Նախամուտքին շամպայն, սրահումՙ ոչ միայն տոնական տաք եւ սառը խորտիկներ, այլեւ մշակութային խիստ ճաշակով ընտրված հայտագիր, որը դրամահավաք-նվիրատվության երկրային մարմնին հոգեւոր շապիկ հագցրեց։ Մարտի 16-ին, ժամը 18-ին Քյոլնի հայտնի Մաթերնուսհաուս ընդարձակ սրահում տեղի ունեցավ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) հիմնադրամի ստեղծման առիթով կազմակերպված տոնական հանդիսությունըՙ 200-ից ավելի ներկաների մասնակցությամբ։ Պատվավոր հյուրերի թվում էին ԳԴՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան տիկին Կարինե Ղազինյանը, գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանը, Եվրոպահայ միությունների ֆորումի նախագահ Թորոս Սաղրյանը։
32 տարի գործող ԳԿԽ-ի ապագա անխոտոր ընթացքը Հիմնադրամով երաշխավորելու հղացքը Բոխումի Սփյուռք եւ ցեղասպանություն ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղինն է։ Սերունդներն իրար շաղկապող ու համախմբող Հիմնադրամի գոյությունը հանրային կառույցների մեջ ինտեգրվող գերմանահայության համար հավակնում է հուսալի պատվար դառնալՙ ապահովելով նյութական այն հենքը, առանց որի դժվար է խոսել պրոֆեսիոնալիզմի մասին։ Հոգալով գերմանահայերի ընկերային եւ մշակութային հեռահար ծրագրերի մասին, ֆինանսական կայուն աղբյուր հանդիսանալով սերունդների համար, Հիմնադրամը փաստորեն վստահություն է ներշնչում գերմանահայությանըՙ ապագա մարտահրավերները դիմակայելու։ Կյանքի կոչվածը կառուցվածքային կարեւոր քայլ դիտարկելով դոկտ. Դաբաղը մեր զրույցում նկատել է տալիս, որ Հիմնադրամը ներկայի հետ կապ չունի, ամբողջապես ուղղված է ապագան փրկելուն։ Տարագրության ամենատարբեր հանգրվաններում ստեղծվել են նման կառույցներ, դրանք սփյուռքյան ավանդույթի մաս են կազմում։ Գերմանահայությունը զուրկ էր նման կառույցից, ինչի հիմքն արդեն դրվեց, հավելում է Միհրան Դաբաղըՙ իրազեկելով, թե Հիմնադրամն անձեռնմխելի է, որեւէ ծրագիր իրականացվելու է տարեկան տոկոսների հաշվին, իսկ նույնաբնույթՙ դրամահավաք ապահովող միջոցառումներն էլ ամենամյա են լինելու։
Շաբաթ երեկոյան ողջույնի իր խոսքում ԳԿԽ ատենապետ Շավարշ Հովասափյանը, կարեւորելով Հիմնադրամի ստեղծումը, հայտարարեց, թե սփյուռքի միությունների, կազմակերպությունների արդիականացումը հնարավոր է միայն ֆինանսական նման կառույցի միջոցով։ Նա շնորհակալություն հայտնեց Շահինյան եւ Դավիթյան ընտանիքներին, ովքեր Հիմնադրամում 2553 եվրո առաջին ներդրումն արեցինՙ իրենց հոր մահվան առիթով ծաղկեպսակներին հատկացվելիք գումարը կոչ անելով փոխանցել գերմանահայության նորաստեղծ այս կառույցին։ Այնուհետ ներկաներին խոսք ուղղեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը։ Գերմանահայության այդ «ազնիվ նպատակը» բարձր գնահատելով, տիկին Ղազինյանը ընթերցեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գրավոր ուղերձը։ «Ի սրտե շնորհավորում եմ ԳԿԽ նախաձեռնությունը, որ միտված է գերմանական հողի վրա տասնամյակներ ի վեր գործող հայկական ազգային ու համայնքային կառույցների գործունեությանը նոր որակ հաղորդելուն, նրանց կազմակերպչական մեխանիզմները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակին։ Լիահույս եմ, որ գերմանահայոց հիմնադրամիՙ որպես համագերմանական նշանավոր հաստատության ստեղծումը նոր խթան կհանդիսանա հայրենիք-սփյուռք կապերի հետագա ամրապնդման, մասնավորապես Հայաստանի ու Գերմանիայի համագործակցության ընդլայնման ու խորացման բնագավառում։ Հուսով եմ, որ Ձեր նախաձեռնությունը իր արձագանքները կստանա նաեւ սփյուռքի այլ համայնքներում, որպես համագործակցության կազմակերպման ու զարգացման լավագույն օրինակ», ասված է ՀՀ արտգործնախարարի նամակում։
1500 եվրո ներդրումով գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոսն օրվա առաջին նվիրատվությունն արեց Հիմնադրամում, այնուհետ դահլիճին փոխանցելով Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնության ու գնահատանքի գրությունը։ «Գերմանիայում մեր ծառայության տարիներից ծանոթ ենք խորհրդի գործունեությանը, որ նպատակ ունի ի մի բերել Գերմանիայում բնակվող հայորդիներին, զորացնել նրանց ազգային կյանքը եւ նպատակաուղղել հարազատ ժողովրդին ծառայելու վեհ գաղափարը, ազգային մեր իղձերի իրականացումը։ Ծանոթ ենք նաեւ հայ մշակույթի ճանաչողությանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված խորհրդի ջանքերին, որ շարունակում եք հետապնդել աննվազ նախանձախնդրությամբ։ Մենք հավատում ենք, որ առաջիկա համագումարը առավել արգասավոր է դարձնելու Ձեր հետագա գործունեությունը եւ Ձեր ազնիվ աշխատանքը պսակվելու է բարի արդյունավորմամբ»։
Երեկոյի ընթացքում 2500 եվրո աճուրդային գնով վաճառվեց Ասատուրի «Փորագրությունը»։ Ջութակահար Արա Մալիքյանի, դաշնակահարներ Սերուժ Գրաճյանի ու Արմինե Գուլոյանի, սոպրանո Վարդենի Դավթյանի, դերասանուհի Նարինե Խաժակյանի, «Նոր ձայն» խմբի, Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մասնակցությամբ մատուցված մշակութային բաժինը, պարզ է, երեկոն պիտի ձգեր մինչեւ ուշ գիշեր։ Միջոցառման ընթացքում հանգանակվեց 20 հազար եվրոՙ հիմնադրամի գումարային մուտքը հասցնելով 40 հազարի։ ԳԿԽ-ն համոզված է, որ մինչեւ տարեմուտ կկարողանա ապահովել 50 հազարը, ինչի շնորհիվ, տեղական օրենքի համաձայն, հնարավոր կդառնա Հիմնադրամի գրանցումը։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն