«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԼՌԵՑ ՆԱԵՎ ՀՈՒՆԱՆՅԱՆՆԵՐԻ ՔԵՌԻՆ

Տեսնես ո՞վ եւ ե՞րբ որոշեց ընտրել լռությունը

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը շարունակվում է Վռամ Գալստյանի հարցաքննությամբ։ Նա պնդեց, որ Նաիրին որոշակի երաշխիքներ է տվել։

Այնուհետեւ մի շարք հարցերի պատասխանն ամբաստանյալի քմծիծաղն էր։ Սրան արձագանքելովՙ դատավորը հայտարարեց. «Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում»։

Միջնորդություն եղավ ԱԺ-ում անցկացնել քննչական փորձաքննությունՙ տեղում պարզելու համար դեպքի հանգամանքները։ Վ. Գալստյանը հավաստեց, որ այդ ժամանակ էլ կխոսի։ Ու լռեց։ Դրանից հետո բավականին հարցեր մնացին անպատասխան։

Ինչին էլ պատասխանում էր, բովանդակությունն էլ նույնն էր. «Ինչ. չեմ հիշում, չեմ կարող ասել»։ Ընդ որում, երբեմն-երբեմն Հունանյանների քեռին նաեւ նշում էր, որ ինչ էլ ասի, դա ոչինչ չի փոխելու։

Թերեւս տարօրինակ տրամաբանություն է այնպիսի մեկի համար, որը խոստացել էր պատասխանել հարցերին։ Ինչեւէ, մի քանի հարցեր, այնուամենայնիվ, արժանացան պատասխանի։ Նախ, ամբաստանյալը հարցերը որակեց ինչ-որ բան սարքելու մտադրությամբ տրվող, ապա հայտարարեց, թե ինքն իր ազդեցության տակ է եւ ոչ ուրիշ մեկի։ Սրանից հետո էլ թեեւ հնչում էին պատասխաններ, բայց դրանք դարձյալ ոչինչ չէին տալիս։

Ի դեպ, դեռեւս մարտի 20-ին դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների միության նախագահը։ Այն ժամանակ նա հայտարարեց, որ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը չի ներկայանում նիստերին ինքնակամ, թեեւ իրեն հասանելիք գումարը կարող է ստանալ։ Երեկ Աթաբեկյանը հայտնեց, որ ՀՀ փաստաբանների միության նախագահ Փիլիպոսյանը ստում է, թե իրեն վճարվել են որոշակի գումարներ։

Հայտարարությունից հետո դատավորի հետ փոքր-ինչ վիճելով «ծակ կոշիկների» եւ «դատարկ ստամոքսի» մասին, առանց դատավորի թույլտվության, Հ. Ստեփանյանի պաշտպանը դուրս գնաց դահլիճից։

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4