Մ. Սաղաթելյանի գործով տուժողները մտահոգ են եղել միայն սրանով
Մուշեղ Սաղաթելյանի գործով երեկ դատարան ներկայացած առաջին տուժող Աղասի Արշակյանը ամբաստանյալին ճանաչում է դեռեւս 1991 կամ 92 թ.-ից։ Ա. Արշակյանը թեեւ թշնամություն չունի մեղադրյալի հետ, բայց վիրավորված է։ Ուստի դատարան էր ներկայացել, ըստ իրեն, արժանապատվությունը պաշտպանելու եւ ոչ թե Մ. Սաղաթելյանին դատարան բերողների կամքով նրան մեղադրելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության, 1996 թ. սեպտեմբերի 25-ի դեպքերի կապակցությամբ ձերբակալված Ա. Արշակյանը ծեծի է ենթարկվել ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ Մ. Սաղաթելյանի կողմից։
Տուժողը, խնդրելով դատարանին կրկնել չտալ ծեծի մանրամասները, նշեց, որ ամբողջությամբ հաստատում է ե՛ւ 1996 թ. գրված բողոքը, ե՛ւ նախաքննական ցուցմունքը։ Ա. Արշակյանը չէր մասնակցի այս դատավարությանը, եթե այսքան տարիների ընթացքում մեղադրյալը գոնե ներողություն խնդրեր արածի համար։ Նա նաեւ նշեց. «Դահլիճում ներկա Մ. Սաղաթելյանի երկրպագուներին խնդրում եմ ինձ ռեպլիկներ չուղղել»։
Ըստ տուժողի, Մ. Սաղաթելյանն ընտրովի է ենթարկվում պատասխանատվության, այլապես նրա կողքին պետք է նստած լինեին Բուդոն, մյուսները։
Այնուհետեւ տուժողը պատասխանեց մեղադրող կողմի հարցերին։ Ա. Արշակյանը մանրամասնեց, որ իրենց տուն են եկել 1996 թ. հոկտեմբերի 26-ի առավոտյան ժ. 4-ին, խուզարկություն են կատարելՙ բռնագրավելով որոշ փաստաթղթեր։ Տուժողը բռնությունների է ենթարկվել Մ. Սաղաթելյանի գլխավորությամբ։
Դատարանում Ա. Արշակյանն առաջարկեց ամբաստանյալին, որ կարող է այժմ էլ նրան ներել, եթե «...ճաղերից քեզ դուրս հանեն, մի հատ խփեմ, հետո էլ ոտքով (ինչպես որ դու)»։ Մեղադրողը դժգոհեց, թե անարխիա է, ինչ է։
Այնուամենայնիվ, տուժողն ավելացրեց, որ իր ստացած վնասվածքներն իր պաշտպանած թեկնածուիՙ Աշոտ Մանուչարյանի ստացած 0,67 տոկոս ձայների չափով են եղել։ Մյուսները տուժել են անհամեմատ ավելի շատ։
Պաշտպանի հարցերը հիմնականում վերաբերում էին ժամանակին բողոք ներկայացնելուն եւ վնասվածքների որեւէ կերպ արձանագրմանը։ Այս հարցերին Ա. Արշակյանը պատասխանեց, որ բողոքել է դեռեւս 1996 թ. սեպտեմբերի 29-ին, իսկ վնասվածքներն արձանագրել է իր տեղամասային բժիշկը։
Ամբաստանյալ Մ. Սաղաթելյանն էլ մի քանի հարց ուղղեց Ա. Արշակյանին եւ ի պատասխան եզրակացրեց, որ նրան ծեծել են 1996 թ. սեպտեմբերի 25-ին ԱԺ շենքի մոտ, շատ-շատերի հետ։
Տուժողը, նպատակահարմար չգտնելով արձագանքել այս մտքին, ամփոփեց իր ցուցմունքը, նշելով, որ իրեն պատճառված վնասի հատուցման պահանջ չունի։
Դատական նիստին ներկայացած մյուս տուժողը Մկրտիչ Մեղավորյանն էր։ Նա 1996-ի սեպտեմբերի 30-ին տարվել է ՆԳՆ, թեեւ, ըստ իր պնդման, նույն թվականի սեպտեմբերի 25-ի դեպքերին չի մասնակցել։ Նրան կալանել են 8 ամսով, ապա ազատ արձակել։
Ըստ տուժողի, Մ. Սաղաթելյանն իրեն հարվածել է ռետինե մահակով։ Բռնությունների մասին բողոք չի ներկայացրել, քանի որ քննիչը «ընկերավարի» խորհուրդ է տվել ավելի հանգիստ լինելու համար ուղղակի չբողոքել։
Այդպես էլ վարվել է Մ. Մեղավորյանը։ Այժմ նա ոչ մի պահանջ չունի։
Այս տուժողի խոսքերին էլ ամբաստանյալն արձագանքեց. «Լինելով վարչության պետ (այսինքնՙ պատասխանատու պաշտոնի), ես այն անձնավորությունը չեմ, որ մահակով մարդ ծեծեմ։ Ինձ մահակով սադիստի տե՞ղ են դրել, չեն էլ ամաչում»։
Ժամանակն ու ապագան ցույց կտան, թե ով եւ ինչից պիտի ամաչի։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ