ՄՈՍԿՎԱ, 26 ՄԱՐՏԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրասնոդարի երկրամասն այս շաբաթ կընդունի գաղթի մասին իր տարածաշրջանային օրենքըՙ չսպասելով համանման դաշնային օրենքի ընդունմանը, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը։ Դրանից անմիջապես հետո կարելի կլինի ստուգել բոլոր գաղթականներինՙ պարզելու համար Կուբանում նրանց գտնվելու օրինականությունը, իսկ նրանց, ովքեր կճանաչվեն որպես «ընդհատակային», անհապաղ կվտարեն։ Անցած չորեքշաբթի օրը նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի անցկացրած խորհրդակցությունը հավանություն է տվել ավելի արմատական գաղափարների։ Նահանգապետն ինքը խոստացել է գրանցման բացակայության համար տուգանքն ավելացնել մինչեւ 6000 ռուբլի, իսկ պաշտոնյաների եւ կազակական ակտիվիստների թվից նրա համախոհներն առաջարկել են անմիջապես էլ ձեռնամուխ լինել զտման կետերի ստեղծմանը ներքգործշրջբաժիններին կից, ուր կտեղափոխեին «ընդհատակայիններին»ՙ արտաքսելու համար։
Ինչպես գրում է թերթը, ըստ երեւույթին Կրասնոդարի երկրամասի ղեկավարները, որտեղ ամեն հինգ բնակչից մեկը ներգաղթյալ է, այդ կերպ որոշել են եկվորների նկատմամբ կոշտ մոտեցման օրինակ ծառայել Ռուսաստանի մյուս տարածաշրջանների համար։ Դրա հետեւանքով այսօր այնտեղ միանգամայն լրջորեն են քննարկվում այնպիսի «կոնստրուկտիվ» գաղափարներ, ինչպես Հայաստանի հետ անհապաղ բանակցություններ սկսելըՙ տարածաշրջանից հայերին տեղահանելու շուրջ եւ մեսխեթցի թուրքերին արտաքսելու համար դեպի Տաշքենդ վարձովի չվերթներ կազմակերպելը։
Փոխնահանգապետ Լեոնիդ Բակլիցկին այն կարծիքին է, որ Կուբանում թուրքերն զբաղված են առավելապես ոչ թե ստեղծարար աշխատանքով, այլ բնակավայրերից բնիկներին դուրս մղելով եւ հանցավոր խմբակցություններ կազմելով։ Իշխանությունները, գրում է թերթը, ճիշտ այդպես էլ վերաբերվում են նաեւ մյուս ազգային խմբերինՙ հայերին, չեչեններին, քրդերին, եզդիներին, տաջիկներին, գնչուներին։ «Մենք պետք է ջանանք տարածել այն լուրը, որ Կուբանում ներգաղթյալները վատ են ապրում»,- վերջերս հայտարարել է փոխնահանգապետը։ Ալեքսանդր Տկաչովն ինքը պարզաբանում է, որ եկվորների նկատմամբ կոշտ քաղաքականությունն անհրաժեշտ է, որպեսզի Կուբանը չվերածվի ռուսաստանյան Կոսովոյի։ Եվ պնդում է, թե դա հիանալի են հասկանում նաեւ Կրեմլում։ «Նախագահը պաշտպանում է մեր մտադրությունները եւ ինձ հանձնարարել է եռանդուն գործել»,- հայտարարել է նա։