ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ստրասբուրգ կատարած մեկշաբաթյա աշխատանքային այցելության ընթացքում ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը մասնակցել է Եվրախորհրդի Սպորտի զարգացման կոմիտեի նիստին, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել։
Ինչպես մարտի 22-ին ասուլիսում հայտնեց փոխնախարարը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին անգամ Հայաստանում անցկացնել սեմինար «Պետության հարաբերությունները ոչ պետական սպորտային կազմակերպությունների հետ» թեմայով։ ԵԽ Սպորտի զարգացման կոմիտեի նիստին որոշվել է, որ սպորտի մասին ՀՀ օրինագծում անհրաժեշտության դեպքում կկատարվեն փոփոխություններ եւ լրացումներ, ապա այն կներկայացվի Եվրախորհրդի փորձագետների քննությանը։ 2003 թ. կոմիտեի հակադոպինգի մասնագետները կայցելեն Հայաստան։
Կ. Արիստակեսյանը հայտնեց, որ մշակութային քաղաքականության Հայաստանի ազգային զեկույցը անցյալ տարի Եվրախորհրդում ներկայացվելուց հետո մինչ օրս չի հրապարակվել, քանի որ թուրքական կողմը բողոքել էր դրանում Հայոց ցեղասպանության փաստի արծարծման առնչությամբ։ Խնդրի կապակցությամբ Արիստակեսյանը հանդիպել է ԵԽ 4-րդ քարտուղարի հետ։ Վերջինս առաջարկել է, որպեսզի զեկույցի պատմական հատվածի վերաբերյալ պատմաբանների հանձնախումբը պարզաբանում տա տողատակումՙ գրքի սկզբում կամ վերջում։ Հայկական կողմը առարկել է եւ խնդրել զերծ մնալ որեւէ պարզաբանումիցՙ պնդելով զեկույցը հրապարակել առաջնային տեսքով։
Հայաստանի առաջակությամբ Երեւանը եւս ընդգրկվել է Եվրախորհրդի մշակութային ժառանգության պահպանմանՙ պատմական քաղաքների վերականգնման ծրագրում։ ԵԽ մեկ այլՙ «STAG» հարավկովկասյան պետությունների մշակութային ծրագրի շրջանակներում մայիսի 10-11-ը երեք երկրների մշակույթի նախարարները կհանդիպեն Շվեյցարիայում։ 2002-2003 թթ. «STAG»-ի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն երեք սեմինարներՙ մշակույթի նախարարության աշխատակիցների վերապատրաստման, մշակութային տուրիզմի զարգացման, մշակութային համագործակցության սերտացման թեմաներով։