Երեկ խմբագրությունն ահազանգ ստացավ Արաբկիրի համայնքի Գյուլբենկյան փողոցի թ. 41, 39բ եւ 39ա շենքերի բնակիչներից իրենց մատակարարված ջրի ծայրաստիճան աղտոտվածության մասին։ Ըստ նրանց, ծորակներից հոսող խմելու ջուրը ոչ այն է սեւ, ոչ այն էՙ դարչնագույն երանգներ ունի։ Երբ լցվում է որեւէ ամանի մեջ, նույն երանգավորմամբ նստվածք, իսկ ջրի մակերեսին տեխնիկական յուղի շերտ է առաջանում։ Որեւէ կենցաղային իր մաքրելն անհնար է, քանզի ջրի բաղադրության մեջ եղած վերոնշյալ նյութերն ավելի են աղտոտում այդ իրը։ Հասկանալի է, որ այդ ջուրը խմելն անհնար է։
Կասկածելի բաղադրությամբ ջուրը մատակարարվում է արդեն 10¬12 օր։ Բնականաբար, մտահոգված բնակիչները դիմել են համայնքի, մայրաքաղաքի եւ հանրապետական սանհամաճարակային ծառայություններին, սակայնՙ անարդյունք։ Այնուհետեւ առողջապահության նախարարության համապատասխան վարչության պետին դիմելուց հետո միայն այդ ծառայությունների աշխատակիցները եկել են ջրի բաղադրությունը ստուգելու։ Սակայն ստուգելու փոխարեն նրանք ընդամենը փորձել են համոզել բնակիչներին, թե ջուրն անվտանգ է եւ փոքր-ինչ ժանգոտված է։ Մինչդեռ որոշ մարդկանց ինքնազգացողությունն արդեն վատացել է, եւ ի հայտ են եկել աղեստամոքսային խանգարումների նշաններ։ Մատակարարված ջրի աղտոտվածության մասին, ըստ բնակիչների, տեղյակ են նաեւ Երեւանի ջրմուղ-կոյուղում եւ նրա Արաբկիրի տարածքային բաժանմունքում։ Այնուամենայնիվ, վիճակը որեւէ կերպ չի փոխվում։ Հանուն արդարության պետք է նշել նաեւ, որ շենքերից մեկի մի քանի բնակիչներ որոշ ժամանակ առաջ ցանկացել են ապօրինի ջրամիացում կատարել մայր խողովակին, սակայն փորձը կանխվել է, իսկ խողովակը հավանաբար բաց է մնացել եւ դարձել ջրի աղտոտման պատճառ։
Այսպես թե այնպես, տուժում են մարդիկ, ովքեր դրա հետ կապ չունեն, իսկ համապատասխան պետական կառավարման մարմիններն ուղղակի պարտավոր են կարգավորել այս հարցը։ Նշենք նաեւ, որ դա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնելու ենք կոնկրետ պատասխանատուների անունները, որոնք զլանում են կատարել իրենց պարտականությունները։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ