«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2002-03-21 | #53, 2002-03-22 | #54, 2002-03-23


«ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մեծածավալ հանրագիտարանՙ արժեքավոր տեղեկություններով

«Իսկ հոգեւոր արժեքների վեհությունը, որ աստվածասերների համար մեծություն է, նման է թանկագին մարգարիտի, նուրբ, բոլորակաձեւ, լուսավոր, հազվագյուտ, որը չունի բիծ կամ արատ իր ճաճանչավոր փայլի մեջ»։

Ագաթանգեղոս

Հայոց պատմության մեջ դարձակետային տարեթիվ էր 301 թվականը։ Այն ուղենշեց մեր հետագա հոգեւոր-մշակութային կյանքը, ուղղորդեց հայ աստվածաբանական-իմաստասիրական միտքը, հաստատեց կենսակերպի բարոյական մեր ըմբռնումներըՙ պայմանավորելով պետական-քաղաքական մեր շրջադարձը։ Քրիստոնեությունն իբրեւ հավատամք, գաղափարաբանություն, հոգեւոր սնունդ ընդունած ժողովուրդը 1700-ամյա քրիստոնյա պատմության դժվարին լինելիությունը շարունակեց իր ստեղծած հոգեւոր-մշակութային արժեքների շնորհիվ, որն անկասկած, համընդհանուր քրիստոնեական մշակույթի անքակտելի մասն է համարվում։ Եվ վստահաբարՙ բազմաթիվ արհավիրքների եւ խարխուլ ժամանակների մեջ հայոց առաքելական եկեղեցին եղել է այն հենասյունը, որ իր հոտին ժողովելուց բացի, հիմնական ապաստանն ու ապավենն է եղելՙ ավելի հաճախ կատարելով թե՛ հոգեւոր, թե՛ աշխարհիկ իշխանությունների դերը։ Եվ այսօր մենք մեր ողջ պատմության եւ 1700-ամյա քրիստոնյա մեր անցյալի ժառանգորդներս, պարտ ենք մեր հոգեւոր համոզմունքների եւ արժեքների տերը լինելու։ Այսպես է։ Հավատքի առաջին պատերազմը հայոց հողում եղավ։

2001-ի հոբելյանական տարին ամփոփեց քրիստոնեական մեր անցյալը, եւ այդ ֆոնին տեղի ունեցան նշանակալի իրադարձություններ։ Փոքր-ինչ ուշացումով ներկայացվում է հույժ արժեքավոր հրատարակությունՙ «Քրիստոնյա Հայաստան» գիրքը, որը ներառում է տեղեկություններ քրիստոնեական հոգեւոր-մշակութային մեր ողջ արժեքների մասին։ Գիրքը լույս է տեսնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հայրապետական օրհնությամբ, հրատարակության ընթացքում ցուցաբերած հոգածության եւ ուշադրության շնորհիվ։

Հանրագիտարանը նպատակ ունի ներկայացնել հայ ժողովրդի ավանդը քրիստոնյա քաղաքակրթության եւ համամարդկային մշակույթի մեջ։ Իր տեսակի մեջ նախադեպը չունեցող հիշյալ աշխատությունը հնարավորինս համապարփակ եւ ընդգրկուն ներկայացնում է հայոց հոգեւոր կյանքըՙ քրիստոնեական հավատքին նվազագույն ձեւով առնչվող գրեթե բոլոր երեւույթների մասին տեղեկություններով։ Հանրագիտարանը ներկայացնում է Քրիստոնյա Հայաստանն ու Հայաստանյայց առաքելական եկեղեցին, հայոց դարձն ու հավատո հանգանակը, հայոց հոգեւոր ըմբռնումներն ու մշակութային դրսեւորումները, կրոնաեկեղեցական գաղափարախոսությունն ու աստվածաբանական միտքը։ Հանրագիտարանը պարունակում է խիստ արժեքավոր տեղեկություններՙ քրիստոնեության մուտքը եւ տարածումը Հայաստանում, Հայ եկեղեցու պատմությունՙ դավանանք, խորհուրդներ, ծեսեր, տոներ, նվիրապետություն, պատրիարքություն, թեմեր, մասնավոր եւ հակաթոռ կաթողիկոսական աթոռներ. Աստվածաշնչի հայերեն թարգմանություն եւ հրատարակություն, Սուրբ գրքին նվիրված մեկնողական, ճառախոսական մատենագրություն. հայ եկեղեցու սրբեր, հայրեր, վկաներ, հայոց վանքեր, եկեղեցիներ, գրչության կենտրոններ, համալսարաններ, վարդապետարաններ հայ քրիստոնեական մշակույթ, տիեզերական եւ ազգային եկեղեցական ժողովներ. եկեղեցու ականավոր ներկայացուցիչներ, նշանավոր գիտնականներ, մշակութաբաններ, շարականագիր երաժիշտներ, մանրանկարիչներ, ճարտարապետներ։

Հանրագիտարանում զետեղված են նաեւ մեր հարեւան քրիստոնյա եկեղեցիների, դավանանքների վերաբերյալ հոդվածներ։

Մեծածավալ այս աշխատությունը պարունակում է 1070 հոդված, 12 քարտեզ, 700 գունավոր եւ սեւ-սպիտակ պատկերազարդում։ Գունավոր պատկերազարդումները (16 ներդիր) եւ քարտեզ (մեկ) տրված են ներդիրներով։

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանն արդյունք է հայրենի եւ արտերկրի նշանավոր գիտնականների, աստվածաբան եկեղեցականների, Մայր աթոռի միաբանների երկար տարիների համառ ու նվիրական աշխատանքիՙ գլխավորությամբ հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդիՙ Հովհաննես Այվազյան, Հայկ Խաչատրյան, Կոստանդին Խուդավերդյան, Մուրադ Հասրաթյան, Արտաշես Ղազարյան, Արամ Սարգսյան, Հակոբ Քյոսեյան, Շահե արք. Աճեմյան, Եզնիկ եպս. Պետրոսյան, Մեսրոպ քհն. Արամյան։

Հանրագիտարանի տպագրությունն իրականություն է դարձել լիբանանահայ բարերարներ տեր եւ տիկին Ժիրայր եւ Հասմիկ Գաբրիելյանների նվիրատվությամբ, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի նյութական աջակցությամբ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4