«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


«ԱՄՆ-Ը ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԴԵՐԻՆ»

Սկիզբ է դրվում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Երեկ երեկոյան ուշ ենք վերադարձել, այդ պատճառով ձեզ օդանավակայան չէինք հրավիրել։ Որպեսզի ավելորդ տարակարծություններից, ենթադրություններից խուսափենք, ձեզ հրավիրել ենք պաշտպանության նախարարությունՙ պատասխանելու ձեզ հետաքրքրող հարցերին», երկուշաբթի օրը հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար, նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռամսֆելդի, վերջինիս առաջին տեղակալ Պ. Վոլֆովիցի, պաշտպանության քարտուղարիՙ Եվրասիայի գծով փոխտեղակալ Մ. Ռիկարդելի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռ. Արմիթաջի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը եւ տիկին Միրա Ռիկարդելը ստորագրել են «Պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ» համատեղ հայտարարություն։ «Համաձայն այդ փաստաթղթի որոշվել է այս տարի ԱՄՆ եվրոպական հրամանատարության հետ ստորագրել ռազմական շփումների ծրագիր, որոշվել են համագործակցության երեք բնագավառներըՙ կադրերի պատրաստում, վերապատրաստում, այսինքնՙ ուսուցում, համագործակցություն կապի բնագավառում, մեր նպատակը բանակում կապի արդիականացումն է, եւ երրորդՙ խաղաղապահ ստորաբաժանմանն ամերիկյան աջակցություն։ Այս տարի խորհրդակցությունները կշարունակվեն, հաջորդ հանդիպումը կկայանա 2003 թ. գարնանը Երեւանում», ասաց Սերժ Սարգսյանը։

«Քանի դեռ կա Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ վտանգ, հայ-թուրքական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների առկայությունը արդարացված է. մոտավորապես այսպիսին է պաշտոնական Երեւանի տեսակետը։ Պրն նախարար, նման մոտեցումը ինչպե՞ս է ընկալվում Պենտագոնում եւ արդյոք այցի ընթացքում ինչ-որ ձեւով քննարկվե՞լ է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության խնդիրը»։

Մեր այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Նախ պետք է ասեմ, որ Մ. Նահանգներում Ռուսաստանի հետ կապված որեւէ հարց չենք քննարկել, որովհետեւ մեր այցելությունն ԱՄՆ նպատակ ուներ այդ երկրի հետ սկսել ռազմական համագործակցություն։ ԱՄՆ-ը, ե՛ւ մեր կարծիքով, ե՛ւ ինչպես իրենք բացահայտ ասացին, նպատակ չունի փոխարինելու ռուսական զորքերին կամ ռուսական դերին Հայաստանում, այլ նպատակ ունի լրացնելու։ Այնպես որ, չեմ կարծում, թե հարցը ճիշտ է, կոռեկտ է, որ եթե Հայաստանում կան ռուսական զորքեր կամ ռուսական ներկայություն, ապա Մ. Նահանգների ներկայություն չպետք է լինի, եւ եթե լինի ԱՄՆ ներկայություն, ապա ինչ-որ տեղ դա պետք է խանգարի ռուսական ներկայությանը»։

«Ազգի» մյուսՙ «Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանում ամերիկյան ռազմական ներկայություն ինչ-որ ձեւով, ասենք զինվորական հրահանգիչների մակարդակով» հարցին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հայաստանում ամերիկյան հրահանգիչների ներկա լինելուն, ապա այս հարցը որեւէ առնչություն չունի այս այցելության հետ, որովհետեւ գիտեք, որ մինչ այդ այցելությունը մենք ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն ունեինք Հայաստանում ստեղծելու ականազերծման կենտրոն, այդ կենտրոնը մինչ մեր այցելությունն արդեն բացել ենք եւ անշուշտ, այդ կենտրոնում լինելու են հրահանգիչներ»։

Լրագրողներից մեկի հարցին, թե ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ է Վրաստանում ստեղծված իրավիճակը, եւ ինչպե՞ս է վերաբերվում Վաշինգտոնը հայ-իրանական համագործակցությանը, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Անշուշտ, մեր հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, այնպիսի հարցեր, որոնք կապված են Հայաստանի հետ, եւ այդ հարցերի մի մասն էլ վերաբերում էր Վրաստանին։ Թեհրանի հետ կապված որեւէ խնդիր չենք քննարկել»։

Սերժ Սարգսյանը ԱՄՆ այցելությունը որակեց «բավականաչափ հաջող» բառերով, եւ «մեր պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան բազմաթիվ անգամներ շփվելու ԱՄՆ-ում քաղաքականություն կերտող պետական պաշտոնյաների հետ, մասնավորապեսՙ կապված մեր տարածաշրջանի հետ»։

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի օրերս արած հայտարարությունը, թե ադրբեջանական բանակը կարող է գրավել Երեւանը, Սերժ Սարգսյանն ասաց. «Դուք պետք է հիշեք, որ բազմիցս եղել են նման հայտարարություններ, իսկ այդ հայտարարությունները սկսվել են 1991 թ.-ից, երբ Ադրբեջանում նշանակվում էր պաշտպանության նոր նախարար, խոստանում էր մի շաբաթ հետո թեյ խմել Ստեփանակերտում։ Բայց ինչպես տեսնում եք, դա մնում է ընդամենը երազանք։ Համենայն դեպս, կրկնեմ, որ հայկական բանակը մարտունակ է եւ ի վիճակի է պաշտպանելու մեր սահմանները»։

Վերջում հիշեցնենք Սերժ Սարգսյանի 15¬20 օրերի աշխատանքային գրաֆիկից մի քանի կարեւոր այցեր։ Մարտի 27¬30-ը տեղի է ունենալու «Կովկասյան քառյակի» (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը, ապրիլի սկզբներին Ղազախստանումՙ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Կիրգիզիա, Բելառուս, Հայաստան) անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդակցությունը։ Սերժ Սարգսյանն առաջիկա երկու շաբաթների ընթացքում կայցելի Մոսկվա։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուշայլոյի հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4