Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մի քանի օր շարունակ հանրապետության պատանեկան առաջնության պարգեւներն էին վիճարկում բռնցքամարտիկները։ Մրցաշարը նվիրված էր կաշվե ձեռնոցի անվանի վարպետ, մարզաձեւի միակ հայ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, սպորտի վաստակավոր վարպետ, այժմ ԱՄՆ-ում բնակվող Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին։
13 քաշային կարգերում ռինգ էին դուրս եկել Երեւանի եւ հանրապետության այլ մարզերի 110 պատանի բռնցքամարտիկներ։ Մարզաձեւի վաղվա հերթափոխի մրցավեճը մեծ հետաքրքրություն էր առաջացրել թե մարզասերների ու մասնագետների, թե վետերան բռնցքամարտիկների շրջանում։ Հարկ է նշել մրցաշարի բարձր կազմակերպվածությունը. բացի մրցանակակիրների համար պատրաստված մեդալներից, վետերան բռնցքամարտիկների կողմից սահմանվել էին մի շարք հատուկ մրցանակներ, որոնք հանձնվեցին առավել աչքի ընկած մարզիկներին։ Մասնավորապես, պատանի բռնցքամարտիկների դպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանի կողմից սահմանված մրցանակին արժանացավ էջմիածինցի Արթուր Քալանթարյանը (60 կգ)։ Ի դեպ, հենց 60 կգ քաշային կարգում են ժամանակին հանդես եկել Վլադիմիր Ենգիբարյանն ու Սուրեն Ղազարյանը։ Մրցաշարում հատկապես հաջող հանդես եկան երեւանցի բռնցքամարտիկները, որոնցից Արմեն Գրիգորյանը (45 կգ), Էրիկ Սահակյանը (48 կգ), Գաբրիել Տոլմաճյանը (51 կգ), Սուրեն Հովհաննիսյանը (63,5 կգ), Վարդան Գասպարյանը (71 կգ), Արմեն Հովհաննիսյանը (75 կգ) եւ Արա Դեղոյանն (81) արժանացան չեմպիոնի կոչմանը։ Ուժեղագույն ճանաչվեցին նաեւ գյումրեցիներ Էդգար Մանուկյանը (54 կգ) եւ Նարեկ Վարդանյանը (57 կգ), էջմիածինցի Արթուր Քալանթարյանը (60 կգ), վանաձորցիներ Սամվել Մաթեւոսյանն (67 կգ) ու Լեւոն Ֆյոդորովը (91 կգ), գերծանր քաշային Գոռ Դավիդյանը (Արարատ)։
Առաջնության արդյունքները խնդրեցինք ամփոփել բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար, օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի տնօրեն Դերենիկ Գաբրիելյանին.
¬ Անցյալ տարվա համեմատ պատանիների պատրաստվածության մակարդակն ավելի բարձր էր։ Իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին Երեւանի, Գյումրու, Վանաձորի պատանիներըՙ աչքի ընկնելով տեխնիկական լավ պատրաստվածությամբ։ Հատկապես գնահատելի է մարզիչ Էդուարդ Կոստանյանի բեղմնավոր աշխատանքը, որի սաներից 5-ը մտել էին եզրափակիչ։ Բավական շնորհալի բռնցքամարտիկ է ՕՀՀՈՒ-ի սան, էջմիածինցի Արթուր Քալանթարյանը։ Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանն ուշի-ուշով հետեւում էր մենամարտերին եւ, անկասկած, առավել աչքի ընկածները կընդգրկվեն ազգային թիմում, որը երկամյա ընդմիջումից հետո կրկին միջազգային մրցասպարեզ դուրս կգա։ Ապրիլի վերջին-մայիսի սկզբին Հունգարիայում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Կարծում եմ, մինչ առաջնության մեկնարկը հանրապետական սպորտվարչությունը միջոցներ կտրամադրի պատանեկան հավաքականի ուսումնամարզական հավաքի կազմակերպման համար, ինչը կնպաստի մեր մարզիկների հաջող ելույթներին։