Ֆուտբոլի ՌԴ առաջնության 4-րդ տուրում երկրի չեմպիոն «Սպարտակը» թեեւ առաջինը հասավ հաջողության, սակայն ստիպված էր խաղադաշտը թողնել պարտված։ Հաշիվը 26-րդ րոպեին բացեց Բարանովը։ Ընդմիջումից հետո ընդամենը 3 րոպեում «Լոկոմոտիվը», շնորհիվ Պիմենովի խփած 2 գոլի, հաշվի մեջ առաջ անցավ։ ՌԴ փոխչեմպիոնը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը եւ 10 միավորով հաստատվեց 2-րդ տեղում։ Իսկ աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել ԲԿՄԱ-ն, որը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց։ Ճիշտ է, դինամոյականների նկատմամբ հաղթանակը բանակային ֆուտբոլիստներից շատ ջանքեր պահանջեց։ Առաջատարն արդեն 4-րդ րոպեին գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը։ Վերջինս հանդիպման ընթացքում իրեն լավ դրսեւորեցՙ մի քանի անգամ կանխելով ԲԿՄԱ-ի վտանգավոր գրոհները։ Ընդմիջումից անմիջապես հետո դինամոյական Խիսկին վերականգնեց հավասարակշռությունը։ Մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ ունեցան դարպասը գրավելու լավ հնարավորություններ։ Դա հատկապես վերաբերում է ԲԿՄԱ-ին, որը չկարողացավ իրացնել 11 մ հարվածը։ Այնուամենայնիվ, խաղավերջում բախտը ժպտաց ԲԿՄԱ-ին։ Դենիս Պոպովը հաղթանակ պարգեւեց իր թիմին։
Տուրի մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Սոկոլ»- «Անժի»ՙ 1։0, «Ուրալան»-«Շիննիկ»ՙ 1։1, «Սատուրն»- «Կռիլյա Սովետով»ՙ 3։1, «Ալանիա»- «Ռոստսելմաշ»ՙ 2։1, «Զենիթ»- «Տորպեդո»ՙ 2։2, «Տորպեդո-ԶԻԼ»- «Ռոտոր»ՙ 0։2։