«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄԻՑ

Կառավարության փետրվարի 13-ին ընդունած որոշումը, մեղմ ասած, հարուցել է տեղական եւ արտասահմանյան բարեգործական կազմակերպությունների վրդովմունքը։ Այն նախատեսում էր ավելացված արժեքի հարկի գանձում բարեգործական-մարդասիրական ձեռնարկներից։

Կրքերը հանդարտեցնելու համար հանձնաժողովը հրավիրել է սեմինար-խորհրդակցություն եւ բացատրել, որ ԱԱՀ-ի չափով նրանք պետությունից կստանան փոխհատուցում։

Այդ դեպքում ո՞րն էր նման որոշում կայացնելու նպատակը, դա չի՞ խանգարի բարեգործության զարգացմանը կամ էլ չի՞ զարգանաՙ անապահով խավի հաշվին։

Մինչ խնդրին անդրադառնալը, Հայաստանի օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանը վերհիշեց բարեգործության մասին գործող նախկին օրենքը, համաձայն որի.

¬ Մարդասիրական օգնության յուրաքանչյուր ծրագիր մինչ կյանքի կոչվելը մտնում էր կառավարության հումանիտար օգնության հանձնաժողով, որտեղ էլ որոշվում էրՙ բարեգործակա՞ն է, թե՞ ոչ։ Բարեգործականի դեպքում ազատվում էր ԱԱՀ-ի գանձումից։ Այս նոր օրենքի հետ կապված, անշուշտ, որպես տնօրեն, մտահոգություն ունեմ։ Իհարկե, նախորդ օրենքը բարեփոխման կարիք ուներ։ Կարծում էի, որ ավելի լուրջ կզբաղվեին, այնպիսի մոտեցումներ կընդունեին, որից ոչ կազմակերպության, ոչ հումանիտար հանձնաժողովի, ոչ էլ կառավարության գործը կբարդացվեր։ Փաստորեն, նոր օրենքով յուրաքանչյուր ծրագիր, բացի հումանիտար հանձնաժողովից, պետք է հաստատվի կառավարության կողմից։ Կառավարության ծանրաբեռնվածությանը լրացուցիչ աշխատանք է ավելանում։

Գուցե տարօրինակ հնչի, բայց որպես հանձնաժողովի անդամ, հասկանում եմ նաեւ կառավարության մտահոգությունը։ Այսօր Հայաստանում գործում են 2000-ից ավելի բարեգործական կազմակերպություններ։ Գտնում եմ, որ նման որոշում կայացնելուց առաջ պետք է ունենալ նման կազմակերպությունների գրանցումը կարգավորող չափանիշներ։

¬ Օրենքն ընդունելուց առաջ, որպես հանձնաժողովի անդամ, առաջարկություններ չե՞ք ներկայացրել։

¬ Երբ ԱԺ նախագիծ էր ներկայացվել, մեր առաջարկությունները ներկայացրել էինք, բայց դեկտեմբերին մեզ համար էլ անակնկալ էր համաֆինանսավորման որոշման ընդունումը, որն էլ միանգամից հաստատվեց։ Հաստատվածն էլ բարեփոխման ենթարկվեց։ Վերապահորեն մոտեցան կազմակերպությունների այն մտավախությանը, որ եթե վերջիններս 100 տոկոսով իրականացնեն ծրագրերը, ֆինանսական դժվարին պայմաններում արդյոք կկարողանա՞ն բյուջեից հետ ստանալ 20 տոկոսը։ Այստեղ է, որ կառավարությունը դառնում է համաֆինանսավորողՙ 20 տոկոսով մասնակցում ծրագրի իրականացմանը, ասել է թեՙ ծրագրի հարկային պարտավորությունը կառավարությունն իր վրա է վերցնում։

Հավելեմ նաեւ, որ եթե նախկինում բարեգործական խոշոր կազմակերպությունները, ինչպիսիք են «Հայաստան» հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ՀՕՖ-ը, ՀՕՄ-ը եւ գուցե էլի մի քանիսը, ծրագրեր իրականացնելուց առաջ կառավարությանն էին դիմումՙ «խնդրում ենք ազատել ԱԱՀ»-ից, հիմա պետք է հայցենՙ «խնդրում ենք համաֆինանսավորել»։

Իսկ ինչ պետք է անեն տարին 1¬2 փոքր ծրագրեր իրականացնող, արդեն իսկ գոյություն ունեցող, չասեմՙ 2000, թեկուզՙ 1000 բարեգործական կազմակերպությունները։ Մի՞թե թեկուզ 300.000 դրամի շրջանակներում մի ծրագիր իրականացնելու համար իրենք էլ պետք է կառավարության թրի տակով անցնեն։ Իրենք էլ կարգին տեղյակ չեն, ոչ սեմինարի են մասնակցել, ըստ շատերի փաստարկի, ոչ էլ այդ մասին մի կարգին տեղեկատվություն է եղել։

Մայիսի 20¬25-ը տեղի է ունենալու «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որ, հավանաբար կանդրադառնա այս կարեւոր խնդրին։ Իսկ թե այդ փոփոխություններից ո՞վ կշահիՙ ցույց կտա ապագան։

ԱՄԱԼՅԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4