Մայրաքաղաքի կառուցապատմանը վերաբերող հարցերից զատ երեկ շրջայցին հաջորդած ճեպազրույցի ընթացքում մեկ հարց եւս ուղղվեց հանրապետության նախագահին.
¬ Ինչպե՞ս եք վերաբերվում հեռուստատեսային հաճախականությունների մրցույթի շուրջ առաջացած աղմուկին եւ այն տեսակետին, որ նախագահի աշխատակազմում է որոշվում մրցույթի հետագա ընթացքը։
¬ Սխալ տեսակետ է։ Եթե նախագահը ցանկանար նման հարցեր լուծել, չէր նախաձեռնի ոլորտը կարգավորող օրենքի ստեղծումը։ Նախկինում հաճախականությունները բաշխվում էին կապի նախարարության կողմիցՙ առանց մրցույթի եւ անհրաժեշտ պայմանների։ Չեմ կարծում, թե ճիշտ կլիներ թողնել այդ իրավիճակը։
Դաշտի կարգավորումը Եվրախորհրդի անդամակցության պահանջներից մեկն էր։ Ստեղծված է անկախ հանձնաժողով, որն օբյեկտիվ չափորոշիչներով որոշումներ է կայացնում։ Ամեն ինչ լինելու է բաց եւ թափանցիկ։ Կան առաջարկներ, որոնք հրապարակվելու են, եւ ոչ մի հանձնաժողով ի վիճակի չի լինի հաճախականություն տրամադրել այն կազմակերպությանը, որի առաջարկը վատը կլինի։ Առաջին քայլը եթե ձախողենք, հետագայում հաջողություն չենք ունենա։ Ոչ մեկի համար բացառություն չի արվի, հաճախականությունները կտրվեն մրցույթով։
Մ. Հ.