Ծաղկազարդի խորհուրդը
Ավագ շաբաթի մեջ ենք, որի ավարտին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է տնօրինական առաքելության եւ մարդու փրկագործության նախախնամ խորհուրդը կրող տաղավար տոն Զատիկը։ Այս շաբաթվա ընթացքում կատարվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեղավոր մարդուն անմահության ճանապարհի բերելու համար։
Հայոց առաքելական եկեղեցիները շաբաթ լույս կիրակի գիշերը հայոց նորապսակ երիտասարդ տղաները զարդարեցին իրենց բերած ուռենու ճյուղերով։ Ապա, կիրակի օրը եկեղեցին օրհնեց ուռենու ոստերը եւ բաժանեց ժողովրդին։ Եկեղեցի մտած ահել ու ջահել, ձմեռվա հագուստները փոխելով գարնանայինով, տարան ուռենու օրհնված ճյուղերըՙ որպես չարի խափանման եւ հաջողության խորհրդանշան։ Մարտի 24, կիրակի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկն էրՙ Ծաղկազարդը, որը Տիրոջ երկրորդ գալստյան խորհուրդն ունի։
Հիշում ենք. Տերն առաջին անգամ եկավ, եւ ստվերը փոխարկվեց լույսի, նույնպես եւ երկրորդ գալստյանն են անցավոր բաները փոխարկվելու հավիտենականի։ Ավետարանական ճշմարիտ պատմությունը հավաստում է, որ մեր Տերը այս օրը մուտք գործեց Երուսաղեմ սուրբ քաղաքը։ Մարկոսի Ավետարանում ասվում է. «... Եւ շատերը իրենց զգեստները փռում էին ճանապարհին. եւ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրայ։ Եւ նրանք, որ առաջից ու ետեւից էին գնում, աղաղակում էին եւ ասում. «Ովսաննա՜ Բարձեալին, օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօրՙ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է։ Խաղաղութի՜ւնՙ երկնքում եւ փա՜ռքՙ բարձունքներում»։ Ավետարանական այս հատվածը մեզ հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասինՙ հորդորելով ապրել այնպես, որ արժանի լինենք Տիրոջ առջեւ կանգնելու եւ բացականչելու. «Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
Ավետարանները նշում են ձիթենու եւ արմավենու ճյուղեր, որոնցից առաջինը ողորմություն է նշանակում, իսկ արմավենին, որ շատ բարձր ծառ է, երկնային բարձունքներից Տիրոջ գալուստն է ազդարարում։ Հայոց մոտ օրնհնվում է ուռենու ճյուղը, որն իր հատուկ խորհուրդն ունի։ Անպտուղ լինելովՙ հեթանոս ազգերի օրինակն է, որ հնում անպտուղ էինք հավատքից ու գործերից, սակայն Աստվածորդու ծննդյամբ եւ հարությամբ ճանաչեցինք եւ ընդունեցինք ճշմարիտ Աստծուն։
Կիրակի օրով հայաստանյաց բոլոր եկեղեցիներում բյուրաթիվ հավատավոր մարդիկ ուռենու դալար ճյուղեր ձեռքերն աղոթքի գնացին նորոգելու իրենց զգեստներըՙ ձմեռայինից գարնանայինի փոխելով։ Առ առավել աղոթքի ծնրադրեցին իրենց մեղքերից, ազատվելու եւ հավիտենական լույսով լցվելու համար։ Այդպես էր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այդպես էր նաեւ Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, նրան հարող տարածքներում։ Կիրակի օրով մարդիկ ավելի էին գեղեցկացել, քանզի լցված էին բարությամբ։ Բոլորը սպասում էին Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսին։ Եվ նա իր ժամին եկավ։ Բազմաթիվ մանուկներ օրհնվեցին հայոց հայրապետի ձեռամբ։ Նրանք իրենց ողջ կյանքում հիշելու են այդ օրըՙ 2002 թվականի մարտի 24-ը։ Առավել եւս հիշելու են մոտ 100 երեխաներըՙ Հայորդաց տների եւ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի դպրոցների սաները, որոնք սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում կավճանկարներ էին անում։ Թեման հիմնականում Ծաղկազարդն էր։ Խիստ սահմանափակում չդնելով, մանուկները գարուն, ծաղկունք, վերազարթոնք էին պատկերում ։ Երեխաների աշխատանքին ուշադիր հետեւում էին շատ մանկավարժներ, ծնողներ, առավել եւս Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը.
¬ Երկրորդ տարին է, ինչ քաղաքապետարանի կրթության բաժինը Արարարատյան թեմի առաջնորդարանի հետ կազմակերպում է կավճանկարի մրցույթ, որը երկու գեղեցիկ նպատակ է հետապնդում. երեխաների հոգեւոր կապի ամրապնդումը Մայր եկեղեցու հետ եւ միաժամանակ գեղեցիկը զգալու, իրենց հոգեւոր աշխարհը արտահայտելու հնարավորության ընձեռում։ Այսօրվա մրցույթի թեման հոգեւոր է, ասաց տիկին Աչոյանը, սակայն, ինչպես աշխարհի բոլոր երեխաները, մեր փոքրիկները եւս աստվածայինն ու լուսավորն են փորձում պատկերել իրենց նկարներում։
Այդպես էլ կար նաեւ այս անգամ։ Փոքրիկները պատկերել էին ոչ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ (մեր եկեղեցու «Ծաղկազարդ» տոնի իմաստը), այլեւՙ ծաղիկներ, ծաղկած ծառեր։ Վեհափառ հայրապետին անչափ ուրախացրել էին մանկական հոգու լուսավոր պոռթկումները։ Ուշադիր դիտեց օրհնյալ մանուկների գործերըՙ վզնոց խաչեր նվիրելով իրեն մոտեցած ամեն մի մանկան։ Ապա տոնական օրվա կապակցությամբ Վեհափառը «Ազգի»-ի համար իր հայրապետական բացառիկ խոսքն ասաց.
¬ Պիտի ցանկանայի, որ մեր ժողովուրդը իր հոգին, իր սիրտը բարձրացրած առ Աստված, ապրի եւ կերտի մեր հայրենիքը, որպեսզի այս չքնաղ բալիկները երջանկության մեջ կարողանան հասակ առնել, ապրել եւ կարողանան միշտ իրենց հոգու երջանկությունը ստեղծագործումի ներշնչանք դարձնել, արարումի աղբյուր դարձնել, զորացնել մեր երկիրը, մեր հայրենիքը։ Շատ պայծառ են մանուկների ստեղծագործությունները. արեւ կա, ջերմություն, լույս, հավատ կա, հայացք կաՙ ապագային ուղղված եւ այդ հայացքը լուսավոր է, հույսի, հավատի հայացք է։ Դա իրենց հոգու, իրենց կենսուրախ զգացմունքներն են, որ գույների օգնությամբ դրոշմվել են ասֆալտի, բազալտե սալերի վրա։ Ամեն ծնող ապրում, արարում է հանուն երեխայի, որովհետեւ երեխան կյանքի մղիչ ուժն է։ Նույնիսկ տկարության, հուսալքության պահերին, երբ երեխան կանգնում է ծնողի առաջՙ ծնողը նոր ուժ ու ոգի է ստանում, նոր ուժ, նոր զորություն եւ լավատեսությամբ է գնահատում կյանքը, որովհետեւ երեխայի հայացքում տեսնում է լավատեսությունը։ Մարդկային ողջ պատմությունը բոլոր ժողովուրդների մոտ էլ կապված է եղել երեխաների, նրանց ապագան պայծառ տեսնելու մեջ։ Այս մանուկների ստեղծագործությունները տեսնելով, ողջ հայ ժողովրդիս այսօրվա պայծառ տրամադրությունը տեսնելով, ես հավատում եմ իմ ժողովրդի անմահությանը։ Ես կարծում եմ, որ Աստված ընտրած, Աստված սիրող ազգը պիտի քայլի հավիտենություն։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Ծաղկազարդի կիրակի օրը կատարվում է մանուկների օրհնության արարողություն։ Չէ՞ որ Ավետարանում ասվում է, որ Տիրոջՙ Երուսաղեմ մտնելու ժամանակ մանուկները արմավենու ճյուղերը թափահարելով, փառք էին տալիս Տիրոջը։ Այս մարտի 24-ին Ամենայն հայոց հովվապետը առաջին անգամ մանուկների օրհնություն կատարեց նաեւ Երեւանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Օրը բարություն ու սեր ուներ իր մեջ։ Մենք հանել էինք մեր ձմեռվա հոգսերը եւ հագել գարնան հույսեր եւ հավատ։ Կիրակի օրով մենք եկեղեցուց տուն տարանք բարություն եւ պտղաբերություն խորհրդանշող ուռենու դալար ճյուղեր։ Մեկ անգամ եւս մենք մեզ նորոգեցինք հավիտենության հավատով։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ