«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

XX դարում հետադարձ հայացքով զննելով անցյալը, մենք սեւեռվում էինք XIX, XVII դարերի փառահեղ համաստեղություն դարձած մշակութային անունների վրա։ Այսօր, երբ թեւակոխել ենք XXI դար, համոզված կարելի է ասել, որ XX դարի որոշ անուններ մեզ համար արդեն իսկ դասականների իմաստ եւ խորհուրդ են ձեռք բերել։

Այդ անունների աստղաբույլում իր ուրույն տեղն ունի Ավետ Տերտերյանը։

Հայտնի են նրա խոսքերը. «Ես ոչ թե հորինում եմ երաժշտությունը, այլ լսում-ընկալում եմ Տիեզերքի տրոփյունը եւ գրի առնում»։ Ավելացնենք. XX դարի երեւելի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը ոչ միայն «գրի էր առնում այդ տրոփյունը», այլեւ... փիլիսոփայում էրՙ երաժշտական հնչյուններով։

Մոլորակային մասշտաբների հանգուցախնդիրներ եւ Հայաստան աշխարհի սրտից վերընձյուղվող, առ Տիեզերք ազգային կոդի մշտարթուն մրմունջը հնչեցնող քամանչան... Բնության, ընդերքի խոր շերտերը լավայի հզորությամբ երեւան հանող եւ այդ ահռելի օվկիանոսում հայկական «դամ»¬ի պես «նվացող» հավերժական հարց. «Ո՞վ ենք... ինչո՞ւ ենք եկել... եւ վե՞րջ» է արդյոք այն, ինչը պարզամտորեն «վերջ» ենք համարում...

Այս եւ բազում այլՙ մարդու հոգին ու միտքը հուզող հարցականների յուրօրինակ պատասխանն է այն, որը կոչվում է Ավետ Տերտերյանի երաժշտություն։

Կոմպոզիտորի ստեղծագործության մեջ կոթողային տեղ են գրավում թիվ 3 (սիմֆոնիկ նվագախմբի, դուդուկի, զուռնայի համար) եւ թիվ 5 (սիմֆոնիկ նվագախմբի եւ քամանչայի համար) սիմֆոնիաները։ Օրերս դրանք լույս տեսան լազերային ձայնասկավառակով (CD)ՙ Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժորը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աշխարհի շատ երկրներում ճանաչված Ջանսուգ Կախիձեն է։ Անվանի դիրիժորը ստեղծագործական փայլուն կենսագրություն ունի. նվագավարել է Բավարիայի ռադիոյի, Լոնդոնի, Պրահայի, Մոսկվայի, Լենինգրադի ֆիլհարմոնիաների, Շոտլանդիայի եւ Ֆրանսիայի «Ազգային», Ֆրանսիայի «Orchestre de Paris» եւ այլ համբավանուն նվագախմբեր։

Միջազգային ասպարեզում ճանաչված լինելով որպես ե՛ւ վիեննական դպրոցի (Հայդն, Բեթհովեն), ե՛ւ ռոմանտիզմի (Բրամս, Բեռլիոզ), ե՛ւ XX դարի (Ռիխարդ Շտրաուս, Մալեր, Պրոկոֆեւ, Շոստակովիչ, Ստրավինսկի, Նոնո եւ այլ) սիմֆոնիզմի խոշորագույն ներկայացուցիչների ինքնատիպ մեկնաբան, Ջանսուգ Կախիձեն մեկ անգամ չէ, որ դիմել է նաեւ Ավետ Տերտերյանի ստեղծագործությանը։ Հիշատակված CD-ն («BEAUX»-ի թողարկմամբ) այդ համագործակցության արժեքավոր պսակն է։

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4