«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԲՈՏՈՒԼԻԶՄԻ ԴԵՊՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 7 դեպքՙ 14 տուժածով։ Ինչպես ասված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, թունավորման բոլոր դեպքերի պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենըՙ կարմիր պղպեղ, մարինադներ, սմբուկի խավիար եւ այլն։

Նախարարությունը կրկին հիշեցնում է, որ «բոտուլիզմ» ծանր սննդային թունավորումից խուսափելու համար անհրաժեշտ է տանը պատրաստած բանջարեղենային պահածոները օգտագործելուց առաջ ենթարկել կրկնակի ջերմային մշակմանՙ եռացնել կամ տապակել 15-20 րոպե։

Թունավորման առաջին իսկ ախտանշաններիՙ մկանային թուլություն, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, տեսողության խանգարումներ, կլլման ակտի խանգարում եւ այլն, ի հայտ գալու դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկական հիմնարկ համապատասխան բուժում ստանալու համար, քանի որ հիվանդության ելքը կախված է վաղ ախտորոշումից եւ ժամանակին ստացած մասնագիտական բուժումից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4