ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մարտի 25-ին Երեւանում բացվեց Էլեկտրաէներգիայի մեծածախ առուվաճառքի հաշվառման ավտոմատացված կենտրոն։ Այն տեղակայված է «Հայէներգո» ՓԲԸ-ում, որտեղ հավաքվում, վերլուծվում եւ ամփոփվում է բոլոր արտադրող էլեկտրակայաններում, 220 եւ 110 կՎ լարման բոլոր ենթակայաններում տեղադրված համապատասխան սարքավորումներից ստացված ինֆորմացիան։ Կենտրոնը ստեղծվել է Հայաստանում ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող «Էներգետիկ համակարգի հաշվառման գործընթացի բարելավման» ծրագրի շրջանակներում։ Ինչպես նշվեց կենտրոնի բացմանը նվիրված շնորհանդեսին, ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի էներգահամակարգի բարեփոխումների գործընթացին տեխնիկական օգնության, համապատասխան սարքավորումների, անձնակազմի ուսուցման միջոցով։
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսիյանի վկայությամբ, արդեն իսկ շոշափելի է համակարգի ներդրման արդյունավետությունը։ Նույնիսկ համակարգի փորձնական շահագործման արդյունքում հսկողության ուժեղացման շնորհիվ էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցում արձանագրվել է փաստացի կորուստների նվազում։ Այսպես, անցած տարվա համեմատ բարձր լարման ցանցում մոտ 2%-ով նվազել են կորուստները։ Նախարարը նշեց, որ հաշվառման համակարգը հավաքված, մշակված եւ ամփոփված ինֆորմացիայից օգտվելու հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի մասնակիցներին։ Այդ կերպ ապահովվում է շուկայի գործունեության թափանցիկությունը։ Հաշվառման համակարգի ներդրմամբ ակնկալվում է մասնավորեցման գործընթացում բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի օբյեկտների գրավչության աստիճանը։
Շնորհանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը նշեց, որ ցանկանում է տեսնել Հայաստանի էներգահամակարգի անվտանգությունը եւ զարգացումը. «ՄԵնք կաջակցենք ձեզ հուսալի համակարգ ստեղծելու գործում», ասաց նա։