«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Նախագահ Քոչարյանի այցը Սյունիք

¬ Վերջացրի՞ր,- ծոր տվեց ծերուկը, որ քամարն ամուր քաշել էր, ու դրանից ավելի էր ընդգծվում նրա ոսկրոտ մարմինը։

Յոթանասունն անց այս մարդու անունը Գրիգորյան Սերգեյ է։ Նա էր մի քանի հարյուր խմբված մեղրեցիների մեջ ամենաբարձրը բողոքում, երբ նախագահ Քոչարյանն իջավ ավտոմեքենայից, մոտեցավ, բարեւեց հավաքվածներին։

Հարցրեցիՙ ինչո՞ւ ես բողոքում։

¬ Ինը տարի ծառայել եմ սովետական բանակում, երեք տարիՙ պատերազմում, վեց տարիՙ «զապադնի» Ուկրաինայումՙ բենդերների դեմ եմ կռվել։ Քառասուներկու տարի ծառայել եմ «ԿԳԲ»-ում։ Բա ես այդքան տարի կյանքս նվիրեմ սովետական պետությանն ու սովետական պետությունը տապալե՞ն։ Մեր նման մարդկանց ոտքի տակ են տալիս։ Մեղրիում ինձ նման 30¬40 կույր մարդ կա. չենք կարողանում գնալ-բուժվել։ Կյանքը մի կողմից է մեզ սպանում, կուրությունըՙ մյուս կողմից,- դժգոհեց Սերգեյ պապը։

Որպեսզի ապացուցի իր կուրությունը, Սերգեյ պապը ջղայնացած հանեց սովետական ժամանակների ակնոցը եւ պրկեց դեմքի ու պարանոցի կնճիռները.

¬ Չե՛մ տեսնում,- գոռաց։

¬ Երբ որ Մեղրու շրջանը միացրին Կապանին, մարդկանց տունը քանդվեց։ Արի գնանք հիվանդանոց, տե՛ս, բժիշկ չկա։ Մի բժշկուհի էր, նա էլ Երեւանում հիվանդ պառկած է։ Մի քանի օր առաջ մեկի կույր աղիքը պայթել էր, մի կերպ հասցրին Կապան, փրկեցին։ Բնակչությունը գործազուրկ է, գործարանները կիսատ-պռատ են աշխատում, միրգը փչանում է։ Երեւանից ամենահեռու շրջանն է,- ասում է մեկ այլ ծերունի։

Մեղրիում մարդիկ բողոքում են թոշակի քչությունից, ջուր չլինելուց, բարձր հարկերից եւ այլն, եւ այլն։ Այս մարդիկ ոչ այնքան դժգոհ են իրենց չարքաշ կյանքից, որքանՙ ժամանակներից։ Կարո՞ղ է աշխարհի որեւէ նախագահ այս մարդկանց բացատրել, որ սովետական ժամանակներն այլեւս հետ չեն գալու։ Մեղրեցիները զայրանում են, երբ «Ազատություն» ռադիոկայանն ասում է, որ Մեղրին փոխանակելու հարցը բանակցությունների սեղանի վրա է։ Սակայն նրանք չեն հավատում, թե Մեղրին, իրենց խոսքերով, Հայաստանի զարկերակը, որեւէ մեկը կարող է փոխանակել։

Նախագահ Քոչարյանին ուղեկցող լրագրողները ձեռքից ձեռք էին փոխանցում Հայաստանի կառավարության «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների» 2000 թ. թիվ 417 եւ 2001 թ. թիվ 311 որոշումների կատարման մասին թուղթը։ Թիվ 417 որոշումը բաղկացած էր արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, առողջապահության, տրանսպորտի, կապի, ճանապարհաշինության, համայնքների խնդիրների, ֆինանսական աջակցության եւ սոցիալական արտոնությունների բնագավառների 58 հիմնահարցերից։ Այս հիմնահարցերի մի մասը մասամբ կամ լիովին կատարվել է։ Վերագործարկվել են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները, Կարճեւան գյուղի թռչնաֆաբրիկան, Մեղրու պահածոների գործարանը, ընդլայնվել է ոսկերչական գործարանի Մեղրու մասնաճյուղի արտադրությունը։ Սոցիալական լարվածությունը համեմատաբար թուլացել է հինգ հազար բնակչություն ունեցող Ագարակ քաղաքում, պղնձամոլիբդենային կոմբինատում այսօր աշխատում են քաղաքի 700¬800 բնակիչներՙ 30 հազար դրամ միջին աշխատավարձով։

Մեղրու շրջանի համայնքապետների հետ հանդիպման ընթացքում, ինչպես մեզ տեղեկացրեց հանրապետության նախագահի մամլո խոսնակը, քննության են առնվել կառավարության թիվ 311 որոշման դեռեւս լուծում չստացած կետերը։ Գյուղփոխօգնություն բանկի մասնաճյուղ բացելը, Մեղրու Շհարի ջրանցքի մաքրման եւ վերակառուցման աշխատանքները, Մեղրու տարածաշրջանում բնակվող փախստականների բնակարանային հիմնախնդրի, մի շարք այլ կարեւոր խնդիրների լուծումն էականորեն կարող է նվազեցնել սոցիալական լարվածությունը։

Դժգոհ Մեղրուցՙ բարեկեցիկ Քաջարան

Ձյունը մասամբ փակել էր Տաշտունի ոլորապտույտ ճանապարհը։ Հեռուստաօպերատորներն իզուր էին փորձում սարի գագաթից նկարել ձորում ծվարած Քաջարանը, թանձր մառախուղն ու ձյունախառն քամին թաքցրել էին քաղաքը։ Մեղրուց Քաջարան մոտ 60 կմ է, սակայն կենցաղային պայմաններն ընդգծված տարբերվում են։ Հանրապետության նախագահին Քաջարանը դիմավորեց ողջույններով։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բազայի վրա է կառուցվել այսօր շուրջ 8 հազար բնակչություն ունեցող քաղաքը։ Աշխատում է գործարանը, ուրեմն մարդիկ լավ են ապրում։ Բարեբախտաբար, անցնող տասը տարիներին գործարանը չի կանգնել։ Վստահաբար, Քաջարանը կարող ենք համարել բարեկեցության «կղզի» աղքատ Հայաստանում։ Կատակ բան չէ, գործարանում աշխատում է մոտ 2400 մարդՙ ամսական 150 դոլար միջին աշխատավարձով։

Ընդհանուր առմամբ, Սյունիքն արդյունաբերական մարզ է։ Մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2001 թ. կազմել է ավելի քան 21 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 13,5 տոկոս։ Աճը հիմնականում պայմանավորված է Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ եւ նրա հետ ֆինանսատեխնիկական համագործակցության համատեղ պայմանագրով գործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի ծավալների աճով։ Արդյունաբերության մեջ զբաղված 5660 մարդուց 4000-ն աշխատում է լեռնահանքային ճյուղում, ընդ որում այս ոլորտի հնարավորությունները նոր աշխատատեղերի ստեղծման առումով սահմանափակ են։ Այս ամենի հետ, ըստ պաշտոնական տվյալների, Սյունիքում կա շուրջ 14 հազար գործազուրկ, ինչը երկու անգամ բարձր է միջին հանրապետականից։

Արթուր Գեւորգյանինՙ 500 հազար դոլար

Արցախյան ազատամարտիկ Արթուր Գեւորգյանը եղել է, իր խոսքերով, «մի ամբողջ ճակատի հետախուզության պետ»։ Մարտական ընկերներից մեկըՙ Սամվել Բաբայանը, պատերազմից հետո Արթուրին խորհուրդ է տվել զբաղվել տնտեսությամբ։ «Նրանից միայն խորհուրդը մնաց», ասում է Արթուրը։

Կապանի թռչնաբուծական ֆաբրիկան վերագործարկվել է 2001 թ.։ Ինն ամիսների ընթացքում արտադրվել է 130 տ թռչնի միս, հինգ ամսումՙ կես միլիոն ձու։ Սակայն այս ամենը հեշտ չի տրվել։ Կանադահայ մի գործարար եկել է Կապան, վստահել, փող տվել Արթուրին։ «Մեկ-մեկ գալիս է, ասում, որ աշխատավարձի պարտքեր չունենամ, աշխատողների թիվն ավելանա։ Խոստացել է, որ եթե ֆաբրիկայի աշխատանքը հաջողվի, իր ֆինանսական միջոցներով մի քանի գործարան էլ կբացի», ասում է թռչնաբուծարանի տնօրենը։

Հայաստանի նախագահը եղավ ֆաբրիկայում եւ ակնհայտորեն գոհ էր։ Տնտեսությունում աշխատում է 42 մարդ, որոնց միջին աշխատավարձը 30 հազար դրամ է։ «42-ը մշտական աշխատող են, բայց երբ գալիս է մորթի ժամանակը, եւս 15¬20 մարդու եմ ներգրավում։ Մարզում գնողունակությունը ցածր է, արտադրանքը հիմնականում իրացնում ենք Երեւանում։ Եթե մարզում ամսական 12¬14 տոննա միս ենք սպառում, ապա մայրաքաղաքումՙ օրական 1 տոննա։ Խորհրդային տարիներին միայն Կապան քաղաքում 2¬3 տոննա հավի միս էր սպառվում։ Մեկ տարվա ընթացքում վերականգնել ենք թռչնաֆաբրիկան, մտել Երեւանի շուկա։ Սյունիքի առաջին արտադրանքն է, որ գովազդվում է հանրապետական հեռուստատեսությամբ, թերթերով», ասում է Արթուր Գեւորգյանը։

Կապանի թռչնաֆաբրիկայում առաջին հերթին կարեւորում են որակը։ Ի տարբերություն հայաստանյան շուկայում որոշ չափով էժան, բայց սպառողներիս համար անորոշ բաղադրությամբ հավի մսիՙ այստեղ հորմոններ չեն օգտագործում։ Նույն կերի բաղադրության պայմաններում եթե Հայաստան ներկրվող հավերը 32 օրական են, ապա Կապանի թռչնաֆաբրիկայում մորթը սկսում են, երբ թռչունը 56¬60 օրական է։

Կերի ձեռքբերման համար պայմանագիր է կնքվել Իրանի «Ջահադ» գյուղատնտեսական կազմակերպության հետ։ Հավի ճտերը եւս ստացվում են Իրանից։ Թռչնաֆաբրիկայի տնօրենն ասում է, որ ապրիլից ինկուբատոր կտեղադրի, ձուն կգնի Հայաստանից, ինչն ավելի էժան կլինի։ Անհրաժեշտ վարկերով ապահովելու դեպքում Կապանի թռչնաֆաբրիկան կարող է ընդլայնել թռչնի մսի եւ ձվի արտադրությունը, ավելացնել թռչնի գլխաքանակը։

Արթուր Գեւորգյանը նախագահ Քոչարյանից 500 հազար դոլար խնդրեց, խոստանալով, որ մեկ տարվա ընթացքում կավելացնի արտադրանքի ծավալը եւ կստեղծի նոր աշխատատեղեր։ «Թռչնաբուծության մեջ մեծ գումար չէ։ Ֆաբրիկայի պայմանները թույլ են տալիս ունենալ 550¬600 հազար թռչնի տեղ։ Համոզված եմ, որ հանրապետության նախագահը կաջակցի։ Ե՛վ ես, ե՛ւ կոլեկտիվը շատ ուրախացանք։ Ընդամենը մեկ տարվա կոլեկտիվ ենք, եւ Հայաստանի նախագահն է գալիս ֆաբրիկա։ Կարծում եմ, այս այցով պրն Քոչարյանը գնահատեց մեր աշխատանքը, շատ ուրախ ենք», մեզ հետ զրուցելիս ասաց Արթուր Գեւորգյանը։

Իրոք, Կապանի թռչնաֆաբրիկան ֆերմերային տնտեսության լավագույն օրինակ է։ Բայց սա մասնավորեցումն արդարացնող միակ օրինակը չէ Սյունիքի մարզում։ Ատոմ Առաքելյանի ֆերմերային տնտեսությունն իր գործունեությունը ծավալում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղում։ Նախագահ Քոչարյանը Սյունիք այցելությունը եզրափակեց Բռնակոթում։

Տնտեսությունն ունի 500 հա վարելահող, 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, որից 100 գլուխը կովեր են, եւ 250 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Ատոմ Առաքելյանի ֆերմերային տնտեսությունը տարեկան արտադրում է եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով իրացնում 20 տոննա միս, 100 տոննա կաղամբ եւ 60 տոննա կարտոֆիլ։ Տնտեսությունում աշխատում է 100 մարդՙ 25 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ատոմ Առաքելյանն ասում է, որ 50 հազար դոլար վարկ ստանալու դեպքում հնարավոր կլինի կաթնատու կովերի գլխաքանակն ավելացնել 100-ով։ Այսօր տնտեսությունն արտադրում է օրական 600 լ կաթ։

Սիսիանի տրիկոտաժը սպառվում է ԱՄՆ-ում

Նախագահ Քոչարյանն այցի երկրորդ օրը եղավ Կապանի հանքահարստացուցիչ կոմբինատում, Գորիսի կարի ֆաբրիկայում եւ «Գամմա» գործարանում, Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայում ու քարերի վերամշակման արտադրամասում։

«Կապանի հանքահարստացման կոմբինատ» ՓԲԸ¬ն կանոնավոր սկսել է աշխատել 2000 թ. հոկտեմբերից, 2,35 մլն ԱՄՆ դոլար ներդրումների շնորհիվ։ Այս գործարանը, որտեղ այսօր աշխատում է 890 մարդ, մոտ ժամանակներս սեփականաշնորհվելու է։ Գործադիր տնօրեն Գառնիկ Առաքելյանի խոսքերովՙ վերամշակվում է 400 հազար տոննա լեռնահանք։ Նախատեսվում է արտադրության ծավալները կրկնապատկել, ինչն իրականացնելու դեպքում կկրկնապատկվի աշխատատեղերի թիվը։ Երկու հանքավայրերից հումքը շվեյցարական «Ուրան ինտերնացիոնալ» գնող ֆիրման տեղափոխում եւ վաճառում է հարեւան Իրանում։

«Սիսական» ԲԲԸ տրիկոտաժի ֆաբրիկա այցելելու պահին կարի արտադրամասում աշխատում էր 145 կարի մեքենա։ Այս ֆաբրիկան վերագործարկվել է հինգ տարի առաջՙ ամերիկահայ Զարեհ Բալասանյանի ֆինանսական ներդրումների շնորհիվ։ Կարի արտադրամասի պետ Արամ Թանգյանն ասաց, որ արտադրության ծավալներն ընդլայնվում են, արտադրանքը գերազանցապես սպառվում է ԱՄՆ-ում, փոքր ծավալներովՙ Հայաստանում։ «Սիսական» ԲԲԸ-ում աշխատում է մոտ 250 մարդ, հիմնականում երիտասարդ եւ միջին տարիքի կանայք։ Սպառման խնդիր չկա եւ, ինչպես նշեց պրն Թանգյանը, արտադրանքի տեսակները պատվերով են։ Լրագրողներիս համար անակնկալ, ինչ-որ տեղ ուրախալի էր, երբ տեսանք արտադրվող շրջազգեստների գներըՙ 16¬18 դոլար։ «Ահա այս շրջազգեստների պատվերն են կատարումՙ 29 հազար հատ», ասաց արտադրամասի պետը։

Սիսիանի «Լեգ-ապար» ՍՊԸ-ն ընդամենը մեկ ամիս առաջ է սկսել գործունեությունը։ Քարի արտադրամասը մեկ տարի առաջ համատեղ հիմնադրել են Սիսիանի «Գրանիտ» եւ կիպրական «Մակքոյն» ընկերությունները։ Հերթափոխի պետ Անդրանիկ Սուլեյմանյանն ասում է, որ արտադրամասում վերամշակվում է Կապանի կարմիր մարմարը, Ղարաբաղի մարմարը, Վեդու տրավերտինը, Սիսիանի բազալտը։ «Սարքավորումները ձեռք ենք բերել Իրանից, մարզպետ Էդիկ Բարսեղյանի նախաձեռնությամբ եւ համեմատաբար էժան գներով։ Աշխատանքները սկսել ենք մեկ ամիս առաջ, հիմա աշխատում ենք երկու, ապրիլից կաշխատենք երեք հերթափոխով, իսկ օգոստոսին կտեղադրենք երկրորդ հոսքագիծը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել արտադրության ծավալները։ Այսօր աշխատում է 52 մարդ, եւս 15 մարդու կընդգրկենք երրորդ հերթափոխի համար։ Երկրորդ հոսքագիծը տեղադրելուց հետո աշխատողների թիվը կավելանա եւս 45¬50-ով», ասում է արտադրամասի գործադիր տնօրեն Գառնիկ Հովակիմյանը։

Վերջաբանի փոխարեն

Մեր «Գազելը» Երեւան հասավ կեսգիշերին։ Ուղեղիս մեջ խզբզում էի այս թղթակցությունը։ Սովորականի նման այս առավոտ Մեղրու արեւը կլուսավորի Սերգեյ պապի տունը։ Միգուցե կույր ծերուկը հույս ունի, որ նախագահի այցից հետո իր եւ իր նման 35¬40 կույրերի կյանքում լույսն ավելի շատ կլինի, քան ստվերը։ Միգուցե «Գազելի» լրագրողները եւս կարծում են, որ մեր կյանքի պայմանները, ժամանակները փոխվում են։

Հուսանք, որ փոխվում են։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4