Ես ընդունում եմ «Ազգ»-ի մտահոգությունըՙ մեր հայացքն ուղղել դեպի Ջավախք, մեր մտորումների մեջ մշտապես ունենալով այն անհանգստությունը, որ նախ այնտեղ մեր հայրենակիցներն են ապրում եւ ապաՙ մեր ցամաքային (եւ ոչ միայն) հաղորդակցության միակ ճանապարհն անցնում է այդ երկրի տարածքով։ Մերուժան Տեր¬Գուլանյանի իրապես մեծ տագնապը («Ազգ», 21.03.2002 թ.) համախոհների կարիք ունիՙ այս պարագայում ավելի շատ գործնական միջամտությամբ, խաղաղարար տրամադրությամբ։ Այլ կերպ մենք նման կլինենք այն վատ հարեւանին, որը մտնելով ուրիշի տունՙ որդիների եւ հոր միջեւ կռիվ է գցում ու հեռանում։ Էլ նրա պետքը չէ, թե իրար հետ ապրող հոր ու որդիների հարաբերություններն ի՞նչ հարթության վրա կմնան։ Արդյոք Վահան Հովհաննիսյանի վարմունքն էլ նման չէ՞ սրան, որ «ճակատ» բառով էր բնութագրում Վրաստանի հետ մեր սահմանը։ Եթե նման վերաբերմունք արտահայտեին, ասենք, Պեպոյի արձանի մոտ հավաքված անգործ զրուցողները, հոգ չէր։ Բայց երբ այդ պատասխանատու խոսքերն ասում է ԱԺ հանձնաժողովի նախագահը, միայն զարմանքը քիչ է թվում արդեն։ Հին ընկերների կարգախոսն, ի՞նչ է, միայն նախընտրակա՞ն էր։ Այնինչ հենց առաջինը ԱԺ-ն պետք է սատար կանգնի Ջավախքի հայությանը։ Միայն Վիկտոր Դալլաքյանի մտահոգությունը քիչ է։ Չնայած, քիչ չի լինի, եթե գոնե լսեն իրեն, աջակցեն։ Գալուստ Սահակյանը կարող է ասել, թեՙ մենք իշխանամետ չենք, մենք իշխանության մեջ ենք։ Դե որ իշխանության մեջ եք, ձեզ ի՞նչն էր խանգարում, որ մի օր նստեիք ու մտածեիք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Աշոցք-Ախալքալաքի նորակառույց ճանապարհը միայն մի ձմեռ դիմացավ։ Վրացին մեղք ունի՞, որ հայը հայից գողանում է եւ բնավ չի մտահոգվում իր հայրենակցի ելումուտն ապահովող մի նորմալ ճանապարհ կառուցել։ Ո՞վ պատժվեց, ո՞ւմ ստիպեցին գնալ ու վերակառուցել իրենց այդ խլամը։ Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ը պիտի գործեր, որ ծառ կտրողին ստիպեին նոր ծառ տնկել եւ մինչեւ այդ նոր ծառի բերք տալըՙ իր ծառի բերքից հատուցեր տուժողին։ Սպասենք այնքան, որ այդ քանդված ճանապարհով երթուղային «գծեր» ունենալու հնարավորությո՞ւն բացվի, որ նոր միայն ԱԺ «գծատեր» այրերը նաեւ այդ ուղղության վրա աչք սեւեռեն։
Եվ մեկ այլ մտահոգություն, որ կապված է այդ ճանապարհի հետՙ մաքսատան աշխատողների վերաբերմունքը մեր հայրենակիցների հանդեպ։ Այդ ճանապարհով անցած ցանկացած մեկին հարցրեք հայ մաքսավորների մասին, նրանք միանշանակ կպատասխանենՙ Աստված էլ բեթարից ազատի։ Հետո էլ անպայման կավելացնենՙ ամոթ է անգամ, որ վրացիների պոստից ավելի հեշտ ենք անցնում, քան մերոնց։ Այդ «մերոնք» էին, որ Հռոմի պապի այցի օրերին Ախալցխայի հայաբնակ գյուղերից իրենց հոգեւոր հայրերի հետ Երեւան եկողներից շորթեցին 600 դոլարՙ զարմանալի մի պատճառաբանությամբ, թե վարձակալված ավտոբուսները վրացական են։ Հետաքրքիր է, եթե այդ մարդիկ Վրաստանում են ապրում, էդ ո՞ր երկրի ավտոբուսները պիտի վարձակալեին։ Ծիծաղելի կլինի մտածել, թե այդ 600 դոլարից թեկուզ մեկ ցենտ մուտքագրվեց Հայաստանի պետբյուջե։
Ի՞նչ անուն տալ սրան։ Հիմա չմտածե՞նք, որ նաեւ նման դրամաշորթների պատճառով են հայաբնակ այդ վայրերը օտարվում մեզանից։ ԱԺ-ում բանավեճերն անլուրջ համարող եւ անմիջապես դրանց քամահրանքով արձագանքող «գծատերերն» ինչո՞ւ չարձագանքեցին մամուլում տպագրված այս փաստին։ Ինչո՞ւ այդպես անհաղորդ են, չէ՞ որ այդ մարդկանց ճակատագրով հետաքրքրվելը պիտի նշանակի եւ դրացու, իմաՙ վրացիների հետ հաշտ ու խաղաղ ապրել, եւ արտերկրներ տանող մեր ճանապարհներն ապահով պահել։
Եվ վերջում Մովսես Խորենացու մտահոգությունը վկայեմ. «Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար»։
Որեւէ բան ավելացնելու կարիք կա՞։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ