Արամ Սարգսյանի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւի երեկ հրավիրած ասուլիսը վերաբերում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով ապացույց համարվող տեսաժապավենի կրկնօրինակի փորձաքննության արդյունքներին։ Այն անցկացրել է Մոսկվայի անկախ փորձաքննության «Վերսիա» բյուրոն, մասնավորապես, ՌԴ ՆԳՆ փորձագետ Ելենա Գալյաշինան։
Փորձաքննության արդյունքում արվել են հետեւյալ եզրակացությունները.
¬ Փորձաքննված տեսաժապավենը վերաձայնագրություն է։ Տարբեր տեսախցիկներով արված տարբեր տեսաշարեր մոնտաժային նկարահանման գործընթացում կարող են միավորված լինել որոշակի կարգով ինչպես բնօրինակի պատրաստման, այնպես էլ վերաձայնագրության ընթացքում։ Կրկնօրինակման ժամանակ հնարավոր մոնտաժը բացառելու համար անհրաժեշտ է հետազոտել բնօրինակը։
¬ Տեսաժապավենում առկա որոշ աղավաղումներ կարող են լինել վերաձայնագրության ժամանակ մուտքագրված փոփոխությունների եւ աղավաղումների հետեւանք։
¬ Տեսաժապավենում կան պատկերի մոնտաժի եւ ձայնային ազդանշանի խեղաթյուրման նշաններ, որոնք կարող են արված լինել ինչպես կրկնօրինակի պատրաստման ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Այս հետազոտության արդյունքներով հավանական է, որ կրկնօրինակը պատրաստված լինի տեսամոնտաժային սարքավորման միջոցով (ամբողջությամբ կամ առանձին հատվածներում, այդ թվումՙ ձայնի եւ պատկերի առանձին ձայնագրմամբ)։
Ընդհանրացնելով փորձաքննության արդյունքներըՙ պրն Յունոշեւը նշեց, թե կարեւոր եզրակացությունն այն է, որ մոնտաժն առկա է։ Ինչ վերաբերում է բնօրինակի փորձաքննությանը, ապա, ըստ Յունոշեւի, միջնորդություն եղել է եւ մերժվել այն հիմնավորմամբ, թե նման հետազոտության ժամանակը չի եկել։ Ընդ որում, տեսաժապավենի բնօրինակի տրամադրումը, ըստ էության, ցայսօր բացառվում է։
Փորձաքննություն անցկացնելու նկատմամբ էլ, ընդհանուր առմամբ, վերաբերմունքը դրական չէ։ Պատճառաբանությունն այն է, որ բնօրինակը կարող է կորչել եւ փորձաքննություններով կձգձգվի դատավարությունը։
Այս փորձաքննությունն ու դրա արդյունքները, որպես փաստաթուղթ, չեն կցվում քր. գործին, քանի որ նման ծառայություն պետք է մատուցի դատարանի նշանակած մասնագետը։
Օլեգ Յունոշեւը նշեց քր. գործի մի քանի հետաքրքրական փաստեր։ Նախ, փորձաքննության անհրաժեշտություն չի եղել ըստ զին. դատախազ Գ. Ջհանգիրյանի։ Հետաքրքիր է նաեւ, որ ըստ տեսաժապավենների առգրավման արձանագրության, որը կազմվել է միայն հոկտեմբերի 31-ին (4 օր անց), նշված է 2 տեսաերիզՙ S-VHS եւ TDK։ Արձանագրության մեջ չի նշված «բնօրինակ» կամ «կրկնօրինակ», չի նշված նաեւ որեւէ բացատրություն, թե ինչու է Տիգրան Նաղդալյանն ուշացրել տեսաերիզների հանձնումը։
Երկար ժամանակ անց, երբ կազմվել է նշված տեսաերիզները ապացույցներին կցելու արձանագրությունը, S-VHS եւ TDK-ն ներկայացվել են որպես TDK (S-VHS տիպի) եւ ավելացել է MAXELL տեսակի տեսաերիզ։ Վերջինս արձանագրվել է որպես կրկնօրինակ։
Ինչո՞ւ են ձգձգվել այս արձանագրումները, ո՞վ եւ ե՞րբ, ո՞ւմ հրամանով է վերաձայնագրել։ Ինչո՞ւ է 51 րոպե տեւողությամբ ձայնագրությունը դարձել 9 րոպե 38 վայրկյան տեսապատկեր։
Եզրափակելովՙ պրն Յունոշեւը նշեց, որ ըստ էության, փորձաքննության արդյունքում ստեղծված փաստաթուղթը լուծել է իր խնդիրը։ Ուստի հնարավոր չի լինի անուշադրության մատնել այս փաստը։ Այժմ զին. դատախազությունը, նոր միջնորդությունից հետո, համաձայնել է տեսաերիզի փորձաքննության, սակայն ե՞րբ, ինչպե՞ս եւ որտե՞ղ կարվի դաՙ հայտնի չէ։
Ինչ վերաբերում է դատավարության նկատմամբ հնարավոր ճնշումներին, ապա այդպիսիք, ըստ Յունոշեւի, առկա են։
Ասուլիսի վերջում Արամ Սարգսյանի շահերի պաշտպանը պարտք համարեց հայտնել նաեւ իր կարծիքը Մուշեղ Սաղաթելյանի եւ Աղամալ Հարությունյանի դատավարությունների մասին։ Նա նշեց, որ որպես իրավաբան ճիշտ չի համարում Մ. Սաղաթելյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը։
ԱՂ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ