Այսպիսի էկզոտիկ վերնագրով հոդված էր օրերս հրապարակել «Իզվեստիա» թերթը։ Տալով Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի պետերբուրգյան արտակարգ բեղմնավոր հոգեւոր ու ազգանվեր գործունեության բնութագիրը, հոդվածագիրը տարակուսանք է հայտնում, որ տեղափոխվելով Մոսկվա ու էապես ընդարձակելով իր արարումների աշխարհագրությունը, նա առ այսօր նստավայր անգամ չունի Ռուսաստանի մայրաքաղաքում։
Ընթերցողներին հիշեցնենք հարցի նախապատմությունը։ Մեկ տարի առաջ Եզրաս եպս. Ներսիսյանը նշանակվեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդՙ այդ պաշտոնում փոխարինելով Տիրան արք. Կյուրեղյանին։ Վերջինիս առաջարկեցին գլխավորել այլ թեմեր, հրավիրեցին Էջմիածին, բայց նա կտրականապես հրաժարվեց։ Շուտով Կյուրեղյանը հայտարարեց, որ ինքը չի ճանաչում կաթողիկոսի իշխանությունը, դուրս է գալիս թեմի կազմից եւ, գրանցելով «Մոսկվայի հայկական եկեղեցիների միություն» կրոնական կազմակերպությունը, ինքնուրույն շարունակում է իր հոգեւոր գործունեությունը Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցում։ Անմիջապես հետեւեց Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը նրան կարգալույծ հռչակելու մասին։ Տիրանն աշխարհադասվեց եւ դարձավ Ղազարոս Կյուրեղյան։ Սակայն եկեղեցուց պաշտոնապես վտարված անձը հայտարարելով, թե կաթողիկոսի կարգադրությունն անօրինական է, այսօր էլ հայ հոգեւորականի զգեստով շարունակում է ծիսակատարությունները Մոսկվայի հիշյալ եկեղեցում։ Հովանավոր փնտրելու մաքառումներով Ղազարոսը դիմեց նաեւ Կիլիկիո կաթողիկոսին, բայց մերժում ստացավ։
Իրադրությունը կարելի է բնութագրել որպես աննախադեպ, արտառոց, անպատշաճ եւ այլն։ Բայց դրանք բոլորը զգացմունքային գնահատումներ են։ Զարմանալի չէ, որ նույնիսկ «Իզվեստիան» տուրք է տալիս դրանցՙ տարակուսանք հայտնելով, թե ինչու Ղազարոս Կյուրեղյանը թեմի նոր առաջնորդին չի ճանաչում, երբ նրան ճանաչել են Ռուսաստանի հոգեւոր առաջնորդ պատրիարք Ալեքսի Բ-ն, նախագահ Վ. Պուտինը, որը վերջերս եպիսկոպոսին պարգեւատրեց ռուսաստանյան շքանշանով։
Բայց ահա, բնավ էլ զգայական չի կարելի համարել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության մոտեցումը, որը հայց է ներկայացրել Մոսկվայի Կրասնոպրեսնենսկի շրջանի դատարանՙ քաղաքային արդարադատության վարչությանՙ Կյուրեղյանի գրանցած կրոնական կազմակերպության վերաբերյալ որոշումը ապօրինի ճանաչելու եւ չեղյալ հայտարարելու մասին։ Խնդիրը խրթին է նաեւ այն պատճառով, որ հանգուցալուծման ընթացքում խաչաձեւվում են երկու երկրների աշխարհիկ ու հոգեւոր օրենքները։ Այնպես որ, դատարանից սպասելիքները մեծ են։ Արդեն տեղի է ունեցել առաջին դատական նիստը։ Ինչպես ասում ենՙ զինվենք համբերությամբ եւ սպասենք օրինական վճռին։