիճում ներկա գտնվող պատվիրակների եւ համագումարի հյուրերի հետ (ընդամենը մոտ 200 մարդ) լսեցին նախագահներ Պուտինի եւ Քոչարյանի ողջույնի խոսքերը (դրանք ընթերցեցին համապատասխանաբար Վոլոշինը եւ Սահակյանը), ինչպես նաեւ Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը, որն ընթերցեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը։
Իր պերճախոսությամբ հայտնի Ա. Խաչատրյանի ելույթը, որքան էլ տարօրինակ է, երկար էր եւ ձանձրալի։ Դրան հակադրվեց Պավել Բորոդինի հուզական ելույթը, որն ասաց, թե «միշտ, որտեղ էլ գտնվել եմ, զգացել եմ իմ հայ բարեկամների աջակցությունը»։ Պավել Պավլովիչը հայերին նույնիսկ կոչ արեց ժամանակ չկորցնել եւ արագորեն հարել Բելառուսի եւ Ռուսաստանի միությանը, թե չէ, մեկ էլ տեսար, Հայաստանից առաջ կանցնի Ադրբեջանը։ Գաղտնիք չէ, որ հայերը սիրում են իրենց հանդեպ ուշադրության արտաքին նշանները եւ բուռն կերպով արձագանքում են ամեն տեսակ (երբեմն դատարկ) կոչերին։ Համագումարի պատվիրակները բացառություն չէին կազմում եւ ծափահարեցին Բորոդինին։ Հասկանալի է նաեւ այն, որ Բորոդինի կոչին հավանություն տվեց ավելի ուշ ելույթ ունեցած Կլեբանովըՙ բարձր գնահատելով Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական ինտեգրացումը։ Նա ավելացրեց, որ այն պետք է հիմնվի տնտեսական հարաբերությունների վրա։ Զարմանալի է, որ Բորոդինի գաղափարը դուր եկավ նաեւ ՀՀ ԱԺ նախագահին։ Համենայն դեպս, նա բուռն կերպով ծափահարում էր։ Ամենքից զուսպ իրեն պահում էր Սուրեն Սահակյանը, բայց դա ըստ երեւույթին Հայաստանին չի փրկի Ռուսաստանի հետ թերեւս անխուսափելի միավորումից։ Մանավանդ որ, Իլյա Կլեբանովի խոսքերով, որին Արա Աբրահամյանը «իսկական հայ եւ Ռուսաստանի իսկական հայրենասեր» անվանեց նրան «Ոսկե խաչով» պարգեւատրելիս, «մեր ժողովուրդներն ու երկրները այլեւս չեն կարող ապրել մեկն առանց մյուսի»։ Ինչպես ասում են, Կլեբանովն ավելի լավ գիտե. միայն վերջին մեկ տարում նա 7 անգամ այցելել է Հայաստան։
Կլեբանովից բացի, ՌՀՄ բարձրագույն պարգեւիՙ «Ոսկե խաչի» արժանացան երկու հայրապետներըՙ Ալեքսի Բ-ն եւ Գարեգին Բ-ն, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը (ադամանդակուռ ոսկե խաչերը նրանց կհանձնվեն հանդիսավոր պայմաններում)։ Հռչակավոր Պավել Լիսիցյանը Աբրահամյանից պարգեւն ստացավ դահլիճի բուռն ծափահարությունների ներքո, որը հոտնկայս ողջունում էր մեծ երգչին։ Խաչով պարգեւատրվեց նաեւ նախագահությունում նստած միակ կինըՙ Մոսկվայի լեզվաբանական համալսարանի ռեկտոր Իրինա Խոլեեւան, ինչպես նաեւ (հետմահու)ՙ Երեւանի սլավոնական համալսարանի ռեկտոր Լեւոն Մկրտչյանը։
Իսկ Եզրաս սրբազանին, դեսպան Սահակյանին եւ Ռուսաստանի հարավային թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին բաժին ընկան ՌՀՄ «Արծաթե խաչեր»։ Մինչ այդ դահլիճից հեռացած դեսպանին եւ մյուս «ընկերոջը» խաչերը հանդիսավոր պայմաններում կհանձնվեն, խոստացավ ՌՀՄ փոխնախագահներից մեկըՙ ամբիոնից ելույթ ունենալով։ Մինչ այդ կողքիս հանգիստ նստած PTP հեռուստաընկերության ղեկավարներից մեկը, լսելով եպիսկոպոսին վերաբերող «ընկեր» դիմելաձեւը, չդիմացավ եւ հարցրեց. «Ասա, ինչո՞ւ է Աբրահամյանն անընդհատ իրեն շրջապատում նմաններով»։ Ես չհամարձակվեցի պատասխանել Աբրահամյանի փոխարեն, բայց վերհիշեցի նրա այն խոսքերը, որ անցյալում լինելով աղքատ տղա, ինքն իրեն խոստացել է, որ կունենա աշխարհում ամենայն լավագույնըՙ լավագույն բարեկամները, լավագույն փողերը, լավագույն մեքենաները եւ այլն։ Եվ իրոք, պատշաճը հատուցենք, քանի որ ըստ երեւույթին դա նրան հաջողվել է։ Բայց, չգիտես ինչու, երբ գործը հասավ հայերին, Աբրահամյանի սկզբունքը սկսեց տեղի տալ։ Դրա համար, ինչպես միշտ, երեւի մեղավոր է «հայի բախտը»։ Իսկ եթե լրջորեն խոսենք, ապա հեռուստատեսության իմ գործընկերոջ հուզական արտահայտությունը դիպավ նշանակետին։ ՌՀՄ նախագահ Աբրահամյանի մեծ մասամբ գորշ, անձիրք, ոչ պրոֆեսիոնալ շրջապատը (ինչը չես ասի նրա բիզնեսային շրջապատի մասին), որը շռայլորեն ֆինանսավորում է ղեկավարի նախագծերը զարմանալիորեն գավառային եւ «հայկական» (բառիս ամենավատ իմաստով) մակարդակով, այսուհետեւ էլ արջի ծառայություն կմատուցի ՌՀՄ-ին։ Ճիշտ է, կան նաեւ բացառություններ։ Դրանցից մեկը Անդրանիկ Միհրանյանն է, որի ելույթը ոչ միայն ծափահարությունների արժանացավ, այլեւ ներկաների իրական հետաքրքրությունն առաջացրեց, քանի որ ելույթում պրոֆեսիոնալ եւ գրագետ կերպով բարձրացվում էին խնդիրներ, որոնց բախվում են Ռուսաստանում բնակվող հայերը։ Ինչպես հայտնի է, դրանք առանձնակի սրությամբ այսօր ի հայտ են գալիս Կրասնոդարի երկրամասում։ Միհրանյանը ՌԴ նախագահին կոչ արեց «տեղը դնել թոկից փախած նահանգապետներին ու չինովնիկներին եւ նրանցից պահանջել հարգել ռուսական օրենքները»... Ափսոս, որ նրա ելույթն արդեն ընդմիջումից հետո էր, եւ պաշտոնատար անձինք արդեն հեռացել էին։
Ընդմիջումից հետո ելույթ ունեցան նաեւ տարածաշրջանային համայնքների ղեկավարները, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր շտաբի ներկայացուցիչը, Կիպրոսի Մելգոնյան վարժարանի տնօրեն տկն Լաչինյանը եւ երգիչ Պետրոս Կիրկորովը։ Քանի որ Անի Լաչինյանը խոսում էր արեւմտահայերեն, նրան քչերն էին հասկանում, բայց վերջում ասված «միությունը զորություն է» խոսքերը, ինչպես նաեւ դրանց ռուսերեն թարգմանությունը, ծափահարությունների փոթորիկ առաջացրին։ Այնպես որ, ժողովը վարող Չիլինգարովը ստիպված եղավ դադարեցնել ծափահարությունները հետեւյալ խոսքերով. «Դե լավ, բոլորս կգնանք Կիպրոս»։ Այդպիսով նա հնարավորություն ստացավ հայտարարելու հաջորդ ելույթ ունեցողի անունը։ Ի դեպ, տիկին Լաչինյանը համագումարում ներկա եղած սակավաթիվ կանանցից մեկն էր։ Դահլիճում, ինչպես լինում է հայկական ժողովներում, առավելապես տղամարդիկ էին, այդ թվումՙ նշանավոր արտիստներ, մարզիկներ, գիտնականներ, գործարարներ։ Որքան էլ տարօրինակ էՙ դահլիճում էր նաեւ Շախունյանը, որը վերջերս ձերբակալվել էր նախագահ Պուտինի օգնականի փաստաթղթերի կեղծման եւ գործարարներին ավտոմեքենաների հատուկ համարանիշներ վաճառելու փորձի համար։ Նրան տեսնելը տարօրինակ էր նաեւ այն պատճառով, որ ՌՀՄ մամլո ծառայությունը համագումար հրավիրելիս հատկապես ընդգծել էր, թե տեղերը շատ սահմանափակ են, ուստի լրագրողներին թերեւս բաժին ընկնեն «կանգնելու տեղեր», մանավանդ որ «մենք նրանց հրավիրում ենք աշխատելու»։ Թեեւ ինձ տեղ բաժին ընկավ, բայց ես, այնուամենայնիվ, որոշեցի չհրաժարվել աշխատանքից եւ գրել այս հոդվածը։ Ավարտելով, ուզում եմ նշել, որ ընդհանուր առմամբ ժողովն անչափ ներկայացուցչական էր, իսկ հանուրի տրամադրությունն իր ելույթում արտահայտեց մուրմանսկցի պատգամավորըՙ ասելով. «Ես ցնցված եմ համագումարի մակարդակից»։ «Ցնցված» հյուրերը ցրվեցին իրարից եւ մանավանդ ՌՀՄ նախագահից գոհ։ Բնականաբար, միահամուռ առավել քան դրական գնահատվեց զեկուցումը, որտեղ խոսվում էր ՌՀՄ հաջողությունների եւ Արա Աբրահամյանի աշխատանքի ու ապագա ծրագրի մասին։
Համագումարում նաեւ դատապարտվեց Տիրան (Ղազարոս) Կյուրեղյանի պառակտիչ գործունեությունը եւ ընդունվեց նախագահ Պուտինին ուղղված դիմում, որով շնորհակալություն էր հայտնվում համագումարին հասցեագրված ողջույնի եւ նախագահական աջակցության համար։
Ի դեպ, միջանցքում Միհրանյանի հետ զրուցելիս Ալեքսանդր Վոլոշինն ի հայտ բերեց հայ եկեղեցու վիճակի զարմանալի իմացություն եւ ակնարկեց, թե այդ հարցում իր եւ նախագահի դիրքորոշումը չի տարբերվում ՌՀՄ-ի դիրքորոշումից։ Մանավանդ, որ իր կինը 1/4-ով հայուհի է, եւ երեխաների երակներում էլ, ուրեմն, հայկական արյուն է հոսում։