Այս տարի Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը նշում է իր 80-ամյակը։ Այս հաստատությունը ժառանգորդն է մեր մայր բուհի տեխնիկական ֆակուլտետի, որ 1930-ին արդեն առանձնացվել է իբրեւ ՀՍՍՀ շինարարության ինստիտուտ։ Ինչպես խորհրդային շրջանում, վերջին տարիներին էլ համալսարանը համարվում է ճարտարապետության, շինարարության ոլորտում հեղինակավոր հաստատություն ոչ միայն մեր երկրում, այլեւ ԱՊՀ-ում ու առհասարակ արտերկրում։ Սա հայաստանյան բուհերից միակն է, որի ավարտական վկայականն ընդունվում է դրսում։
Ներկայացնում ենք մեր հարցազրույցը համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանի հետ։
¬ Պրն Բեգլարյան, ի՞նչ միջոցառումներ եք նախապատրաստում 80-ամյակի առթիվ։
¬ Ծրագրի մեծ մասն անակնկալ է եւ առայժմ գաղտնի, բայց վստահեցնում եմ, տոնելու ենք խիստ յուրովի։ Մեր նախատեսած տոնակատարությունների նախադեպը չի եղել։ Միջոցառումներից, այնուամենայնիվ, նշեմ շինարարական ուսումնական հաստատությունների միջազգային ասոցիացիայի նախագահությանՙ մեր համալսարանում կայանալիք նիստը։
Այս կառույցի անդամ ենք նաեւ մենքՙ ի թիվս նախկին ԽՍՀՄ երկրների։ Ի դեպ, մեր բուհի ավարտական վկայականը ճանաչվում է բոլոր 131 բուհերի կողմիցՙ հավասար իրենց վկայականին։ Ֆրանսիան առհասարակ 1994-ից ճանաչեց մեր ավարտական վկայականը հինգ տարով։ Անցյալ տարի մեր համալսարանում հատուկ պատվիրակության անցկացրած ստուգումներից հետո ճանաչման որոշումը վերահաստատվեց։
Վերադառնալով կոնկրետ միջոցառումներինՙ կան ֆինանսական դժվարություններ, քանզի հոբելյանը պիտի նշել ըստ արժանվույն։ Մենք կառուցող ժողովուրդ ենք, իսկ սա ճարտարապետներ ու շինարարներ պատրաստող մեր միակ հաստատությունն է։ Բայց կառավարությունն օգնել չի կարող, նման խնդիր չենք էլ դրել։
Ակնկալում ենք մեր շրջանավարտների օգնությունըՙ ծրագիրը հավուր պատշաճի իրականացնելու համար։
¬ Իսկ ընդհանուր առմամբ ի՞նչ խնդիրներ ունի բուհը։
¬ Լինելով ճարտարապետաշինարարական բուհ, որի սաները կառուցել են ողջ հանրապետությունն ու ի մասնավորիՙ Երեւանը, մենք չունենք այսօր շենքային բավարար պայմաններ։ Տեղավորված ենք ճարտարագիտական համալսարանի հետ մի շենքում։ Բայց, միեւնույն է, հուսով ենք, որ տարիների ընթացքում կունենանք համապատասխան շենք։
Զուտ կրթական առումովՙ խնդիրը մասնագետ դասախոսների սերնդափոխության ապահովումն է։ Այսօր ունենք 50 դասախոս, որոնք դասավանդել են արտերկրի տարբեր բուհերում, 62 դոկտոր, պրոֆեսոր։ Սա պիտի աշխատենք չկորցնել ու շարունակական դարձնել։
¬ Ինչպիսի՞ն է բուհի տեխնիկական հագեցվածությունը։
¬ Ժամանակին մեր բուհն իսկապես լավ հագեցվածություն ուներ։ Բայց, չպիտի մոռանալ, որ տեսությունն ու արտադրությունը, միեւնույն է, փոքր-ինչ հեռու են լինում իրարից։ Անգամ խորհրդային տարիներին էր դժվար գնալ արտադրությանը զուգընթաց։ Բայց փորձում ենք։ 1990-ականներին, երբ առաջին համակարգիչներն էին ներմուծվում, մենք արդեն ունեինք ամենավերջին համակարգիչները։ Այս առումով մեր ինֆորմատիկայի ամբիոնը կարող է հանդիսանալ համակարգիչների թանգարան։ Ունենք 50-ականներից մինչեւ մեր օրերի վերջին սերնդի տեխնոլոգիաներ։
Չնայած շենքային նեղ պայմաններինՙ մեր նկուղային հարկում տեղակայված են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, հիդրոտեխնիկական կառույցների համակարգեր, ջրամբարներ, որտեղ համապատասխան մասնագիտացումներով ուսանողներն աշխատում են։ Բայց, եթե կամենում ես միշտ տեխնիկական շատ բարձր մակարդակի վրա լինել, պիտի փոփոխություններ անես յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Մենք հարցը լուծել ենք այլ կերպ. Երեւանում, արտերկրյա ծրագրերի շրջանակներում, ստեղծված են մի շարք լաբորատորիաներ։ Մենք պայմանագրեր ենք կնքել դրանց հետ ու օգտվում ենք մեզ անհրաժեշտ լաբորատորիաներից, որոնք կան մեր գրեթե բոլոր մասնագիտությունների գծով։
¬ Կարո՞ղ եք պնդել, որ ժամանակակից չափանիշներով մասնագետներ եք պատրաստում։
¬ Կարծում եմՙ խորհրդային ուսումնական համակարգում միջազգային համապատասխան մակարդակ ապահովելու համար պակասում էր շատ փոքր մի բանՙ կրթական գործընթացում պրակտիկ հատվածի մեծացումը։ Մենք այդ բարելավումն իրագործել ենք։ Ասենք, ունենք երեք նոր մասնագիտություն, որոնցից մեկով շրջանավարտներ էլ դեռ չենք ունեցել, որոնց ուսանողները հենց կադաստրի պետական կոմիտեում են անցնում մասնագիտական պրակտիկան։ Եվ, ըստ էության, մեր հինգերորդ կուրսի այս ուսանողներն արդեն պատրաստի մասնագետներ են։ Ընդհանուր առմամբ, պատրաստում ենք շինարարներՙ տասնվեց մասնագիտացմամբ, ճարտարապետՙ երկու մասնագիտացմամբ։
¬ Աշխարհում ընդունված է այս ոլորտի հաստատությունները հաճախ անվանել գեղեցիկ արվեստների ու ճարտարապետության, կամ արվեստների ու արդյունաբերության համալսարաններ, դպրոցներ։ Ինչպե՞ս եք համատեղում դուք հումանիտար ու ինժեներատեխնիկական ուղղությունները։
¬ Ճարտարապետական ու շինարարական արվեստի պատմություն առարկա ունենք բոլոր մասնագիտություններում պարտադիր։ Ճարտարապետների դեպքում ավելանում է նաեւ արտասահմանյան ճարտարապետության պատմությունը։ Նրանք ուսումնասիրում են հնաբանություն, սեպագիր արձանագրություններ, գրաբար։ Բայց նաեւ ամուր է ինժեներատեխնիկական բազան։
Մեր ուժը նման այլ բուհերի համեմատ նրանում է, որ մեր ճարտարապետները նաեւ շինարար են ու ինժեներ։
Շինարարներն էլ ճարտարապետություն են ուսումնասիրում։ Մեզ մոտ այս երկուսն ավանդաբար միախառնվել են բացառիկ կերպով։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ