Այս կարծիքին է արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսը
«Ազգը» պարբերաբար անդրադարձել է իրոք պրոֆեսիոնալ, ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվի կազմավորմանն ուղղված «Փյունիկ» ակումբի ղեկավարության ձեռնարկումներին։ Հերթական քայլը արգենտինացի մասնագետների թիմ հրավիրելն էր։ «Փյունիկի» ղեկը վստահվել է արգենտինացի ճանաչված մարզիչ Օսկար Լոպեսին։ 64-ամյա մասնագետը մարզել է արգենտինյան «Ատլետիկո Բանֆիլդ», «Վելես Սարսֆիլդ», «Դեպորտիվո Էսպանյոլ», «Ատլետիկոս Լոս Անդես», «Կիլմես Ատլետիկ», «Ռասինգ», պերուական «Սպորտինգ Կրիստալ» թիմերը, որոնք դարձել են երկրի չեմպիոն եւ մրցանակակիր։ «Նաիրիտ» մարզադաշտում նրա անցկացրած երկժամյա հագեցած մարզումից հետո էլ կայացավ առաջին հարցազրույցը Օսկար Լոպեսի հետ։
¬ Պարոն Լոպես, նախ թույլ տվեք ողջունել ձեզ հյուրընկալ հայկական հողում։
¬ Շնորհակալություն։ Շատ զգացված եմ ցուցաբերվող ուշադրությունից։
¬ Դուք արտասահմանցի առաջին մարզիչն եք, որ գլխավորելու եք Հայաստանի թիմը։ Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք «Փյունիկում»։
¬ «Ռասինգի» հետ պայմանագրիս ժամկետն ավարտվել էր, եւ ես նոր թիմ էի փնտրում։ Այդ ժամանակ էլ «Դեպորտիվո Արմենիոյի» ծագումով հայ նախագահ Նորայր Նակիսը տեղեկացրեց, որ «Փյունիկը» ցանկանում է հրավիրել ինձ։ Ծանրութեթեւ անելով առաջարկը, համաձայնեցի։ Իհարկե, հասկանում էի, որ որոշ չափով ռիսկի եմ դիմում, սակայն գտնում եմ, որ Հայաստանում աշխատելն ինձ համար կարեւոր եւ հետաքրքիր կլինի։ Առաջին հերթին մարզական հետաքրքրությունից դրդված ընդունեցի առաջարկը։
¬ Մինչ այդ Հայաստանի, հայկական ֆուտբոլի մասին որեւէ տեղեկություն ունեի՞ք։
¬ Եթե ունեի էլ, ապա շատ աղոտ։ Ձեր երկիրն առաջատար ֆուտբոլային երկրների շարքում չէ, ուստի ինձ չեք կարող մեղադրել սուղ տեղեկությունների համար։
¬ Եվ ինչպիսի՞ն է առաջին տպավորությունը թիմից։
¬ Սկզբի համար նորմալ է։ Առաջին մարզումներից պարզ դարձավ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ թույլ պատրաստությունը։ Կարծում եմՙ ճիշտ վարվեցի, որ ինձ հետ թիմ բերեցի ֆիզպատրաստության մարզիչ Ռուբեն Բրիտեսին։ Մյուս օգնականիսՙ Ռուբեն Ֆլոտայի հետ միասին մարզումների ժամանակ մեծ տեղ ենք հատկացնում տղաների ֆիզիկական պատրաստությանը, խաղային տարբեր դրվագներում նրանց գործողությունների հղկմանը, տակտիկական տարբերակների մշակմանը։ Հայ ֆուտբոլիստներն ունակ են աճելու, սակայն դրա համար շատ աշխատանք պիտի տարվի։ Ամեն դեպքում գոհ եմ տղաներիՙ մարզումների ժամանակ ցուցաբերած քրտնաջանությունից, նվիրվածությունից։
¬ Ֆուտբոլիստների հետ շփվելիս լեզվական խնդիրն ինչպե՞ս եք լուծելու։
¬ Թարգմանչի միջոցով։ Ինձ հետ Երեւան է ժամանել Նորայր Նակիսի տղան, որի միջոցով էլ հաղորդակցվում եմ թիմի հետ։
¬ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Հայաստանի չեմպիոնն ըստ արժանվույն հանդես գալ եվրոպական գավաթների մրցաշարում։
¬ Այս պահին դժվար թե։ Թիմի կազմը զգալի ուժեղացման կարիք է զգում։ Դա նշանակում է, որ մենք պետք է փորձենք առաջատար ֆուտբոլային երկրներից, ասենք, Անգլիայից, Ֆրանսիայից, կամ էլ Արգենտինայից ֆուտբոլիստներ հրավիրել։ Իմ խնդիրն էլ հենց մարտունակ կոլեկտիվ ստեղծելն է, որպեսզի «Փյունիկը» ինչ-որ չափով հաջող հանդես գա չեմպիոնների լիգայում։
¬ Տակտիկական ինչպիսի՞ տարբերակի կողմնակից եք։ Թե՞ դա կախված է կոնկրետ մրցակցից։
¬ Իհարկե, մրցակիցը եւս իր դերը խաղում է։ Սակայն որպեսզի մտահղացումներդ կյանքի կոչես, պետք է համապատասխան ֆուտբոլիստներ ունենաս։ Իսկ եթե նրանք չկան, ապա արդեն նշանակություն չունի, թե տակտիկական ինչպիսի տարբերակ ես ընտրել։ Նման դեպքերում ավելի շուտ դու պիտի հարմարվես թիմին։
¬ Առջեւում ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է։ Ինչպե՞ս եք գնահատում Արգենտինայի հավաքականի հնարավորությունները։
¬ Ֆուտբոլային թիմը շատ բարդ մեխանիզմ է։ Թիմը կարող է առաջնությունից երկու ամիս առաջ շատ լավ մարզավիճակում գտնվել եւ հոյակապ խաղ ցուցադրել, իսկ հետո մրցաշարում ձախողվել։
¬ Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ արգենտինացիներն իրենց ներուժով աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների թվում են։
¬ Ես կավելացնեի նաեւ Ֆրանսիայի հավաքականին։
¬ Իսկ ո՞վ է ձեր կարծիքով արգենտինական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
¬ Միանշանակ Դիեգո Արմանդո Մարադոնան։
¬ Վերադառնանք «Փյունիկին»։ Ակումբի հետ պայմանագիր արդեն կնքե՞լ եք։
¬ Առայժմ բանավոր համաձայնության ենք եկել։ Դեռեւս հարկավոր է որոշ մանրամասներ եւ պայմաններ ճշգրտել։ Հնարավոր է, որ պայմանագիրը շուտով կնքվի։