Մարտի 21¬ին ժամը 12¬ին նախագահական Բելվյու դղյակում, ի թիվս Գերմանիայում նոր նշանակված Սենեգալի, Լաոսի, Հունաստանի դեսպանների, ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագիրը հանձնեց ԳԴՀ նախագահ Յոհաննես Ռաուին։ 30 րոպե տեւած առանձնազրույցում հիմնականում խոսվել է հայ-գերմանական երկխոսության ակտիվացման մասին։ Տիկին Ղազինյանը ԳԴՀ նախագահին է հանձնել հայ-գերմանական հարաբերությունների 10-ամյակի առիթով Ռոբերտ Քոչարյանի հղած ուղերձը։ Տիկին դեսպանն ընդգծել է, թե ցայժմ աշխուժորեն զարգացել են խորհրդարանական կապերը, եւ ցանկություն է հայտնել միջկառավարական կապերի ակտիվացման վերաբերյալ։ Երկկողմ ափսոսանք է հայտնվել, որ դեռեւս նախագահական այցեր չեն կայացել, եւ այդ ուղղությամբ աշխատանք տանելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Յոհաննես Ռաուն հետաքրքրվել է նաեւ տարածաշրջանային հարցերով, ԳԴՀ երբեմնի արտգործնախարար Գենշերի 75-ամյակի առիթով օրերս Բեռլինում եղած Էդուարդ Շեւարնադձեին մտաբերելովՙ հետաքրքրվել է, թե ինչպիսին են Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները։ Տիկին Ղազինյանը հայտնել է, թե մեր 4 հարեւաններից երկուսիՙ Վրաստանի եւ Իրանի հետ պահպանում ենք բարիդրացիական հարաբերություններ, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նման կապը բացառվում էՙ վերոհիշյալ երկրների մեղքով։ Պարոն Ռաուն հետաքրքրվել է նաեւ անցյալ տարի Հայաստանում անցկացված 1700¬ամյակի միջոցառումներովՙ մասնավորապես անդրադառնալով, թե ինքը չի կարողացել ներկա գտնվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատճառով։ ՀՀ նորանշանակ դեսպանը խոսել է նաեւ գերմանահայության, Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու մասին։ Նա ԳԴՀ նախագահին է նվիրել 1700-ամյակի առիթով թողարկված արծաթյա հուշադրամ եւ 2 տարի առաջ Հալլեում բացված «Կիլիկիայի փրկված գանձերը» ցուցահանդեսի պատկերագիրքը։
Կարինե Ղազինյանը ծնվել է 1955-ին, Երեւանում։ 1972¬77-ին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բաժնում։ 1977¬81-ին աշխատել է Մոզամբիկի ԽՍՀՄ դեսպանությունումՙ որպես ասիստենտ-քարտուղար։ 1983¬88-ին նույնակարգ աշխատանք է կատարել Պորտուգալիայի ԽՍՀՄ դեսպանությունում։ 1988¬92-ին Մոսկվայի թիվ 31 գիմնազիայում դասավանդել է անգլերեն լեզու եւ գրականություն։ 1992¬94-ին անգլերեն եւ պորտուգալերեն է դասավանդել Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում։ 1994¬97-ին Ռումինիայում պաշտոնավարած ՀՀ դեսպան Գեորգի Ղազինյանի տիկինն է եղել, ամուսնու մահից հետո 1997¬99-ին նշանակվել է Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար։ 1999¬2001-ին եղել է Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Կարինե Ղազինյանը տիրապետում է 5 օտար լեզվիՙ ռուսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն, ռումիներեն։ Ունի մեկ որդի, մեկ դուստր։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա