«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2002-03-22 | #54, 2002-03-23 | #55, 2002-03-26


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

Մոնտե Կառլոյի շախմատի մրցաշարի վերջնագծում պայքարը գնալով ավելի է սրվում։ Թեեւ Շիրովին հաջողվեց պահպանել առաջատարի դերը, սակայն 5 շախմատիստներ կրնկակոխ հետապնդում են նրան։ 6-րդ տուրում Շիրովը ոչ-ոքի խաղաց Թոփալովի հետ, այնուհետեւ 1,5 ։0,5 հաշվով պարտության մատնեց Գելֆանդին, իսկ 8-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց Մորոզեւիչի հետ։ 8 տուրից հետո Շիրովի օգտին գրանցված է 11 միավոր։ Նրանից կեսական միավորով հետ են մնում Բարեեւն ու Լեկոն։ Վերջինս շատ հաջող խաղաց հերթական 3 տուրերումՙ վաստակելով 5,5 միավոր։ Հունգարացի գրոսմայստերը միեւնույն 2։0 հաշվով պարտության մատնեց վան Վելիին եւ Պիկետին, իսկ Բարեեւին հաղթեց 1,5։ 0,5 հաշվով։ Ի տարբերություն Լեկոյի, Բարեեւն անհաջող խաղացՙ 3 տուրում վաստակելով ընդամենը 3,5 միավոր։

Առաջատարների շարքում են 10-ական միավոր ունեցող Գելֆանդը, Մորոզեւիչը եւ Իվանչուկը։ Արագ շախմատի կանոններով հանդիպումներում լավագույն արդյունքի են հասել Գելֆանդն ու Բարեեւըՙ 6-ական միավոր, ընդ որում Գելֆանդը միակն է, որ չի պարտվել։ Նրանց հակառակ, վան Վելին 8 պարտիաներում իր օգտին կես միավոր է գրանցել։

«Կույր շախմատի» կանոններով հանդիպումներում ուժեղագույններն են Մորոզեւիչն ու Շիրովըՙ 6,5-ական միավոր, որոնք առայժմ անպարտելի են։ Աղյուսակը եզրափակող Լյուբոեւիչի օգտին գրանցված է մեկ միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4