ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թիվ 67 եւ թիվ 75 ընտրատարածքներում մայիսի 19-ին անցկացվելիք լրացուցիչ ընտրություններում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտինՙ մարտի 25-ի ժամը 12։00, համապատասխանաբար 6 եւ 4 հայտ է ներկայացվել։
Ինչպես հայտնեց Շիրակի ՄԸՀ քարտուղար Լուսինե Սարիբեկյանը, թիվ 67 ընտրատարածքում առաջադրման հայտ է ներկայացված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ, Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանի, ՀՅԴ անդամ, ոչ մի տեղ չաշխատող Հակոբ Մաթիլյանի, «Ցայգ» հեռուստաընկերության խմբագիր, անկուսակցական Արթուր Կիրակոսյանի, Մեղրաշենի գյուղապետ, անկուսակցական Հունան Պետրոսյանի, Շիրակի մարզպետարանի մասնագետ, անկուսակցական Ռուբեն Հարությունյանի եւ Փոքր Մանթաշի գյուղապետ, անկուսակցական Գեղամ Հակոբյանի համար։ Առաջին երկուսը առաջադրված են համապատասխան կուսակցությունների կողմից, մնացած 4-ըՙ քաղաքացիական նախաձեռնությամբ։
Տավուշի ՄԸՀ նախագահ Սոնա Մեհրաբյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրման հայտ է ներկայացված ՀՀՇ անդամ, որեւէ տեղ չաշխատող Վանո Սիրադեղյանի, Հայաստանի Գրողների միության նախագահ, անկուսակցական Լեւոն Անանյանի, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ նախագահ, անկուսակցական Իլյիչ Բեգլարյանի եւ անկուսակցական, որեւէ տեղ չաշխատող Հովիկ Աբովյանի համար։
Մինչեւ ապրիլի 4-ը ժամը 18։00 համապատասխան ՄԸՀ-ներ պետք է ներկայացվեն թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում յուրքանչյուրի առաջադրումը պաշտպանող տվյալ ընտրատարածքի առնվազն 500 ընտրողի ստորագրություն պարունակող պաշտոնաթերթիկներ։ Թեկնածուները կգրանցվեն մինչեւ ապրիլի 14-ը։