Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առջեւ դռներ փակող Թուրքիան, որին ոճրագործությունների ողջ ժամանակահատվածում (1878¬1918) հովանավորում էր կայզերական Գերմանիան, ի՞նչ դեր է խաղացել նացիստական Գերմանիայի կազմակերպած հրեական դաժան ցեղասպանության տարիներին։ Այս հարցի պատասխանը փորձենք գտնել «Ջերուսալեմ Փոստ» թերթում տպագրված Մելիսա Ռադլերի հոդվածում, որը պատմում է Նյու Յորքում անցած ամիս հրեական պատմության կենտրոնի նկարահանած փաստագրական ֆիլմի մասին։ Ֆիլմի հեղինակը Հոլոքոսթի մասնագետ Միխայիլ Բերենբաումն է, որը Հոլոքոսթից 60 տարի անց փաստեր է ներկայացնում Եվրոպայի թուրք-հրեաներին նացիստներից փրկելու Թուրքիայի համարձակ քայլերի մասին։ Անշուշտ, մահմեդական «չեզոք» երկիր Թուրքիան, փրկելով 20 հազար հրեաների եւ նրանց համար ճանապարհ հարթելով դեպի Պաղեստին, պիտի արժանանար հրեաների գովասանքին եւ երախտագիտությանը։ Հատկանշական է, որ ֆիլմի առաջին պլանում Ֆրանսիայի թուրք-հրեաներին փրկելու փաստն է։ Թե նացիստների օկուպացրած Եվրոպայից հեռու Թուրքիայի դիվանագետներին ու հոգեւորականներին ինչպես էր հաջողվում փրկել թուրք-հրեաներին եւ ապա նրանց ապահովել երրորդ երկիր մեկնելու թույլտվությամբՙ հայտնի չէ։
Ուշագրավ է, որ թուրքերը նույն հոգածությամբ չեն փրկել ռումինացի հրեաներինՙ 760 ուղեւորների մերժելով «Էս Էս Ստռումա» նավով հասցնել Թուրքիա։ Լուրեր են պտտվել, թե նավը պայթեցրել է ռուսական սուզանավը, եւ փրկվել է միայն մեկ ուղեւոր։
Հոդվածագիրը ֆիլմի կարեւոր բացթողում է համարում «թուրքերի գործած մեկ միլիոն հայերի ենթադրյալ ցեղասպանության մասին նշելը, որը Հիտլերն օգտագործել է իբրեւ վկայակոչում, որ աշխարհը չի արձագանքի հրեաների կոտորածին. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։
Թուրքերը շահագրգռված են եղել փրկելու հատկապես Ֆրանսիայի 10 հազար թուրք-հրեաներին։ Երբ Ֆրանսիայի կառավարությունը պահանջել է, որ հրեաները կրեն դեղին աստղ, եւ սկսել է նրանց ունեցվածքի բռնագրավումը, թուրք դիվանագետները իբր կատաղի բողոք են արտահայտել։ Նրանք գնացքներից եւ ճամբարներից դուրս են քաշել բոլոր թուրք-հրեաներին եւ ապահովել նրանց անվնաս անցումը Թուրքիա։ Իսկ Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքը 1933 թ. ընդունում է 200 գերմանացի եւ այլազգի մտավորականների, նրանց տալիս ապաստան եւ աշխատանքՙ այդպիսով օգտագործելով նրանց գիտելիքներն ու վարպետությունը։ Այդ մտավորականների մեջ էր Թուրքիայի նախագահական պալատի, պառլամենտի, օպերայի եւ թատրոնի, պաշտպանության նախարարության եւ այլ շինությունների ճարտարապետը։ Ստամբուլի համալսարանը նրանց շնորհիվ դառնում է գերմանական լավագույն համալսարանըՙ Գերմանիայից դուրս։ Այսպիսով, հոդվածում ներկայացված փաստագրական ֆիլմի կարեւորագույն դրվագներին ծանոթանալով, ակնհայտ է դառնում, որ այն պատրաստված է Թուրքիայի «բարերարությունը» ընդգծելու նպատակով։ Հասկանալի է, որ թուրք դիվանագետները սերտ կապեր են ունեցել նացիստների հետ, այլապես մի՞թե Թուրքիան ի զորու էր ֆաշիստական Գերմանիայի պողպատե ռեժիմը խախտելովՙ հրեաներ տեղափոխել երկրե-երկիր։ Վերջին հաշվով, եթե Օսմանյան Թուրքիայի դաշնակից կայզերական Գերմանիան օգնեց իրագործելու Հայոց ցեղասպանությունը, մի՞թե ֆաշիստական Գերմանիան պիտի մերժեր դաշնակից պետության պահանջըՙ 20 հազար թուրք-հրեաների ազատ թողնել։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ