Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Երեւանի «Սպարտակն» ու «Բանանցը» Կիպրոսում երկշաբաթյա ուսումնամարզական համատեղ հավաքից հետո վերադարձել են հայրենիք։ Մարզումներին զուգահեռ մեր թիմերն ընկերական 3 հանդիպում են անցկացրել։ «Սպարտակը» բոլոր խաղերն էլ ավարտել է ոչ-ոքի («Կուբան»ՙ 1¬1, «Իրտիշ»ՙ 1¬1, «Ամուր»ՙ 0¬0)։ Այդ խաղերում սպարտակցիներից գոլերի հեղինակներ են դարձել Հայկ եւ Արամ Հակոբյանները։
«Բանանցն» առաջին խաղում 1¬2 հաշվով զիջել է մերձմոսկովյան «Լոբնյա» թիմին։ Գոլի հեղինակն Արմեն Գրիգորյանն է։ Հաջորդ խաղում «Բանանցը» 0¬3 հաշվով պարտվել է Ղազախստանի առաջնության 3-րդ մրցանակակիր «Եսիլիա-Բագատիրյա» թիմից։ Բառնաուլի «Դինամոյի» հետ խաղի առաջին կեսն ավարտվել է հայ ֆուտբոլիստների օգտին (3¬1)։ Երկու գոլ է խփել Տիգրան Ղարաբաղցյանը, մեկ անգամ աչքի է ընկել Արթուր Մինասյանը։ Սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցը վերականգնել է հավասարակշռությունը։
Ընդհանուր առմամբ թիմերի մարզիչներ Հովհաննես Զանազանյանն ու Արմեն Գյուլբուդաղյանցը գոհ են ֆուտբոլիստների մարզավիճակից, նրանց ցուցադրած խաղից։ Շուտով «Սպարտակում» կհայտավորվի նախկին արարատցի Կարեն Բարսեղյանը, «Բանանցում»ՙ «Արարատի» մեկ այլ ֆուտբոլիստ Էմիլ Մեսրոպյանը։
Նշենք, որ «Սպարտակի» կազմում Կիպրոս չէին մեկնել դարպասապահ Հարություն Աբրահամյանը, պաշտպան Արկադի Դոխոյանը։ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Ոսկանյանն առայժմ հանդես կգան «Բանանցում»։ Կոլյա Եփրանոսյանը Մոսկվայում բուժում է վնասվածքը։
Նոր մրցաշրջանում «Սպարտակի» ղեկավարությունը հիմնական շեշտը դնելու է երիտասարդների վրա։ Նրանցից մի քանիսն արդեն ամրապնդվել են հիմնական կազմում։ Կիպրոսյան հավաքի ընթացքում Հայկ Հակոբյանն ու Հայկ Գեւորգյանը «Կուբանի» գլխավոր մարզիչ Օլեգ Դոլմատովից հրավեր են ստացել փորձաշրջան անցնելու թիմում։ «Սպարտակի» ղեկավարության որոշմամբՙ Հայկ Հակոբյանը մեկնել է Կրասնոդար։ Կիպրոսյան թիմերը հետաքրքրվել են Արթուր Ոսկանյանով եւ Արթուր Մինասյանով։ Կիպրոսի առաջնության ավարտից հետո հունիսին նշված ֆուտբոլիստները կմեկնեն փորձաշրջանի։ Հայ մի խումբ ֆուտբոլիստներով հետաքրքրվում է նաեւ Դոնեցկի «Մետալուրգը»։ Իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական ակումբի հետ, որ թիմի 4¬5 ֆուտբոլիստներ պետք է փորձարկվեն «Սպարտակում»։ Այնպես որ, մինչ առաջնության մեկնարկը «Սպարտակը» կարող է համալրվել լեգեոներներով։