«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀՎՈՒՄ Է

Դատելով օրենքի եւ թիվ 60 լիցենզիայի դրույթներից

«Արմենտելը» մտադիր է բողոքարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը, ըստ որի «Արմենտելին» պարտավորեցվում էր հետ գնել «կանխավճարային միացման» ծառայությունների փաթեթի հետ բաժանորդներին պարտադրվող հեռախոսասարքը։ Ընկերության պատասխանատուն բնական է համարել «Արմենտելի» կողմից հեռախոսասարքի վաճառք իրականացնելը, ասելով, որ դա նախատեսված է թիվ 60 լիցենզիայով։ Բնականաբար փորձեցինք տեղեկանալ, թե ի՞նչ է գրված վերոնշյալ փաստաթղթում։

Լիցենզիայի 5-րդ գլխի ա) մասի 2-րդ կետի գ) ենթակետով «լիցենզավորողը ծառայությունների մատուցման ամբողջ տարածաշրջանում ոչ բացառիկ (ընդգծումը մերն է¬Ա. Մ.) իրավունքով իրավասու է... իրականացնել բաժանորդային հեռահաղորդակցության սարքավորումների վաճառք»։ Սա ենթադրում է, որ «Արմենտելն» իրավունք չունի պարտադրել իր հեռախոսասարքերը եւ «ոչ բացառիկ իրավունք» հասկացությունն այս առումով պատահական չէ։ Այս հասկացությունն «Արմենտելը» կարող է ներկայացնել այլ կերպ, նշելով, որ, բացի «կանխավճարային միացման» ծառայությունից, հեռախոսասարքերը բջջային կապի այլ ծառայությունների դեպքում չեն պարտադրվում։ Այս փաստերի առկայությունը սակայն չի նշանակում, որ մենաշնորհը կամ ինչպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն է սահմանումՙ գերիշխող դիրքը չի չարաշահվում։

Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետում նշված է, որ գերիշխող դիրքի չարաշահումն արտահայտվում է «իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների, ՀՀ օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առեւտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ, որը հանգեցնում է մրցակցության սահմանափակմանը»։ Իսկ գերիշխող դիրք ունեցող է համարվում, ըստ նույն օրենքի 6-րդ հոդվածի, այն տնտեսվարող սուբյեկտը, որը որպես մատակարար կամ սպառող շուկայում չունի մրցակից կամ չի հանդիպում էական մրցակցության։ Որ «Արմենտելն» ունի այսպիսի դիրք, հայտնի է։ Հետեւաբար, այն փաստարկը, որը հեռախոսասարքերը վաճառվում են միայն «կանխավճարային միացման» դեպքում, որի իրավունքն «Արմենտելն» ունի, չի կարող հիմնավոր համարվել։ Եթե «Արմենտելը» չունենար գերիշխող դիրք, ապա բնական կլիներ տարբեր ծառայությունների մատուցումը տարբեր պայմաններով։ Իսկ մեր դեպքում, պարզ է, «Արմենտելից» փախչելու տեղ չունենք։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4