«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2002-03-23 | #55, 2002-03-26 | #56, 2002-03-27


ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ Է

Երեք հիմնահարցեր, որ քաղաքական լուծում են պահանջում

94 համամասնական, 37 մեծամասնական հարաբերակցության սահմանումն այս խորհրդարանի թերեւս ամենակարեւոր ձեռքբերումներից էր, որը, սակայն, ուղեկցվեց քաղաքական կանխակալ հաշվարկների արտահայտությամբ, երբ որոշվեց այս կարգը գործի դնել միայն 2003 թ.-ի ընտրությունների ժամանակ։ 2 տարի առաջ, երբ քննարկվում էր ընտրական օրենսգրքի այս փոփոխության հարցը, ակնհայտ էր, որ խորհրդարանն առաջնորդվում է լուծարման դեմ պայքարելու ռեֆլեքսով։ Չնայած քաղաքական փոխհամաձայնության դրսեւորմանը, այս քայլը խիստ պայթյունավտանգ էր, եթե հանգամանքների բերումով արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջանար։ Թերեւս հենց խորհրդարանի բախտից նման զարգացումներ տեղի չունեցան, այսինքնՙ այսօր կարելի է վստահաբար պնդել, որ ընտրական օրենսգրքում լուծվեց ամենակարեւոր քաղաքական խնդիրը։ Սակայն դա ակնհայտորեն բավարար չէ առաջիկա ընտրությունները «բարձր մակարդակով» անցկացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում էր, թե բացի համամասնություններից, եւս երեք առաջնահերթ չլուծված խնդիրներ կան, որոնք միմիայն քաղաքական կամքի դրսեւորում են պահանջում. ա) բանակի մասնակցության հնարավորությունն ու չափը ընտրություններին. բ) ընտրական հանձնաժողովների ձեւավորման ընթացքում քաղաքական ուժեր-կառավարություն-նախագահ կողմերի համամասնությունների հարցը, գ) ընտրացուցակների ձեւավորման խնդիրները։

Նկատի առնելով, որ արդեն այս տարվա սեպտեմբերին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, խորհրդարանը տենդագին փորձում է քաղաքական լուծումներ տալ առաջադրված խնդիրներին։ Շրջանառության է դրվել ընտրական օրենսգրքում փոփոխությունների մի քանի նախագիծ, որոնք սկզբունքային հարցերում միմյանցից բավականին տարբերվում են։

Խորհրդարանական մեծամասնությանՙ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ տեղեկացրեց, որ խմբակցությունը քննարկել է ներկայացված նախագծերի հետ կապված խնդիրները եւ անհրաժեշտ համարել հորդորել դրանց հեղինակներին փոխզիջումներով ներկայացնել մեկ, համապարփակ նախագիծ, որտեղ արտացոլված կլինեն առաջադրված երեք հիմնահարցերի լուծումները։ Որքանո՞վ է դա հնարավոր, այժմ մնում է հիմնական հարցը։

Խնդիրն այն է, որ նախագծերի հեղինակներն, ի թիվս մյուս հարցերի, վերստին բարձրացնում են խորհրդարանում տեղերի հարաբերակցության խնդիրը։ Ըստ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի, եթե «Օրինաց երկիր»-ի ներկայացրած նախագծով էապես ավելացվում է համամասնական տեղերի թիվը, «Ժողպատգամավոր» խմբի նախագծով առաջարկվում է վերադառնալ մեծամասնական տեղերի ավելացմանը։ Չնայած դրան, խորհրդարանական ուժերը համոզված են, որ քննարկումների արդյունքում կպահպանվի ձեռք բերված 94/37 համամասնությունը։ Այսինքնՙ ինքնին պարզ է դառնում, որ հարցի վերստին սրումն ավելորդ քաշքշուկների տեղիք է տալու։

Ինչ վերաբերում է ընտրություններին բանակի մասնակցությանը, խորհրդարանում կարծես մեկ մոտեցում է որդեգրվումՙ առկախել բոլոր ընտրություններին զինված ուժերի մասնակցելու իրավունքը։ «Միասնություն» խմբակցության ղեկավարն այդ մոտեցումը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մենք գտնում ենք, որ խորհրդարանական մեծամասնական տեղերի ընտրություններին բանակի մասնակցությունն արդարացված չէ, իսկ համամասնականի դեպքում նրա մասնակցությունը պարտադիր է»։ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն ավելացրեց, թե զորքի մասնակցությունը պետք է բացառել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Բոլոր դեպքերում երկու հարց այս առումով դեռեւս հստակեցված չէ։ Հայտնի է, որ բանակի մասնակցության հարցը սրվում է հատկապես նախագահական ընտրություններին, որոնց ժամանակ այս կատեգորիայի ընտրողների ձայնը պարզապես որոշիչ է լինում։ Որքանով է հնարավոր բանակը զերծ պահել իշխանությունների ազդեցությունից, պատասխան չի գտնում։ Մյուս խնդիրն առնչվում է մարդու ընտրության իրավունքի սկզբունքի պահպանմանը։ Զուտ իրավական տեսանկյունից ցանկացած քաղաքացու, այդ թվում եւ զինվորների ընտրելու իրավունքի թեկուզ ժամանակավոր առկախումը բախվում է այդ սկզբունքին։ Այնուհանդերձ միջազգային պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ ընտրության իրավունքից բանակն ընդհանրապես զրկված է։

Նվազ կարեւորություն չունեցող մյուս հիմնահարցիՙ ընտրական հանձնաժողովի ձեւավորման համամասնությունների հստակեցման անհրաժեշտությունը բացատրվում է ընտրությունների արդյունքների վրա վարչական ազդեցության հնարավորին նվազեցմամբ։ Առանձին քաղաքական ուժերը հատկապես հանձնաժողովներում կառավարության տեղերի հարցում տարբեր տեսակետներ են հնչեցնում։ Ըստ դրանցից մեկիՙ այդ տեղերը պետք է բաժանեն գործադիրի եւ նախագահի միջեւ։ Մյուս կարծիքն այն է, որ խորհրդարանական խմբակցությունները ԿԸՀ-ում ունենան մեկական ներկայացուցիչ, իսկ գործադիրի մասըՙ մեկով պակաս եւ նշանակի ամբողջությամբ հանրապետության նախագահը։

Ինչ վերաբերում է ընտրական ցուցակներ կազմելուն, Արմեն Ռուստամյանի կարծիքով. «Դրանք վերաբերում են կազմման կարգի հարցինՙ բացառելու անճշտությունները եւ բացթողումները եւ ցուցակները շտկելու, փոխելու գործընթացներում բացերը շտկելու համար։ Պատրաստ ենք ընդունելու բոլոր առաջարկները, որոնք կկարգավորեն այս ոլորտը»։

Պարզաբանումից ակնհայտ է դառնում, որ այս հիմնահարցի կարգավորման հիմնական մեխանիզմները մշակված չեն, չնայած հրատապությանը։

Խորհրդարանում հակված են կարծելու, թե մինչեւ սեպտեմբեր ընտրական օրենսգիրքը հնարավոր կլինի բարեփոխել։ Սակայն նախընտրական շրջանին հատուկ երեւույթները եւ շրջանառության մեջ գտնվող առանցքային մի քանի օրենքների նախագծերը քիչ հավանական են դարձնում բարեփոխումների ամբողջական իրագործումը։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4